Հունիսի 5-ին Ռիգայում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, լատվիականը՝ ԱԳՆ պետքարտուղարի տեղակալ Անջեյս Վիլումսոնսը։
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է հայ-լատվիական երկկողմ փոխգործակցության լայն շրջանակ։
Անդրադարձ է կատարվել տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին, ինչպես նաև առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացմանն ուղղված գործնական քայլերին։ Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Ընդգծվել է միջազգային կազմակերպություններում հայ-լատվիական համագործակցության զարգացման կարևորությունը։
Հանդիպմանը Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումները։ Այդ համատեքստում ընդգծվել է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման կարևորությունը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ նոր ոտնձգություններին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցին: Նախարարի տեղակալը շեշտել է ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը և հայկական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ ջանքեր գործադրելու կարևորությունը։
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