Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպաների կողմից դավաճանության արդյունք էր». Իշխան Վահանյանի գործով վկա Էրիկ Գասպարյանը ցուցմունք տվեց

Օգոստոս 17,2023 21:21

Տղաների զանգից հետո, Գարիկ Վարդանյանը գնացել է «Թութակ» կոչվող տեղամաս, որտեղ տեսել է գեներալ Արթուր Աղաբեկյանին եւ Մանուկյան Դավիթին, նրանց տեղեկացրել է, որ տվյալ հատվածում մոլորված զինվորներ կան, որ օգնության են սպասում: Նրանք ասել են, որ հատուկ օպերացիա են կազմակերպում եւ «խնդրել են» լքել տարածքը ու չխանգարել:

«Սպաների կողմից դավաճանության արդյունք էր: Մեզ թողեցին՝ փախան, առանց ինչ-որ բան ասելու»,- այսօր դատարանում նման հայտարարություն արեց Էրիկ Գասպարյանը՝ պատասխանելով զոհվածի հայր Գեղամ Ղազարյանի հարցին: Գեղամ Ղազարյանի որդիները՝ 19-ամյա Սամվել Ղազարյանը եւ 18-ամյա Նարեկ Ղազարյանը զոհվել են 44-օրյա պատերազմում:

Անհայտ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանն էլ դիմելով դատավորին՝ ասաց, որ նախորդ դատական նիստին վկաներից մեկն ասել է, որ զանգահարել են Գարիկ Վարդերեսյանին, քանի որ նրա հեռախոսահամարն են հիշել եւ օգնություն են խնդրել. ինքը նիստից հետո զանգահարել է Գարիկ Վարդերեսյանին ու փորձել հասկանալ, թե ինչո՞ւ անտառում մոլորված եւ օգնություն հայցող զինվորներին օգնության չեն հասել:

Գարիկ Վարդերեսյանն 5-րդ ուսումնական գումարտակի նախկին հրամանատարն է: Վերջինս տեղեկացրել է, որ տղաների զանգից հետո, ինքը գնացել է «Թութակ» կոչվող տեղամաս, որտեղ տեսել է գեներալ Արթուր Աղաբեկյանին եւ Մանուկյան Դավիթին, նրանց տեղեկացրել է, որ տվյալ հատվածում մոլորված զինվորներ կան, որ օգնության են սպասում: Նրանք ասել են, որ հատուկ օպերացիա են կազմակերպում եւ «խնդրել են» լքել տարածքը ու չխանգարել:

Մանրամասները՝ տեսանյութում

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ այսօր շարունակվեց  Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործով դատական նիստը:

Ըստ մեղադրանքի, Վահանյանը 44-օրյա պատերազմի օրերին վերցրել է կապի միակ միջոցը եւ փախել մարտադաշտից՝ դիրքում անպաշտպան թողնելով իր ենթակայության տակ գտնվող զինվորներին. 16 զինծառայող զոհվել է, 7 զինվոր գերեվարվել, 6-ը՝ վիրավորվել, 1-ը մինչ օրս անհետ կորած է համարվում, զինվորների մի մասին էլ 70 օր շրջափակման մեջ մնալուց հետո հրաշքով հաջողվել է փրկվել: Վահանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 380-րդ հոդվածի 1-ին մասով: Նա իրեն մեղավոր չի ճանաչում։

Դատարանն այսօր լսեց նույն գումարտակի զինծառայող Էրիկ Գասպարյանի ցուցմունքը: Պատերազմի ժամանակ Էրիկն ընդամենը երկու ամսվա զինծառայող էր:

2020 թ․ հոկտեմբերի 9-ին գումարտակի զինծառայողները, մայոր Իշխան Վահանյանի ղեկավարությամբ բարձրացրել են Հադրութին հարակից Խուռհատ սարը՝ պաշտպանության։ Չկանոնակարգված պաշտպանությանը անկանոն նահանջն է հաջորդել, որի ընթացքում գումարտակը կիսվել է․ մի մասը՝ 4 սպաների հետ միասին, կարողացել են դուրս գալ Սարուշեն գյուղի ուղղությամբ եւ փրկվել, իսկ մյուս մասը, պատշաճ չտեղեկացվելով, որ Հադրութում արդեն հակառակորդն է, այդ ուղղությամբ է գնացել եւ ընկել շրջափակման մեջ։ Հետագայում շրջափակման մեջ ընկած անձնակազմն էլ է խմբերի բաժանվել:

