Լրահոս
Օրվա լրահոսը

Մերձպուտինյան ո՞ր կլանն է ազդում Կրեմլի արցախյան քաղաքականության վրա

Սեպտեմբեր 20,2023 22:33

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն, Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախում կատարվող ցեղասպանությանը ու Ռուսաստանի Դաշնության կրավորական կեցվածքին, կարծիք հայտնեց, թե այս ամենից հետո չի պատկերացնում՝ ինչպես է Ռուսաստանի Դաշնությունը պահպանելու իր վերահսկողությունը Հարավային Կովկասում և ինչպես է պահպանելու իր ռազմաբազան ՀՀ-ում։ Եվ առհասարակ ի՞նչ են անելու ռուս խաղաղապահներն Արցախում, ո՞րն է լինելու նրանց այնտեղ մնալու իմաստը։

«Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալը 2018 թվականին, ու 2020 թվականի 44 օրյա պատերազմը պլանավորված քայլ է եղել Ռուսաստանի դեմ։ Ես միշտ եմ ասել ու հիմա էլ կրկնում եմ՝ արցախյան պատերազմի գլխավոր նպատակը եղել է Արցախն ամբողջությամբ Ադրբեջանին տրամադրելը և այդ ֆոնին՝ հակառուսական հիստերիայի միջոցով Ռուսաստանի ազդեցությունն Հարավային Կովկասում ի չիք դարձնելը, որը նշանակում է Արցախի կորստի ամբողջ մեղավորությունը բարդվելու է Մոսկվայի վրա և շատ կարճ ժամանակահատվածում Մոսկվայից պահանջվելու է դուրս բերել իր 102-րդ ռազմաբազան։

Նիկոլ Փաշինյանին 2020 թվականին չհաջողվեց, հիմա հաջողվեց։

Հիմա անհասկանալի և անընդունելի է ռուսական կողմի վարքագիծը։ Ես ընդունում եմ՝ Նիկոլ Փաշինյանը ինքն է թիվ մեկ դավաճանն ու թիվ մեկ պատասխանատուն այս ամենի, բայց կար 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագիր։

Պաշտոնական Մոսկվան անընդհատ հայտարարում է, որ չի կարող այդ պայմանագրի համապատասխան կետերն իրականացնել, քանի որ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականին Պրահայում փաստաթղթեր է ստորագրել, բացի այդ 2023 թվականի մայիսին ևս փաստաթղթեր է ստորագրել Եվրամիության միջնորդությամբ։ Հասկանում եմ սա, բայց խնդիրն այն է, որ պաշտոնական Մոսկվան նախ այդ ամենը բացահայտում է Բերձորի միջանցքի փակվելուց 8-9 ամիս անց՝ բացատրություն տալով, թե ինչու ինքը որպես խաղաղապահ՝ չի կարող Բերձորի միջանցքը բացել։

Եվ երկրորդը՝ եթե այս տարվա մայիսից ՌԴ-ն փաստացի չէր կարող խաղաղապահի կարգավիճակն ամբողջությամբ կիրառել, իր վրա դրված պարտականությունները կատարել, և ինչո՞ւ ենք մենք այդ մասին իմանում հիմա, երբ այսօր արդեն Արցախը կապիտուլյացիայի է ենթարկվել։

Կարող էր, չէ՞ Մոսկվան դեռ մայիս ամսին ասել՝ հարգելի հայ ժողովուրդ, ձեր ղեկավարի դավաճանության արդյունքում ես չեմ կարող կատարել իմ պարտականությունները, ասենք՝ մի ամիս եմ տալիս ձեզ այսպես կոչված խաղաղապահի գտնեք, որը կապահովի ձեր անվտանգությունը։

Հետաքրքիր է ՌԴ-ի պաշտպանության նախարարությունն ամեն օր իր կայքում մամլո հաղորդագրություն է հրապարակում՝ Արցախի քարտեզով, ռուս խաղաղապահների վերահսկողության գոտիով, թե իրենք ինչ տարածքներ են վերահսկում և հիմա պարզվում է՝դա ռուսները չեն վերահսկում։

Ավելին, երեկ մենք իմանում ենք Մարիա Զախարովայի շուրթերից, որ ՌԴ-ն հայկական և ադրբեջանական կողմերից պահանջում է ապահովել ռուս խաղաղապահների անվտանգությունը։ Ես ավելի մեծ աբսուրդ կյանքումս չէի լսել։

Ավելին, ռուս պաշտոնյաներից մեկը հայտարարում է՝ իրենք կմիջամտեն, եթե ռուս խաղաղապահների վրա կրակ բաց թողնեն։ Հետաքրքիր է՝ ռուս խաղաղապահները եկել են իրենք իրենց պաշտպանելու համա՞ր։

