ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՎ ՄԱԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌԻ 3-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար
Ն.Գ. Անտոնիու Գուտերեշին
ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի նախագահ
Կարդացեք նաև
Ն.Գ. Յուջի Իվասավային
ՄԱԿ Փախստականների գործակալության ՀՀ բաժնի ղեկավար
Ն.Գ. Մոնիկա Սանդրիին
Մեծարգո՛ գործընկերներ,
2023 թվականի նոյեմբերի 17-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Հայաստանի Հանրապետության ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության գործով կայացրեց պարտադիր իրավական ուժ ունեցող միջանկյալ միջոցների մասին որոշում՝ պարտավորեցնելով Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղից հեռացած և վերադառնալ ցանկացող անձանց անվտանգ, անխոչընդոտ և արագ վերադարձը, ինչպես նաև երաշխավորել այնտեղ մնացած կամ վերադարձած անձանց անվտանգությունը։
Այս որոշման երրորդ տարելիցի կապակցությամբ՝ շուրջ 150 հազար բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների պաշտպանության անունից, մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Դատարանին՝ միջազգային իրավունքի և արդարության պաշտպանության գործում ունեցած կարևոր դերի համար։
Արցախի հայության նկատմամբ իրականացված բռնություններն ու զանգվածային տեղահանումը պետք է դիտարկել հայ ժողովրդի դեմ տասնամյակներ շարունակ իրականացված հալածանքների և հայրենազրկման պատմական համատեքստում՝ սկսած 1915-1921 թվականներին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունից, շարունակվելով Նախիջևանում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացմամբ և 1988-1991 թվականներին Սումգայիթում ու Բաքվում հայերի դեմ իրականացված ջարդերով, իսկ 2023 թվականին հանգեցնելով Արցախի հայաթափմանը։ Այս պատմական իրադարձությունները պահանջում են միջազգային հանրության հետևողական ուշադրություն և պատշաճ իրավական գնահատական։
Արցախի հայության բռնի տեղահանումը պարզապես տարածաշրջանային քաղաքական խնդիր չէ։ Այն մարդու հիմնարար իրավունքների, ազգային ինքնության, պատմական հայրենիքում ապրելու և բազմադարյա հայկական քրիստոնեական հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանության խնդիր է։ Հիշեցնում ենք, որ Դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի և 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումներով Ադրբեջանին պարտավորություններ են վերապահվել հայկական մշակութային ժառանգությունը վանդալիզմից և պղծումից պաշտպանելու ուղղությամբ։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում ենք Ձեզ՝ ՄԱԿ-ի համապատասխան մարմինների միջոցով հետևողականորեն ուշադրության կենտրոնում պահել Դատարանի որոշումների կատարումը, միջազգային օրակարգում առաջնահերթություն տալ Արցախի հայության անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքին, պաշտպանել բռնի տեղահանվածների սեփականության ու ազգային ինքնության իրավունքները և աջակցել հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության միջազգային անկախ մշտադիտարկմանը։
Կարևորում ենք նաև միջազգային իրավունքի հնարավոր խախտումների անկախ փաստահավաք և իրավական գնահատման անհրաժեշտությունը՝ համապատասխան պատասխանատվության ապահովման նպատակով։
Մենք համոզված ենք, որ խաղաղությունը չի կարող կառուցվել հայրենազրկման, անարդարության և մարդու հիմնարար իրավունքների անտեսման հիմքի վրա։ Միջազգային դատարանի որոշումները պետք է հարգվեն և կատարվեն, իսկ միջազգային իրավունքը պետք է հավասարապես գործի բոլոր պետությունների նկատմամբ՝ անկախ նրանց քաղաքական կամ ռազմական հզորությունից։
Հարատև խաղաղությունն անհնար է առանց արդարության։ Արցախի հայությունն իրավունք ունի վերադառնալու իր պատմական հայրենիք՝ անվտանգ, արժանապատիվ և միջազգային երաշխիքներով պաշտպանված պայմաններում։
Տիգրան Խզմալյան
Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ
Արսեն Սարգսյան
«Հանուն ժողովրդավար պետականության» կուսակցության նախագահ
Արթուր Օսիպյան
Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ
Հայաստանի Հանրապետություն


















