Ըստ Էրիկ Գասպարյանի, հրամանատարներից իրենց հետ եղել է Վազգեն Վարդանյանը: Իշխան Վահանյանին ինքը տեսել է երկու անգամ՝ Խուռհատ սարում եւ Հադրութում: Հետո, խոսակցություններից է իմացել, որ վերջինս իբրեւ վիրավոր է, բայց նրան երբ տեսել է՝ ուշադրություն չի դարձրել, թե ինչպե՞ս էր քայլում, վիրավո՞ր էր, թե՝ ոչ:

Մարտի օրը՝ հոկտեմբերի 10-ին, ըստ վկայի՝ «Վազգենն եկավ՝ մի քիչ խառնված: Ինքը միշտ եղել է սթրեսի մեջ, բայց այդ ժամանակ շատ խառնված էր»: Էրիկը պատմեց, որ «Ստարշ» կեղծանվամբ գյումրեցի կամավորը զանգահարել է Իշխան Վահանյանին եւ ասել, որ իր 100 զինվորները կոնկրետ տեղում են, ի՞նչ անեն: Վերջինս, «Ստարշի» փոխանցմամբ, ասել է, որ ինքը վիրավոր է, գալ չի կարող ու ով ի՞նչ ուզում է՝ թող անի: Այդ ժամանակ էլ «Ստարշն» ասել է, որ Հադրութում գերեվարված հայեր կան, առաջարկում է գնալ՝ նրանց ազատագրել ու միասին նահանջել:

Մանրամասները՝ տեսանյութում

Էրիկը պատմեց, որ Խուռհատ սարի վրա իրենք խրամատներ չեն փորել. նախ՝ համապատասխան տեխնիկա չունեին, ապա, հակառակորդը թիկունքից սկսել է կրակել: Բայց վստահ է, որ եթե խրամատներ փորեին ու դիրքավորվեին՝ հնարավոր կլիներ որոշակի չափով կանխել հակառակորդի առաջխաղացումը:

Իր գնահատմամբ, նաեւ իրավիճակն էր խուճապահար, ուստի չեն կողմնորոշվել՝ ինչ անել, բայց եթե հետախուզությունն աշխատեր, կազմակերպված գործեին՝ կհաջողեին: Իսկ թե ո՞վ է նահանջելու հրաման տվել, Էրիկը չի հիշում. հրամանները զինվորները բերանե-բերան փոխանցելով կատարել են:

Մանրամասները՝ տեսանյութում

Զինվորը պատմեց, որ մարտից առաջ, ընթացքում, սպաներից ինքը միայն Վազգենին է տեսել. վերջինս միշտ իրենց հետ է եղել: Իշխան Վահանյանին տեսել է սարը բարձրանալուց, հետո, խոսակցություններ է լսել, որ վերջինս վիրավորվել է: Իսկ չորս սպաների բաժանման մանրամասներին ինքը տեղյակ չէ: Իրենց ցուցմունքներում, չորս սպաներն ասել են, թե Մուրադյան Հովիկի՝ հետ մնացած 100 հոգանոց խմբի մոտ չեն կարողացել գնալ, քանի որ հրաձգություն է եղել: Էրիկի պնդմամբ՝ կրակոցներ են եղել, ոչ թե հրաձգություն:

Մանրամասները՝ տեսանյութում

Էրիկը պատմեց, որ արդեն Հադրութում, ամբողջ գումարտակը մեկ օր քնել է զորամասում, հետո բոլորին տեղափոխել են դպրոցի երկհարկանի շենքը, որտեղ էլ ռմբակոծության տակ են հայտնվել:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031