Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյո՞ք խուզած ոչխար են նվիրելու խուզի փառատոնի մրցանակակիրներին․ անակնկալները շատ են

Հունիս 06,2023 14:35 Share

Երեք տարվա ընդմիջումից հետո` Սյունիքում հունիսի 10-ին կկայանա «Ոչխարների խուզման փառատոն»-ը, որը վերջին տարիներին ընդհատվել էր համավարակի ու պատերազմի պատճառով։ «Փառատոնի նպատակը կոմերցիոն չէ, այլ Սյունիքի զարգացումն ու զբոսաշրջության խթանումն է, ճանաչելի դարձնել տեղական արտադրանքը, մշակույթը, ավանդույթները»,-թեմային առնչվող ասուլիսում նշեց փառատոնի համակարգող Ալլա Ղազարյանը։ Նախորդ փառատոնին Սյունիք էր այցելել 4000 զբոսաշրջիկ, որի 30-40 տոկոսը օտարերկրացիներ էին։ «Այսինքն` նրանք առնվազն մեկ օր մնացին Սյունիքում, նպաստելով հյուրատների եկամուտների ապահովմանը»,-նշեց տիկին Ղազարյանն՝ ակնկալելով, որ այս տարի մասնակիցների թիվը կգերազանցի 4000-ը։

Փառատոնի աշխարհագրությունը մեծացել է՝ կմասնակցեն 12 խուզող Հայաստանի տարբեր մարզերից, որոնք պիտի արագ ու հմտորեն, առանց կենդանուն վնասելու խուզեն ոչխարները։ Երեք մրցանակային տեղ է նախատեսված, ու իհարկե՝ ինչպես կատակեցին՝ խուզած ոչխարները չեն նվիրելու։ Մրցանակակիրները կստանան գործիքների հավաքածու, որը անհրաժեշտ է իրենց աշխատանքում։

Փառատոնի հանրային կապերի պատասխանատու Աննա Պողոսյանը նշեց, որ բավականին աշխատանք են արել մայրաքաղաքում այս օրերին գտնվող զբոսաշրջիկներին տեղեկացնելու եւ ուղղորդելու համար։ «Տարբեր լեզուներով տեղեկատվական թերթիկներ ենք տպագրել ու տվել հյուրանոցներին, ակտիվ ենք սոցցանցերում․ հույս ունենք, որ մասնակիցների մեծ թիվ կունենանք»,-նշեց նա։

Կազմակերպիչները, թերեւս փառատոնի հետաքրքրությունը կարեւորելով՝ չներկայացրին բոլոր անակնկալները։ Ազգային խոհանոց, ցուցահանդես-վաճառք, «Լավ էլի» բրենդի համերգ, իսկ անակնկալների մեծ մասը հենց տեղում կլինի։ Այս տարի առաջին անգամ կգործի մանկական անկյուն, որտեղ ծնողները կարող են թողնել իրենց երեխաներին ու ակտիվ ինտեգրվել փառատոնի շրջանակում կազմակերպվող միջոցառումներին։

Փառատոնն այս տարի անցկացվում է էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ՝ «Դը Ռանչ» ՍՊԸ-ի ու «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ համատեղ։ Կոմիտեի հանրային կապերի պատասխանատու Աննա Մարգարյանը նշեց, որ կոմիտենն համագործակցում է միջազգային պարբերականների հետ ու փառատոնի մասին արդեն տեղեկացրել են։ «Նման փառատոնները բացահայտում են Հայաստանը բոլոր կողմերից, ուստի կոմիտեն ամեն ինչ անում է, որպեսզի այն ներկայանալի լինի»,-նշեց կոմիտեի ներկայացուցիչը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Լուսանկարը` Հրանտ Սահակյանի, Իմ Հայաստան ծրագրի համար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930