Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք պլանավորում ենք ունենալ բյուջետային աջակցության վարկեր, որովհետեւ մենք ունենք ընթացիկ բարեփոխումների օրակարգ». Ֆինանսների նախարար

Հուլիս 07,2023 15:04

Այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրեց 2023 թվականի պետական բյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքը: Նա նշեց, որ դեպի ՌԴ ապրանքների արտահանման աճ է եղել 348%, 70%-ով էլ ավելացել է հայկական ապրանքների արտահանումը: 215 հազար զբոսաշրջիկ է եկել Հայաստան՝ ՌԴ-ն չհաշված: Կապիտալ ծախսերը թերակատարել են, ավելացել են ընթացիկ ծախսերը: Հարկային եկամուտների առումով ավելացել են սոցվճարները, շրջանառության հարկն ու ակցիզային հարկը:

Ներքին պարտքը հասել է 44%-ի, արտաքին վարկերը նվազել են 43%-ի:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարցրեց՝ արտաքին պարտքի մեծացում կա 92.3 մլն-ի, նախ դա ինչի՞ վրա է ծախսվելու եւ տվյալները չե՞ն հակասում: Նախարարը պատասխանեց, որ այդ վարկային միջոցների ներգրավումը երկրորդ եռամսյակին է վերաբերում, ոչ թե առաջին եւ վարկ են վերցնում՝ բարեփոխում իրականացնելու համար: Խաչատրյանն արձագանքեց. «Այդ բարեփոխումը կարող եք առանց պարտքի էլ իրականացնել, հասկանո՞ւմ եք, ասում եք՝ պրոֆիցիտով ենք աշխատում, հարկային եկամուտները շատ մեծ են, երբեք այսքան շատ չեն եղել, այդ նույն թանկարժեք էքսպերտին կարող եք պետական միջոցներով ներգրավել՝ առանց վարկ վերցնելու»:

Վահե Հովհաննիսյանը պատասխանեց. «Մենք պլանավորում ենք ունենալ բյուջետային աջակցության վարկեր, որովհետեւ մենք ունենք ընթացիկ բարեփոխումների օրակարգ եւ ցանկություն ունենք դա իրականացնել մեր միջազգային գործընկերների հետ միասին, որովհետեւ իրենք տրամադրում են աջակցություն: Իսկ թե ինչի վրա է ծախսվում այդ գումարը, դուք շատ լավ գիտեք, որ դա եթե բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորելու համար է, իրենց վրա կպցրած չի, թե ինչի վրա պետք է ծախսվի»:

Ըստ զեկույցի, ավանդների աճ կա, Արթուր Խաչատրյանը հարցրեց՝ ավանդատուները իրավաբանակա՞ն անձինք են, թե՞ ֆիզիկական ու ինչո՞ւ են նախընտրում ավանդ դնել, անգամ ընթացիկ հաշիվների վրա թողնել գումարը ու ոչ թե պետական պարտատոմսեր գնել, որի տոկոսն ավելի բարձր է: Նախարարը պատասխանեց, որ երբ պետական խնայողական պարտատոմսերի տոկոսը բարձր է, գրավիչ է, բայց դրա գրավչությունն ընկնում է, երբ տոկոսն իջնում է: Բացի այդ, ավանդի դեպքում, եթե փողը պետք է, կարող է կանգնեցնել ու իր փողը վերցնել, խնայողական պարտատոմսերի դեպքում այդ հնարավորությունը չկա:

Կառավարությունը արձանագրել է, որ պարենային ապրանքների գները նվազում են: Արթուր Խաչատրյանը հարցրեց՝ ներմուծվո՞ղ ապրանքներն են էժանացել, թե՞ տեղական: Ներմուծվող ապրանքներից գնանկում է արձանագրվել ձեթի, շաքարավազի, ընդհանրապես յուղեր-ճարպեր խմբի ապրանքատեսակների դեպքում՝ նաեւ փոխարժեքի ազդեցությամբ: Ներքին ապրանքներից սեզոնային միրգ-բանջարեղենի դեպքում է գնանկում եղել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31