Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղասեղանին է դնում 120 հազար մարդու ճակատագիրը, միայն թե իրեն չասեն, թե հայաթափեց Արցախը»․ «Առերեսում»

Սեպտեմբեր 23,2023 09:30

«Մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է ապրեն իրենց տներում, իրենց հայրենիքում, արժանապատիվ, անվտանգ պայմաններում: Հիմա այսօր, այս պահին մեր գնահատականն այն է, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա»,– հայտարարել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նրա այս պնդումը երկրորդել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ՄԱԿ–ի անվտանգության խորհրդում։

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարին հյուրընկալված վերլուծաբան Արմեն Բաղդասարյանն ասաց, թե Նիկոլ Փաշինյանի այդ գնահատականը սխալ է․ «Ոչ, արցախահայերը չեն կարողանալու ապրել Ադրբեջանի տիրապետության տակ։ Նիկոլ Փաշինյանը վարվում է այնպես, ինչպես վարվել է սովորաբար։ Հիմա ինքը կարծես էլի խաղասեղանին է դնում այդ 120 հազար մարդու ճակատագիրը, ասում է՝ թող մնան այնտեղ, միայն թե ինձ չասեն, թե ես հայաթափեցի Արցախը, ինչպես պատերազմից հետո ասաց, թե ինձ կասեին դավաճան։ Հիմա ասում է՝ ես չեմ անում, որպեսզի հետո ինձ չասեք, թե դու ես հայաթափել»։ Ավելի ստույգ՝ ՀՀ վարչապետն ասել էր․ «Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հայաթափման քաղաքականություն չի վարում, այդ քաղաքականությունը վարում է Ադրբեջանը: Եվ չի կարելի հանկարծ էմոցիոնալ վիճակում հայտնվել այն դիրքում, երբ Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման քաղաքականությունն Ադրբեջանն իրականացնի Հայաստանի ձեռքերով»։

Արմեն Բաղդասարյանը հավելեց․ «Կապ չունի, թե Նիկոլ Փաշինյանն ինչ է ասում։ Կապ ունի այն, թե նա ինչ է անում։ Իսկ այն, ինչ նա անում է․․․չէ՞ որ սա նրա 5-ամյա քաղաքականության արդյունքն էր։ Այնպես չի, որ Ադրբեջանը մի օրում որոշեց, հաջորդ օրը հարձակվեց, երրորդ օրն էլ մտավ ու սկսեց էթնիկ զտումներ անել։ Այդպես չէ»։

ՄԱԿ–ի անվտանգության խորհրդում իր ելույթում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը լուծում էր առաջարկել․ «Անհապաղ տեղակայել ՄԱԿ-ի միջգերատեսչական առաքելություն Լեռնային Ղարաբաղում՝ մարդու իրավունքների, հումանիտար և անվտանգության իրավիճակի վերահսկման և գնահատման նպատակով»։ Արմեն Բաղդասարյանն այս առնչությամբ ասաց, թե նախարարը շատ լավ գիտեր, որ դա չի լինելու․ «Քաղաքականության մեջ մեծագույն տխմարությունն է քո առջեւ դնել այնպիսի խնդիր, որի լուծման հավանականությունը զրո է, չկա»։

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի տելեգրամյան գրառմանը, որի հասցեատերը խիստ ակնհայտ էր․ «Հետո նա պարտվեց պատերազմում, բայց տարօրինակ կերպով մնաց պաշտոնին։ Հետո որոշեց իր անտաղանդ պարտության պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա։ Հետո նա զիջեց իր երկրի տարածքի մի մասը։ Հետո նա որոշեց սիրախաղ անել ՆԱՏՕ-ի հետ, և նրա կինը հանդգնորեն թխվածքաբլիթներով գնաց մեր թշնամիների մոտ: Գուշակեք, թե ինչ ճակատագիր է նրան սպասվում…»։

Համաձայնելով, որ Ռուսաստանի որեւէ պաշտոնյա երբեւէ նման ոճով չի արտահայտվել Հայաստանի ղեկավարների մասին՝ Արմեն Բաղդասարյանն ասաց․ «Հիմա էլ իրավունք չունի խոսել, առավել եւս՝ այն երկրի պաշտոնյան, որն իր ահռելի, իբր թե աշխարհի երկրորդ բանակով մեկուկես տարի է՝ չի կարողանում երկու գյուղ գրավել։ Ուրեմն՝ ճիշտ կլինի, որ ինքը սսկվի եւ տեղը վեր ընկնի։ Որքան էլ իր ասածները ճիշտ լինեն՝ դա, ամեն դեպքում, Նիկոլ Փաշինյանին չեն վերաբերում, դա վիրավորանք է Հայաստանի նկատմամբ։ Նա այդ իրավունքը չունի։ Թեեւ էլի եմ ասում՝ ինչ որ ասում է, մեծ հաշվով՝ ճիշտ է ասում։ Բայց Հայաստանն էլ կարող է բազմաթիվ այդպիսի ճշմարտություններ ասել։ Ու Ռուսաստանն էլ այն վիճակում չի, որ կարողանա ինչ որ մեկի նկատմամբ այդպիսի տոնով, այդպիսի հեգնանքով խոսել։ Այլ հարց է, որ այո՝ Հայաստանի այս ապիկար իշխանությունները երկրի վարկանիշն իջեցրել են այն մակարդակին, որ թույլ են տալիս իրենց հետ այդպես խոսել։ Իսկ դա հանդուրժելու մեղքն արդեն մերն է։ Մենք ենք մեղավոր, որ հանդուրժում ենք այնպիսի իշխանություն, որ ամեն մի պաշտոնյա իրեն իրավունք է վերապահում վիրավորել մի ամբողջ պետության»։

Հաղորդման մյուս հյուրի՝ լրագրող Կարպիս Փաշոյանի հնչեցրած տեսակետներից հատվածներ կներկայացնենք քիչ անց։

Արմեն Բաղդասարյանի եւ Կարպիս Փաշոյանի հետ զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930