Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք դրանում չենք դիտում ինչ-որ հետապնդումներ, կամ չգիտեմ ինչ- որ բան». փաստաբանը՝ Վիտալի Բալասանյանի հարցաքննության մասին

Հոկտեմբեր 16,2023 14:13

«Մենք դրանում չենք դիտում ինչ-որ հետապնդումներ, կամ չգիտեմ ինչ-որ բան։ Վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ պետք է հարցաքննի Վիտալի Բալասանյանին, և մենք ներկայացել ենք հարցաքննության։ Բացարձակապես մեզ մտահոգող խնդիրներ չկան»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հարցաքննությանը՝ այսպես ասաց նրա շահերի ներկայացուցիչ փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վիտալի Բալասանյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում որպես վկա:

Ռաֆայել Մարտիրոսյանը չցանկացավ նշել, թե որ գործի շրջանակներում է դա եղել՝ նշելով, որ դրանք պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ են։

Հետաքրքրվեցինք՝ Վիտալի Բալասանյանը կրկին հրավիրվե՞լ է այլ հարցաքննության, նա պատասխանեց․ «Նման բան չկա։ Իսկ ցուցմունքը, ըստ էության էական նշանակություն չունի այդ գործի քննության հետ»։

Հարցրինք՝ ինչպե՞ս է գնահատվում Վիտալի Բալասանյանի առողջական վիճակն այժմ, քանի որ օրեր առաջ տեղեկություն տարածվեց, որ նա գտնվում է բժիշկների վերահսկողության տակ, փաստաբանը պատասխանեց․ «Պարոն Բալասանյանը մի քանի  ամիս առաջ վիրահատություն է տարել մինչև Արցախի պաշարումը։ Նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր Արցախում, դրա մասին ԶԼՄ-ները հայտարարել են։ Հիմա էլ պրոֆիլակտիկ միջոցառումներ են կատարվում․ հանկարծակի խնդիրներ չառաջանալու համար գտնվում է  բժիշկների հսկողության տակ։ Հաշվի առնելով, որ այդ առողջական խնդիրները պայմանավորված են սրտի հետ, իսկ այդ հիվանդությունը կարող է նաև գաղտնի  զարգացման փուլ ունենալ, մենք գտել ենք նպատակահարմար՝ իր առողջական վիճակից ելնելով, որ ինքը մշտապես գտնվի բժիշկների հսկողության տակ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ․ Գ․ Արցախի հերոս, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ավելի ուշ հայտնել էր նրա փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։

«Մեզ համար ցանկալի կլիներ, որ գործի վարույթը շարունակվեր և դատական քննության ընթացք ունենար, որովհետև գտնում ենք, որ հարուցված քրեական գործը և առաջադրված մեղադրանքը հիմնավոր չեն եղել և Վիտալի Բալասանյանն անկասկած կարդարացվեր Արցախի Հանրապետության դատարանների կողմից։ Այդուհանդերձ, վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու մասին»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ հասկանալի պատճառներով՝ չեն ստացել որոշումը, սակայն գործը փաստացի կարճված է, պաշտպանության կողմին հասած տեղեկությունների համաձայն՝ գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։

Փաստաբանը կարծում է, որ Վիտալի Բալասանյանի որդու վերաբերյալ գործը ևս, պետք է, որ կարճված լինի, սակայն տեղեկություն փաստաբանը չունի, վերջին իրադարձություններով պայմանավորված՝ քննիչի հետ կապ հաստատել ևս չի հաջողվում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031