Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում ընտրությունների միջոցով երբեւէ իշխանափոխություն տեղի չի ունեցել․ այս ընտրություններն ընդհանրապես վախի վրա էին հիմնված»

Հուլիս 13,2026 17:34 Share

«Առավոտ»-ի հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը։

Պարոն Բաղդասարյան, Հայաստանում միշտ եղել է այնպիսի տրամադրություն, որ ընտրություններով հնարավոր չէ ոչինչ փոխել։ Ի՞նչ ցույց տվեցին հունիսի 7-ի ընտրությունները։

-Փոխվեց այն, որ իշխանությունների լեգիտիմությունն ավելի խոցելի է, ավելի կասկածելի է՝ հաշվի առնելով եւ նրանց ստացած քվեները, եւ ամբողջ նախընտրական ժամանակաշրջանը, որն անցավ աննախադեպ ճնշումների, ռեպրեսիաների ու սպառնալիքների ներքո։ Այս առումով, այո, ինչ-որ բան փոխվեց։

Իսկ Հայաստանում ընտրությունների միջոցով երբեւէ իշխանափոխություն տեղի չի ունեցել։ Հայաստանում, որպես կանոն, հակառակն է լինում՝ սկզբում լինում է իշխանափոխություն, հետո արդեն այդ կայացած փաստն ամրապնդվում է ընտրությունների միջոցով, ինչպես դա եղավ 1998 թվականին եւ 2018 թվականին։ Այնպես որ, այս առումով, այո, փոփոխություն չկա։

Եվ ես շարունակում եմ կարծել, որ Հայաստանում ընտրությունների միջոցով որեւէ փոփոխություն իրականացնել հնարավոր չի լինելու, որովհետեւ ընտրությունների միջոցով փոփոխությունը հատուկ է ժողովրդավարական երկրներին, իսկ Հայաստանը, ցավոք, ժողովրդավարական երկիր անվանել չենք կարող։

Ավելին, հասարակության մեծ մասը հաշտ է այն մտքի, որ Հայաստանը ժողովրդավարական պետություն չէ։ Եվ իրենք դա նորմալ են համարում, քանի որ համարում են, որ ժողովրդավարությունն այնքան էլ լավ բան չէ։

Իշխանության կողմից տեսնում ենք վարչական ռեսուրսի չարաշահում, քողարկված ընտրակաշառք, սպառնալիքներ, ճնշումներ, ձերբակալություններ, գաղտնալսված ձայնագրությունների հրապարակումներ, որեւէ մեկի մոտ կասկած չկա, որ դրանք անօրինական գործունեություն են։ Բայց հասարակության մի մասը համարում է, որ իշխանությունները շատ էլ լավ են արել, որովհետեւ «նախկիններին հասնում էր», մի մասն էլ համարում է, որ վատ է արել։ Սրա համար եմ ասում, որ ժողովրդավարությունը Հայաստանում զուտ ձեւական բնույթ է կրում, դրա հետ հաշտ են եւ ընդդիմությունը, եւ իշխանությունը, եւ հասարակության մեծ մասը։

-Նախկինների թեման միշտ օգտագործվել է վերջին տարիների ընտրությունների ժամանակ, մարդկանց վախեցրել են, որ «նախկինները կգան»։ Այս ընտրությունները մի փոքր տարբերվում էին նրանով, որ ի դեմս «Ուժեղ Հայաստան» դաշինքի կարծես նոր ուժ կար դաշտում։ Դա ի՞նչ փոխեց։

-Ես «Ուժեղ Հայաստան»-ն այնքան էլ նոր ուժ չէի համարի, դա ավելի շատ ընդդիմության ռեբրենդինգ կհամարեի։ Ինչ վերաբերում է ձեր նշած վախին, այս ընտրություններն ընդհանրապես վախի վրա էին հիմնված։ Իշխանություններն ասում էին՝ եթե մենք չընտրվենք, սեպտեմբերին կլինի պատերազմ, իսկ ընդդիմություն ասում էր՝ եթե մենք չընտրվենք, 300 հազար ադրբեջանցի կգա։ Այսինքն՝ երկու կողմն էլ շեշտը դրել էին հանրությանը վախեցնելու վրա։ Եվ իշխանությունների տարածած վախը կարծես թե ավելի մեծ ազդեցություն ունեցավ՝ դատելով ընտրությունների արդյունքներից։

-Այսինքն՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ ստեղծված իրավիճակում հասարակությունը չի կողմնորոշվում, թե ինչ ընտրություն կատարի։

-Չէ, ես կարծում եմ, որ հասարակությունը շատ հստակ կողմնորոշվում է, բայց ես վստահ չեմ, որ ընտրությունների արդյունքները ճշգրտորեն արտացոլում են հանրային կարծիքը։ Ես չեմ կարծում, թե հասարակության 50 տոկոսը իշխանությունների աջակիցն է։ Այլ հարց է, որ, այո, վախը որոշակի ազդեցություն ունեցել է։ Եվ նույնիսկ հասարակության այն հատվածի, որի համար անընդունելի է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, այդ վախից դրդված գնացել ու իրենց ձայնը տվել են հենց իշխող քաղաքական ուժին։ Այսինքն՝ այդ գործոնն էլ է առկա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել