«Ինչ վերաբերում է նախագահ Հարությունյանի հուլիսի 17-ի ուղերձում նշված «կոշտ միջոցներին», ապա վաղաժամ եմ համարում փակագծեր բացելը: Նախագահի նշած մեկշաբաթյա ժամկետը դեռ չի լրացել». Aravot.am-ին այսպես է պատասխանել Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:

Լուսինե Ավանեսյանից հետաքրքրվել էինք ի՞նչ կոշտ գործողությունների մասին է խոսքը եւ խնդրել էինք որոշ մանրամասներ ներկայացնել: Սակայն տիկին Ավանեսյանը՝ չի մանրամասնել՝ պատճառաբանելով, որ նշյալ ժամկետը չի լրացել եւ վաղ է փակագծերը բացելու համար:
Ի դեպ, Արայիկ Հարությունյանի՝ նստացույցին միանալու քայլը միանշանակ չընկալվեց, շատ քննադատություններ հնչեցին, որ այդպիսով Արայիկ Հարությունյանը նմանվեց հուսահատ քաղաքացու եւ, ըստ էության, այդ քայլի արդյունքում Արցախի պետական ապարատը անգործության մատնվեց:
Կարդացեք նաև
Արցախի նախագահի խոսնակի պարզաբանման համաձայն, Արցախի հանրապետության նախագահը հուլիսի 17-ի իր ուղերձում նշել է, որ նստացույցը «որևէ կերպ էականորեն չի ազդելու պետական կառավարման համակարգի գործունեության վրա, և բոլոր մարմիններն ու պաշտոնյաները շարունակելու են իմ գլխավորությամբ կատարել իրենց ծառայողական պարտականությունները»:
«Այսօր Արցախի հանրապետության իշխանության բոլոր ճյուղերը շարունակում են աշխատել՝ երբեմն ստիպված լինելով նաև հրատապ որոշումներ կայացնել և իրագործել: Ադրբեջանի հանցավոր գործողությունների հետևանքով խորացող ճգնաժամը զգացվում է բոլոր բնագավառներում՝ պատասխանատուներից պահանջելով նոր մոտեցումներ՝ առօրյա խնդիրները լուծելու և կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակներին հասնելու համար:
Հանրապետության նախագահի նստացույցը, լինելով Արցախի խնդիրներին միջազգային հանրության ուշադրությունը սևեռելու միջոցներից մեկը, չի կարող խաթարել պետական ապարատի աշխատանքը: Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտում է: Նախագահը անխափան կապի մեջ է բոլոր պետական կառույցների, տեղական իշխանության մարմինների հետ, որոնք շարունակում են կատարել իրենց գործառույթները բնակչության կենսաապահովման խնդիրները լուծելու և ներքին ու արտաքին կայունությունն ու անվտանգությունը ապահովելու պարտականությունները»,- պարզաբանել է Լուսինե Ավանեսյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ. Գ. Ի դեպ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր հայտարարել է. «Ինչո՞ւ են բետոնապատնեշներ տեղադրել Աղդամ-Ասկերան ճանապարհին։ Ինչո՞ւ պիտի մթերքը հասցվի այլ երկրից, չէ՞ որ Ղարաբաղը Ադրբեջան է, չէ՞ որ բոլորը դա ճանաչում են։ Ո՞վ է ասում, որ դա այդպես չէ, ոչ ոք։ Հետևաբար ինչո՞ւ պիտի բեռները այլ երկրից մատակարարվեն… Վրաններում նստելով` ինչ-որ մեկի դեմ բողոքը անեկդոտ է, հումորային շոու»:


















