Մի հարց ունեմ ռուսական կողմին, եթե վաղը մյուս օր Թուրքիան հարված հասցնի Գյումրի քաղաքին, ռուսները պիտի ասեն՝ մեր բազային չեն կպել, մենք պարտավորություն չունե՞նք պաշտպանելու գյումրեցիներին։ Ես չեմ հասկանում ռուսների տրամաբանությունը, եթե խաղաղապահ են Արցախում, եթե ունեն ազդեցության գոտիներ, ինչպես իրենք էին նշում հենց իրենց պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում, ապա ադրբեջանական զինուժի ներխուժումն այդ գոտի նշանակում է բացահայտ թքել ռուսի երեսին։

Իմիջայլոց, երեկ Գյումրիում ակտիվ լուրեր տարածվեցին, որ ադրբեջանցիները հարվածել են ռուս խաղաղապահների մեքենային, որ հետևանքով սպանվել էր 7 ռուս զինծառայող։ Եվ այսօր ընդամենը ժամեր առաջ պարզվեց, որ իրոք ռուս խաղաղապահների մեքենային հարված է հասցվել, որի արդյունքում կան զոհեր։

Հետաքրքիր է ռուսական կողմը դիտավորյա՞լ էր թաքցրել երեկ տեղի ունեցած այդ դեպքը, որպեսզի ռուս խաղաղապահները չմիջամտեն տեղի ունեցող իրադարձություններին, և այդ մասին հիմա է բարձրաձայնում, երբ Արցախը կործանված է»։

Քաղաքագետի համոզմամբ, նման պահվածքով, խղճուկ պարզաբանումներով Ռուսաստանի Դաշնությունը երկար չի կարող մնալ տարածաշրջանում։

«Ռուսական կողմը խղճուկ, անատամ պարզաբանումներով փորձում է չքմեղանալ, որ իրենք ոչինչ չեն կարող անել, որովհետև Նիկոլ Փաշինյանն է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել և այլ անհեթեթություններ, իրենք շատ երկար այստեղ չեն մնալու, որովհետև Արևմուտքն ի տարբերություն ռուսների՝ գործում է շատ կազմակերպված, շատ հստակ։

Հակառուսական տրամադրությունները Հայաստանում հասել են իրենց գագաթնակետին, հասարակության 80-90 տոկոսն ամեն ինչում ոչ թե մեղադրում է Նիկոլ Փաշինյանին, որ այս ամենի գլխավոր մեղավորն է, այլ ռուսներին, որոնք իրենց պասիվ քաղաքականությամբ, անտրամաբանական և անմարդկային քայլերով դառնում են Փաշինյանի հանցակիցը։

Ռուս խաղաղապահները տարհանում են իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքների հայ բնակչությանը և դա փորձում են ներկայացնել որպես հերոսությո՞ւն։ Էդտեղ ինչ հերոսություն կա, ցույց տվեք մի երկիր, որտեղ խաղաղապահների նկատմամբ, օրինակ՝ Կոսովոյում ինչ-որ մեկը թույլ տա իրեն ամերիկյան, գերմանական կամ բրիտանական խաղաղապահների նկատմամբ այսպիսի վերաբերմունք ունենալ։ Դուք տեսե՞լ եք այդ խաղաղապահներն ինչ ուժ են կիրառում այն էթնիկ տարրերի նկատմամբ, օրինակ՝ սերբերի, որոնք համարվում են հակաարևմտյան բլոկի ներկայացուցիչներ։

Որքան էլ միշտ եմ կողմ եմ եղել հայ-ռուսական սերտ հարաբերություններին, որպես ՀՀ քաղաքացի, որպես հայ՝ չեմ ընդունում ռուսների այս կրավորական կեցվածքը։

Ես հիմա շատ մեկնաբանություններ եմ լսում, որ սա Հայաստանի Հանրապետության իշխանությունների հակառուսական քաղաքականության պատասխանն է պաշտոնական Մոսկվայի կողմից։ Սա համարում են անընդունելի, եթե ՌԴ-ի ղեկավարությունը շատ դժգոհ է Փաշինյանից, որի իշխանությունը, ի դեպ, 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո փրկել է հենց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն՝ իր հարցազրույցով,թող պատժի Փաշինյանին։

Ալեն Սիմոնյանը, որը ժամանակին Պուտինի ազգանունն էր ծաղրում, այդ ժամանակ Պուտինի մտքերը դրել էր սոցցանցերի էջերում և գրում էր, թե Պուտինը գտնում է, որ Փաշինյանը դավաճան չէ։ Հիմա պարզվում է՝ Ռուսաստանը շատ դժգոհ է Նիկոլ Փաշինյանից և պատժում է ոչ թե նրան, այլ հայ ժողովրդին։ Սա նորմալ վարքագիծ չէ իրեն գերտերություն հռչակած երկրի կողմից»։

