Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ինչպես iPhone-ը մտավ կյանք, այնպես էլ թվայնացման ծրագրերը շատ ծնողներ միգուցե չգիտեն, բայց կամաց-կամաց սովորում են, հիմա նորից հետ չենք գնալու». Խաչատուր Սուքիասյան

Հուլիս 03,2023 19:30

ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանն այսօր ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում ասաց, որ ստեղծվել է թվայնացման խորհուրդ, որը համակարգում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ասաց, որ 2021-ին ռազմավարություն է գրվել, բայց մինչ այսօր պատրաստի ոչ մի բան չկա. «Այսօր կա «Մալբրի» համակարգը, գործում է, դուք պատրաստի ոչինչ չունեք: Ուզում եք ծրագիր ստեղծել, հնարավոր չի՞ կտոր-կտոր բերել, հետո մի հարթակի վրա հավաքել: Կան պատրաստի ծրագրեր արտերկրում, դրանք ունեն որակ, արժեք, իրենց դրսեւորել են, այդ հարցին ո՞նց եք նայում: Գաղտնիության հետ կապված` քաղաքացիների տեղեկությունները ո՞նց կարող են ավելի վստահելի լինել սերվերներում: Եվ հետո այդ դանդաղությունը մեզ ի՞նչ վնասների կբերի: Մինչեւ անգամ տեսլականը չկա ամբողջական, թե ինչպիսին պետք է լինի նույնականացումը, ամբողջական ծրագիրը»:

Սուքիասյանը կարեւորեց, որ աշխատանք տանեն պետական գերատեսչությունների հետ, հիմիկվանից պատրաստեն նոր համակարգին, տեղեկացնեն, որ այսքան տեսախցիկներ են պետք եւ այլն:

ՔՊ պատգամավոր Միքայել Թումասյանը նշեց. «Երեւանում հավելյալ տեսախցիկներ տեղադրելը ոչ միայն տրանսպորտի անվտանգ կառավարման համար է պետք, այլ նաեւ՝ քաղաքացիների ու պետք է տեղադրել ոչ միայն խաչմերուկներին»: Նա ասաց, որ առաջարկել է Երեւանի քաղաքապետարանին, որ Երեւանի բակերում՝ մուտքերի ու ելքերի մոտ տեսախցիկներ դնեն. «Դա զգալիորեն կնվազեցնի թե՛ հանցագործությունների քանակը, թե՛ շատ ավելի անվտանգ կսարքի բակերը, անվտանգ միջավայր կստեղծի զբոսաշրջիկների ու մեր քաղաքացիների համար, գողությունների քանակը կնվազեցվի: Բայց խնդրի բախվեցինք՝ ոստիկանությունը չգիտեր, թե ձայնագրող սերվերները ոստիկանությունո՞ւմ պետք է լինեն, թե՞ վարչական շրջանների շենքերում: Դրանով այդ հարցը փակվեց: Իսկ «Մալբրի» ծրագրի մասով հասկացա, որ այն հնացած ծրագիր է, բայց եկեք չմոռանանք, որ մինչեւ 2022-ը Երեւանի քաղաքապետարանը իր բոլոր գերատեսչություններով նույնիսկ «Մալբրի» չուներ, «ԷԼՓԱՍ»-ով էին աշխատում, որը շատ ավելի հնացած ծրագիր էր: Արդյոք տեղեկություններ ունե՞նք, թե մեր մնացած համայնքները ինչ ծրագրով են աշխատում, միգուցե դեռ «ԷԼՓԱՍ»-ով են աշխատում ու մինչեւ իրենք տեղափոխվեն «Մալբրի», գուցե էլ կարիքը չլինի տեղափոխվելու»:

Թումասյանը հարցրեց՝ ինչի՞ համար ենք թվայնացում անում, որովհետեւ աշխարհը գնում է դրան, մենք չե՞նք ուզում հետ մնանք, թե՞ սա անում ենք՝ մարդկանց կյանքը ավելի հեշտացնելու, հարմարավետ դարձնելու համար. «ՃՈ-ում հերթագրումներով են, մարդիկ օնլայն հերթագրվում են, պոլիկլինիկաների այյցելուներն են հերթագրվում, դպրոցների երեխաների հաճախելու հարցերը եւ այլն: Մենք մոնիտորինգ արե՞լ ենք, թե թվայնացման գործընթացներից որո՞նք են հեշտացրել մարդկանց կյանքը, կա՞ն բաներ, որ դժվարացրել են: Ես մի օրինակ կարող եմ բերել, որ իրոք մարդկանց կյանքը դժվարացել է: Պետպատվերի շահառուների տվյալները թվայնացվել են, պետք է ինչ-որ հարթակ մտնի մարդկանց տվյալները, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ գնան, ինչ-որ ծառայություն ստանան եւ մի քանի ամսով հետաձգվել է ծառայություն մատուցելը»:

Թումասյանի հարցին պատասխանեց Խաչատուր Սուքիասյանը. «Ինչպես iPhone-ը մտավ կյանք, մարդիկ սկսեցին iPhone-ի հետ առնչվել, այնպես էլ այդ ծրագրերը թվայնացված որ կան, շատ ծնողներ միգուցե չգիտեն, բայց կամաց-կամաց սովորում են, մեկից հարցնում են, բայց ապագան դրանն է: Հիմա մենք ի՞նչ ենք գործընկերներից ուզում, ինչքան կարող են, պետք է ավելի ժամանակակից գործիքներ կիրառեն, հետն էլ հասարակությունը պետք է կրթվի, հիմա նորից հետ չենք գնալու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31