Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«ՀՀ իշխանությունները չեն պատասխանել Լավրովին, քանի որ մտածում են՝ Ռուսաստանը կարող է դիմել թշնամական գործողությունների»․ Էդգար Վարդանյան

Հոկտեմբեր 17,2023 13:58

«Ռուսաստանի իշխանությունները արտաքին գործերի նախարարության կողմից մշակված փաստաթղթի ձեւով թիրախավորել են նաեւ Հայաստանի իշխանություններին։ Հայաստանի իշխանություններին են խիստ քննադատել, եւ դրան պաշտոնական պատասխան չի եղել։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Հայաստանի իշխանությունները համաձայն են այդպիսի քննադատության հետ։ Իհարկե, ոչ։ Նույն կերպ, կարող եմ վստահ պնդել, որ Հայաստանի իշխանությունները համաձայն չեն քաղհասարակությանն ուղղված այդ մեղադրանքների հետ, որոնք հնչեցրել է Լավրովը»,- այս մասին «Մեդիա» կենտրոնում հրավիրված «Ովքե՞ր են Հայաստանում գեներացնում հակառուսական տրամադրություններ․ արդյո՞ք ՀԿ-ները» թեմայով քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Էդգար Վարդանյանը։

Հոկտեմբերի 12-ին, Բիշքեկում ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել էր․ «Ինչ վերաբերում է հակառուսական տրամադրությունների սրմանը, ապա դա արհեստականորեն արվում է հասարակական կազմակերպությունների կողմից: Մենք գիտենք, թե Հայաստանում վերջին տարիներին քանի հասարակական կազմակերպություն է ստեղծվել, նախկինում էլ շատ էին: Այդ կազմակերպությունները չեն ստեղծվում Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունները խթանելու նպատակով, այլ՝ հակառակը: Նրանք նպատակ ունեն հող ստեղծել հակառուսական տրամադրությունների համար, ինչպես նաև փորձում են Հայաստանի միջոցով առաջ տանել ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շահերը տարածաշրջանում: Մենք տեսնում ենք այդ փորձերը, դրանք ինչ-որ արդյունքի են հասնում»։

Էդգար Վարդանյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները չեն պատասխանել Լավրովին, քանի որ այստեղ աշխարհաքաղաքական շահերն են գերակայում։ «Այսինքն՝ հավանաբար Հայաստանի իշխանությունները գտնում են, որ անընդհատ նման անհիմն մեղադրանքներին արձագանքելը, քննադատելը Ռուսաստանի այսօրվա իշխանությունների կողմից կարող է դիտարկվել արդեն թշնամական գործողություններ։ Նրանք հիմա ասում են, որ Հայաստանի իշխանությունները շատ հաճախ ոչ բարեկամական վարք են դրսեւորում։ Ըստ մեր իշխանությունների մտածելակերպի՝ եթե արձագանքեն, չի բացառվում, որ Ռուսաստանը կարող է դիմել Հայաստանի նկատմամբ արդեն դիմել շատ ավելի կտրուկ թշնամական գործողությունների։ Մինչդեռ, Հայաստանն այսօր գտնվում է այնպիսի իրավիճակում, որ Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը, խաղաղություն դեռ չկա։ Եվ այսպիսի պայմաններում հնարավոր է, որ շատ ռիսկային լինի այդպիսի քայլերի դիմելը»,- ասաց նա։

Էդգար Վարդանյանը հավելեց, որ Լավրովի այս հռետորաբանությունը նորություն չէ, երբ Հայաստանում հեղափոխություն տեղի ունեցավ, ռուսական քարոզչամեքենան սկսեց թիրախավորել այդ ամբողջ գործընթացը, թիրախավորեց իշխանության ներսում գտնվող տարբեր գործիչների, որոնք նախկինում քաղհասարակության ներկայացուցիչներ էին եւ պրոարեւմտյան կողմնորոշում ունեին։ «Հիմա տարբերությունն այն է, որ արդեն պաշտոնական մակարդակով, Ռուսաստանի իշխանությունների ամենաբարձր մակարդակով է այս ամենն արվում։ Ինչո՞ւ, որովհետեւ, իսկապես նրանք մտահոգվում են։ Մտահոգվում են, որովհետեւ նախ եւ առաջ քաղհասարակությունն անկախ սուբյեկտ է, որը մշտադիտարկում է անում։ Քաղհասարակությունը նաեւ ներկայացնում է այն կեղծ նարատիվները, որոնք տարածվում են ռուսաստանյան այդ քարոզչամեքենայի կողմից։ Եվ իրենք տեսնում են, որ օբյեկտիվորեն ճշմարտությունը ներկայացնելով՝ քաղհասարակության սուբյեկտները կարողանում են ազդել հանրային տրամադրությունների վրա։ Շատ շատերը հիմա, նաեւ ի շնորհիվ քաղհասարակության ակտիվ ու օբյեկտիվ գործունեության, տեսնում են, թե ինչ է կատարվում, փոխում են իրենց վերաբերմունքը շատ հարցերի, այդ թվում՝ պուտինյան ռեժիմի մասին»,- ասաց Էդգար Վարդանյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031