Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ճիշտ կազմակերպվի, արցախցիները կարող են խախտված իրավունքների վերականգնման հնարավորություն ստանալ՝ ներառյալ իրենց հայրենիքում պաշտպանված ապրելու իրավունք. իրավապաշտպան

Հոկտեմբեր 10,2023 16:07

Վերջին շրջանում շատ է քննարկվում պետության կողմից Արցախից բռնի տեղահանվածներին տրամադրված կացարանների հարցը: Այդ կացարանները, ըստ էության, մարզադահլիճներ են, մշակութային տներ, որտեղ հարյուրավոր արցախցիներ՝ կին, տղամարդ, ամեն օր քնում արթնանում են կողք կողքի:

Նինա Կարապետյանց

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը չի շտապում արցախցիներին տրամադրված կացարանային պայմանները քննադատել, քանի որ, ըստ նրա, պետք է հաշվի առնել, որ այսպիսի մասշտաբի աղետների դեպքում պետք է հասկանալ, որ փոքր պետությունները կարող են ունենալ դժվարություններ. «Եվ հաշվի առնելով, որ մինչեւ էդ ունեցել ենք միգրանտների շատ մեծ թիվ ու բնակարանային խնդիրը Հայաստանում շատ լուրջ է դրված եղել, առաջնային որպես հարցի լուծում գուցե մարզադահլիճներում տեղավորելն ընդունելի տարբերակ է, որ մարդիկ փողոցում չմնան: Բայց այն, որ այդ խնդիրը պետք է լուծվի, դա էլ ակնհայտ է:

Ավելին ասեմ, ես զարմանում եմ գործող իշխանությունների վրա, որ իրենք վերջին պահին հայտարարեցին, որ պատրաստ են մոտ 40.000 մարդ ընդունել ու չէին հաշվարկել վատագույն տարբերակը՝ պլան B-ն, որ բոլոր արցախցիները կարող էին դուրս գալ, տեղահանվել, չցանկանալ մնալ Ադրբեջանի կազմում: Այդ 40.000 աջակցությունը ոնց էին հաշվարկել գործող իշխանությունները, այդ ի՞նչ պայմանավորվածություններ էին, ի՞նչ պլանավորում էր, այ դա մեծ կասկած է առաջացնում: Կարծում եմ՝ իրենք պետք է պատրաստ լինեին, որովհետեւ մենք շատ բաների մասին չգիտեինք, իսկ իրենք մասնակցում էին բանակցություններին ու բանակցությունների արդյունքների մասին մեզ չէին տեղեկացնում՝ էն հայտնի արտահայտության համաձայն՝ ինչ կուզենք, էդ էլ կբանակցենք տարբերակով էին անում, հետեւաբար, հետեւանքները պետք է կարողանային ամբողջական գնահատել»:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե 40 հազար մարդու, այլ 40 հազար ընտանիքի մասին էր ասել․ «Նախորդ օրը Տիգրան Խաչատրյանն ինձ զեկուցեց, որ հանրապետությունում մոտավորապես 40 հազար ընտանիք տեղավորելու շուրջ նախապատրաստական աշխատանքներ են տարել, և մենք չենք ուզում սրա մասին ասել»։

Անդրադառնալով ՄԱԿ-ից, ԵՄ երկրներից ՀՀ ուղարկվող արցախցիների համար նախատեսված ֆինանսական աջակցություններին ՝ Նինա Կարապետյանցը շարունակեց. «Եթե համարում են, որ հարցը լուծված է եւ արցախցիները պետք է տեղափոխվեին Հայաստան, ու իրենք համաձայն են այդ որոշման հետ, սա շատ չնչին գումար է, սա բացարձակ անհամապատասխան գումար է, որովհետեւ այս մարդկանց ոչ թե ժամանակավոր ինչ-որ կացարաններ, այլ լուրջ բնակվելու տեղ էր անհրաժեշտ: Քանի որ տարբեր խաղացողներ հասկացել են, առնվազն գոնե չեն դիմադրել տեղի ունեցող իրադարձություններին, հետեւաբար նաեւ իրենց բաժին պատասխանատվությունը պետք է ունենան, նաեւ աջակցության ծավալը պետք է լինի շատ ավելի մեծ»:

Նինա Կարապետյանցը նաեւ հավելեց, որ արցախցիներն իրենց մոտ ունեցած փաստաթղթերով իրենց առնչվող գույքերի ու տարբեր այլ իրավունքների հետ կապված կարող են դիմել միջազգային կառույցներին, այդ դեպքում կարիք չի էլ լինի պետության աջակցության, որը կարող է եւ չստանան էլ. «Պետությունը չպետք է կազմակերպի դա, դա անհատական կարգով կարող են կազմակերպել, գուցե խմբային նաեւ հայտեր լինեն տարբեր միջազգային կառույցներին, որոնք այդ իրավունքներով զբաղվելու պարտավորություն ունեն: Այլ խնդիր է՝ ինչքան ժամանակ դա կտեւի ու շատ արագ պրոցեդուրաներ չեն լինելու, բայց, ամեն դեպքում գործող պրոցեդուրաներ են ու, եթե ճիշտ կազմակերպվի, կարող են նաեւ բավականին լուրջ աջակցություն ստանալ, խախտված իրավունքների վերականգնման հնարավորություն ստանալ՝ ներառյալ իրենց հայրենիքում պաշտպանված ապրելու իրավունք: Այսինքն՝ առանձին հայցերով հիմնավորեն իրենց բազմաթիվ խախտված իրավունքները, որոնց հիման վրա կարող են բարձրացնել Արցախում նորից ապրելու, այս անգամ իրապես պաշպանված իրավունքը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ 

Գլխավոր լուսանկարը՝ Մարութ ՎԱՆՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031