Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի կառավարությունը պետք է հայտարարի, որ Արցախը չի ճանաչում Ադրբեջանի մաս եւ դրանով կազմաքանդի այս գործընթացը»,- Նարեկ Այվազյան

Օգոստոս 07,2023 21:59

«Բացում» քաղաքացիական նախաձեռնությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ շարունակում է հավաքագրել սնունդ եւ առաջին անհրաժեշտության պարագաներ՝ Արցախ ուղարկելու նպատակով։ Նախաձեռնության համակարգող Նարեկ Այվազյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ Արցախի բնակիչներից փաստեր են հավաքագրել ու փոխանցել ՄԱԿ-ի գրասենյակին։

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթի հետ հանդիպման ժամանակ նախաձեռնության անդամները համագործակցության եզրեր են փնտրել։ «Նա կառուցողական էր տրամադրված, փորձեցինք այդ հնարավորությունն օգտագործել ու Արցախի քաղաքացիներից հավաքել փաստական տեղեկություններ ու փոխանցել իրենց, իրենք էլ՝ գլխամաս։ Եվ կարծում ենք, որ դա ունեցավ իր ազդեցությունը, դրանից հետո հայտարարություն տարածեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը։ Դրան հետեւեց այստեղի ներկայացուցիչների մեկնումը դեպի Հակարիի կամուրջ, որտեղ դիտարկում իրականացրեցին։ Այս պահին դեռ մեծ փոփոխություն տեղի չի ունեցել, իսկ մենք նոր փաստեր ու տեսանյութեր ենք հավաքել Արցախից, որոնք դարձյալ պատրաստվում ենք ՄԱԿ-ի գրասենյակի միջոցով փոխանցել Նյու Յորքի գլխամասին՝ հուսալով, որ այդ փաստական տվյալներն իրենց համար վճռորոշ դեր կխաղան, դա իրենց քաղաքական որոշման վրա այնքան կազդի, որ հումանիտար բեռներն Արցախ տեղափոխելը կդառնա հրամայական, ոչ թե կոչերով ու դիտարկումներով կսահմանափակվեն»,- ասաց Նարեկ Այվազյանը։

Նրա խոսքով՝ Արցախի բնակիչները, մասնավորապես, խանութների դատարկ լինելու, սննդի բացակայության վերաբերյալ փաստեր են տրամադրում «Բացում» նախաձեռնությանը։ «Հացի հերթերի մասին տեղեկություններ են ուղարկում, հաց կա, բայց շատ քիչ է, մարդիկ սովի են մատնվում։ Նաեւ որոշակի տեղեկատվություն ունենք, որ առկա ապրանքներն էլ շատ-շատ թանկացել են։ Այդ թանկացումը նկատվում էր դեռեւս նախքան Արցախի ամբողջական շրջափակումը»,- հավելեց մեր զրուցակիցը։

Ըստ Նարեկ Այվազյանի՝ հողի վրա պայմանավորված կողմերը՝ Հայաստանը, Ռուսաստանն ու Ադրբեջանն ի վիճակի չեն Արցախի շրջափակման խնդիրը լուծել կամ դիտավորություն են ցուցաբերում այս հարցում։ «Հետեւաբար պետք է ավելի բարձր ատյանի դիմենք, եւ ՄԱԿ-ին դիմեցինք, որովհետեւ ՄԱԿ-ն ունի առաքելություններ, որոնք չեն իրականացվում Արցախի դեպքում։ Այդ առաքելությունները վերաբերում են աշխարհի մարդկությանը, բայց Արցախի մասով չեն իրականացվում, հետեւաբար, իրենց ենք դիմում։ ՄԱԿ-ն ունի այդ ուժը, որ նույնիսկ Ադրբեջանի կարծիքը հաշվի չառնելով՝ ներխուժեն Արցախ եւ այնտեղ տանեն հումանիտար բեռներ։ Այդ մասին անգամ պարոն Նիլսը մեզ հուշեց, բայց դրա համար պետք են անհերքելի ու փաստական տվյալներ, որպեսզի ադրբեջանական կողմը չկարողանա հերքել։ Եվ նաեւ պետք է քաղաքական որոշում, որ հումանիտար բեռները տեղափոխեն։ Հիմա մենք ձգտում ենք սա իրականացնել»,- ասաց Այվազյանը։

Անդրադառնալով Հայաստանի կառավարության անելիքներին՝ նա ասաց․ «Քանի որ այս քաղաքական գործընթացները որոշակի դերակատարների հետ պայմանավորվածությունների արդյունք են, այդ պայմանավորվածությունները կազմաքանդելու միտումը կարող է կանխարգելել Ադրբեջանի կողմից միջանցքը փակ պահելը։ Այսինքն՝ եթե կառավարությունը քաղաքական հայտարարություն է արել, որ Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, ինքը դրանից հրաժարվելով՝ կարող է կազմաքանդել գործընթացը։ Դրա համար պահանջել ենք կառավարությունից՝ կամ նախազգուշացրու, որ այդպիսի քայլի կգնաս, եթե չբացեն ճանապարհը, կամ արա այդ հայտարարությունը եւ բոլորիս ազատիր այս տառապանքներից։ Եթե պայքար պետք է գնա, ինչո՞ւ կորցնենք ամեն ինչ, նոր սկսենք պայքարել, հիմա մեր ունեցած հնարավորություններն ավելի շատ են, քան ապագայում չունեցած հնարավորությունները, որին մենք ցավալիորեն գնում ենք»։

Նարեկ Այվազյանը նաեւ հավելեց, որ կառավարությունից պահանջում են, որ օր առաջ դիմեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որպեսզի Հաագայի դատարանի վճիռը կատարվի։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031