Գագիկ Համբարյանը նշում է, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության ձախողումները պայմանավորված են կլանային համակարգի ակտիվ լինելով։

«Ռուսաստանի արտաքին քաղաքականության բազմաթիվ ձախողումների հիմքում ընկած են նաև Ռուսաստանի Դաշնության իշխանության մեջ գոյություն ունեցող բազմաթիվ կլանները և նրանց շահեր, որոնք Պուտինի թողտվությամբ քիթը մտցնում են նույն արտաքին քաղաքականության մեջ։ Դա անընդունելի է, նորմալ երկիրը չի կարող ինչ-որ խմբակի շահերից դուրս գալով՝ վարել արտաքին քաղաքականություն։

Ռուսաստանի Դաշնությունն այդպիսի երկրի է վերածվել, որտեղ Պուտինի կողքին կա թուրք-ադրբեջանական լոբբիստական խումբ, որի պարագլուխը ՌԴ օրենսդիր մարմնի Վերին պալատի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն է։ Սա բոլորը գիտեն Մոսկվայում, այդ խմբի մեջ է մտնում նաև Սանկտ Պետերբուգի նահանգապետ Բորիս Բեգլովը, Սերգեյ Նարիշկինը, որը պատասխանատու է արտաքին հետախուզության համար և ամենաազդեցիկ գործիչներից մեկն է։ Նա ահռելի մեծ ունեցվածք, բիզնեսներ ունի Թուրքիայում և, բնականաբար, բիզնես շահեր, որն այդ տիպի պաշտոնյայի դեպքում աննորմալ երևույթ է։ Այդ խմբի մեջ մտնում են Ռուսաստանում դոլարային միլիարդատերեր, ազգությամբ հրեա երեք խոշոր բիզնեսմեններ, որոնք, ըստ ռուսական բազմաթիվ ԶԼՄ-ների, ապահովում են ադրբեջանաթուրքական խմբակի ֆինանսական կողմը։

Ադրբեջանի նախագահի նախկին խնամի Արազ Աղալարովը, Գոդ Նիսանովը և Զախար Իլիևը։ Այս խմբակի փիառով զբաղվում է «Իտառ Տասս» գործակալության փոխտնօրեն Միխայիլ Գուսմանը։ Ըստ տարբեր աղբյուրների, այս խմբակի մեջ է մտնում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Նարիշկինի մտերիմ ընկերներց մեկն է, ըստ ռուսական ընդդիմադիր ԶԼՄ-ների, հաճախ է լինում Նարիշկինին պատկանող թուրքական վիլաներում։

Չի բացառվում՝ այս խմբակը մեծ ազդեցություն է ունեցել, որ ռուսական կողմն այսպես կրավորական, հակահայկական կեցվածք ընդունելով՝ թույլ տվեց, որ Ադրբեջանն, ագրեսիվ գործողություններ կատարելով, ռուսական խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներում էթնիկ զտումների միջոցով ծնկի բերի Արցախը և ենթարկվի վերջնական կապիտուլյացիայի։

Հաշվի առնելով Հայաստանի և հայ ժողովրդի շահերը՝ միշտ ասել եմ, այս տարածաշրջանում կամ Թուրքիային պիտի հպատակվեինք կամ պիտի ռուսների հետ մեր նորմալ հարաբերություններով ապահովեինք մեր անվտանգությունը, բայց հիմա խիստ կասկածներ ունեմ, որ ռուսական կողմը մեզ շատ թանկ գնով վաճառում է թուրք-ադրբեջանական տանդեմին։ Չեմ պատկերացնում՝ պաշտոնական Մոսկվան, որ անընդհատ հայտարարում է, թե ինքն էստեղից չի գնալու, հիմա ինչպես է ծրագրերն իրականացնելու։

Այս վերջին իրադարձությունների արդյունքում Արցախն ամբողջությամբ կորցրեցինք։ Ռուս խաղաղապահներն այս ամենից հետո ինչու են մնում, չեմ պատկերացնում, բոլոր նորմալ մարդիկ հասկանում են՝ հայերը չեն կարող Արցախում ապրել Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ադրբեջանն ամեն պայման կստեղծի, որպեսզի հայերն Արցախից դուրս գան։

Եթե որևիցե մեկը երազում է, որ հայը կարող է ադրբեջանցու իշխանության տակ ապրել և իրեն նորմալ, լիարժեք մարդ զգալ, այդ մարդը կամ անհասկ է կամ դավաճան։

Ադրբեջանն այս անգամ թույլ չի տա, որ հայերն Արցախում կազմեն պարզ մեծամասնություն, ինչպես եղել է դարերով։

Չկա Արցախ, չկա ռուսական ներկայություն տարածաշրջանում։ Հիմա եթե Արցախում հայ չի մնալու, Ռուսաստանի ներկայությունը դառնում է ավելորդ»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930