Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե տեսնենք շատ են հարստացել, նշանակում է՝ մեր հարկային համակարգն այդտեղ խեղաթյուրված է». ֆինանսների նախարար

Հուլիս 07,2023 17:52 Share

Այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց 2023 թվականի պետական բյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքը:

Գեւորգ Պապոյան

Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը հարցրեց՝ հարկերն ավելի դանդաղ են հավաքագրվել, քան տնտեսական աճը, ո՞րն է պատճառը, գուցե պետք է շրջանառության հարկի համակարգն օրենսդրորեն բարեփոխել, որովհետեւ, երբ թվերին նայում են, տպավորություն կա, որ ստվերը շրջանառության հարկ վճարողների շրջանում է. «Կարող է` ես սխալվում եմ, բայց տպավորություն կա, որ փոքրերի մոտ կարող է ավելի շատ է ստվերը»:

Ռուստամ Բադասյան

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը պատասխանեց, որ 176 մլրդ դրամով ավելի հարկ է հավաքագրվել, 24.4 տոկոս գերակատարում ունեն: Պետք է նկատել, որ օրենսդրական փոփոխություն է այս ընթացքում կատարվել եւ հանվել է մետաղի տուրքը, հետեւաբար դա ազդել է հավաքագրված հարկերի վրա:

Ինչ վերաբերում է շրջանառության հարկին, նա ասաց, որ անցյալ տարի առաջին եռամսյակում 18.2 մլրդ է եղել շրջհարկը, այս տարի՝ 24,3 մլրդ, այսինքն, աճ կա. «Ընդհանուր առմամբ խուսափելու անհատական չա՞փը նկատի ունեք: Ընդհանուր հարկման համակարգի ստվերը կրճատելը շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան այդ սեգմենտում: Եթե այդտեղ մենք 100% կարգապահություն ունենանք, իր ֆիսկալ էֆեկտը այնքան մեծ չի լինելու, որ այս թվերը փոխվեն: Օրինակ, ընդհանուր հարկման համակարգում ՀԴՄ-ի մասով ռիսկերը չեզոքացված են, ռիսկ չկա, բայց հիմա մենք արձանագրում ենք, որ կա ընդհանուր հարկման համակարգում աշխատող տնտեսվարող, որոնք ՀԴՄ չեն տրամադրում եւ ունենք ներմուծող-վաճառող շղթայում տնտեսվարողներ, որոնք գնային խախտում ունեն: Հարկային մարմինը արձանագրում է մի տվյալ, որ այդ ապրանքն արժե 5000 դրամ, բայց մենք հսկիչ գնման արդյունքում տեսնում ենք, որ 7500 դրամ է: Մեր հսկիչ գները ուղղված են կոնկրետ նպատակի ապահովմանը»:

Վահե Հովհաննիսյան

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն էլ ասաց, որ երբ խոսում են շրջհարկի համակարգում ստվերի մասին, նախ պետք է նայեն՝ շրջհարկով աշխատողները շատ հարստանո՞ւմ են, թե՞ չէ. «Եթե տեսնենք հարստացել են շատ, նշանակում է մեր հարկային համակարգն այդտեղ խեղաթյուրված է, բայց ես անձամբ չեմ նկատում նման միտում: Շրջհարկով աշխատում են փոքր արտադրողները, փոքր կրպակները: Մենք պլանավորում ենք շրջհարկի համակարգում փոփոխություններ իրականացնենք, որպեսզի քիչ գրավիչ դարձնենք: Այն զսպող դեր ունի տնտեսվարողի համար, կարող է այդ համակարգից դուրս գալով՝ շատ ավելի մեծ հնարավորություններ ունենա: Հանդես ենք գալու առաջարկություններով, որով կփորձենք փաստաթղթավորման ու հաշվառման առումով բարելավել այս համակարգը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31