Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս քաղաքը ուրիշների համար միգուցե խոպան է, փող աշխատելու տեղ, բայց մեզ համար մեր տունն է»․ Տիգրան Ավինյանը հանրահավաք անցկացրեց

Սեպտեմբեր 05,2023 20:50

«Մեր կարգախոսը՝ «Ասեք, կանենք», ծնվել է նրանից, որ նախկինում դուք մեզ ասել եք, մենք արել ենք»,- այսօր Շենգավիթ վարչական շրջանում հրավիրած հանրահավաքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։

Ավինյանը թվարկեց իրականացվող ծրագրերը՝ նշելով, որ առաջին  անգամ են Երեւանում այս ծավալի աշխատանքներ իրականացվում։ «Մեր երեխաները, մեր ծնողները, մենք բոլորս արժանի ենք այդ ծրագրերին, որովհետեւ այս քաղաքը ուրիշների համար միգուցե խոպան է, փող աշխատելու տեղ է, քաղաքական դիվիդենտների ու հնարավորությունների տեղ է, բայց մեզ համար այս քաղաքը մեր տունն է»,- նշեց Ավինյանը։

Նա հավելեց․ «Ես էլ ծնվել եմ այս քաղաքում, մեծացել եմ այս քաղաքում, իմ կյանքն էլ անցել է այս քաղաքում, երեւանցի տղա եմ եղել, ամեն ինչ էլ եղել, եւ ինձ թվում է՝ հիմա եկել է ժամանակը, որ մենք էլ մի քիչ այս քաղաքին վերադարձնենք։ Տասնամյակներ շարունակ այս քաղաքը մեզ տվել է սեր ու ջերմություն, մենք իրեն այդքան էլ լավ բաներ չենք տվել։ Մենք տվել ենք անկանոն տգեղ շինություններ, աղտոտել ենք քաղաքը, հիմա ժամանակը եկել է, որ քաղաքային իշխանությունն իր վերաբերմունքը փոխի քաղաքի նկատմամբ։ Շատ կարեւոր է, որ այդ պրոցեսում ձեր ներգրավվածությունը լինի, դուք այդ գործի տերը լինեք»։

«Իրականում մենք ծառայում ենք ձեզ։ Ով չի գիտակցում սա, ով երկար տարիներ նստած էր կաբինետներում, ով մտածում էր, որ ինքը շատ խելացի է բոլորից, դուրս չէր գալիս, մարդկանց հետ չէր շփվում, ինքը չէր կարող իմանալ այն խնդիրների խորքը, որոնք առկա են ձեր բակում, ձեր փողոցի վրա, ձեր թաղամասում։ Մեկ տարվա ընթացքում ես եղել եմ բոլոր վարչական շրջաններում, հնարավորության սահմաններում արել եմ ընդունելություններ, որովհետեւ ուզեցել եմ լսել ձեզ»,- հավելեց Ավինյանը։

Նա նաեւ ասաց, որ 2025 թվականի վերջին Երեւանում չի լինելու հիմնանորոգման կարիք ունեցող մանկապարտեզ։ «Մենք շարունակելու ենք մանկապարտեզաշինությունը, որովհետեւ, այո, մանկապարտեզից է սկսվում բակի, քաղաքի, երկրի զարգացումը՝ տնտեսություն լինի, թե բանակ։ Այն հենասյուները, որոնք դրվում են մանկապարտեզում եւ դպրոցում, հետագայում մեզ տալիս են ավելի առողջ աշակերտներ, ուսանողներ, հետագայում մեզ տալիս են բանակի խելացի զինվորներ, հետագայում տալիս են իրենց գործում հաջողակ քաղաքի, ովքեր զենք են արտադրում, արտադրություն են հիմնում այս երկրում։ Եվ շատ կարեւոր է, որ այդ հիմքը մանկապարտեզից ու դպրոցից սկսած լավը լինի»,- հայտարարեց Ավինյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930