Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Այն մարդուց, որ 44-օրյայի ժամանակ ասում էր. սա մեր Սարդարապատն է, պետք է բոլորս միասին մեր հայրենիքը պաշտպանենք, իսկ այսօր՝ թե 1991 թվից դա Ադրբեջան է եղել, հիմա պահանջ չունե՞ք»

Հոկտեմբեր 23,2023 16:28

Հասարակական-քաղաքական գործիչ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում վերլուծելով Արցախի ներկայացուցչության առջեւ միջադեպի մասնակիցների գործողություններն ու պահանջները՝ ասաց, որ Սամվել Շահրամանյանի դեմ բողոքը կազմակերպված էր եւ այդ մարդիկ, լինելով հասարակ քաղաքացիներ, ինչ առաջադրանք, ստացել էին, դա էլ խոսում էին: «Տեսեք, լրագրողը հարցնում է, թե ինչ է իրենց ուզածը: Պատասխանում են, թե դիմում են Հայաստանի իշխանություններին՝ Նիկոլ Փաշինյանին, դատախազությանը, ԱԱԾ-ին, որ գնան Ղարաբաղի պաշտոնյաների կուտակած հարստությունը վերցնեն ու բաժանեն փախստական դարձած արցախցիներին: Ու այդ մարդիկ եկել, դիմում են այն մարդուն, ում մեղքով իրենց կահավորված՝ գույքով, սարքավորումներով, կահույքով, գորգերով, սպասքով տունը, մեքենաները թողել են թուրքին»:

Էդգար Ղազարյանը մեջբերեց 2018 թվականից ի վեր՝ վարչապետ դառնալուց առաջ եւ դրանից դեռ կարճ ժամանակ հետո, Նիկոլ Փաշինյանի հրապարակային ելույթներից հատվածներ, որոնցում նա Արցախի դե ֆակտո անկախությունը դե յուրե դարձնելու, Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը նոր մակարդակի բարձրացնելու խոստումներ էր տալիս: «Այնուհետեւ, սիրելի արցախցիներ, նա 2018 թվականի օգոստոսի 18-ին Հանրապետության հրապարակում գիտե՞ք ում է դիմել: Ասել է, որ այս հրապարակում այսօր նաեւ հազարավոր արցախցիներ են։ Հատուկ շնորհակալություն է հայտնում, որ դուք հարյուրավոր կիլոմետրեր անցել, եկել եք մասնակցելու իր 100-րդ օրվան նվիրված հանրահավաքին եւ որ խոնարհվում է սիրելի արցախցիների առաջ: Այդ նույն արցախցիները հիմա արդեն որպես փախստական են եկել Հայաստան: Ու ոչ թե հազար հոգի, այլ՝ ամբողջ Արցախը: Բա որ դուք եկել եք, չեք ուզո՞ւմ գնալ այն նույն Հանրապետության հրապարակ, չեք ուզո՞ւմ այս մարդը ձեր առաջ մի հատ էլ խոնարհվի: Ու դուք իրեն թողել, գնացել եք մի քանի օր նախագահ դարձած եւ հիմա ձեր նույն փախստականի ճակատագրին արժանացած Սամվել Շահրամանյանի՞ց եք բան պահանջում:

Հայաստան գալու օրը Սամվել Շահրամանյանի կառավարության բյուջեի վերջնական մնացորդը եղել է 3,1 միլիարդ դրամ ու սառեցվել է: Հիմա եթե նրա կառավարությունը դարձել է վտարանդի, գրասենյակ չունեն, աշխատանքի պայմաններ չունեն, փող չունեն, ձեր պես փախստական են, գնացել, Սամվել Շահրամանյանից ի՞նչ եք ուզում: Այն մարդը, որ քեզ դարձրել է փախստական, նրան դեռ գովում ես, թողել եք՝ ազատ ֆռֆռա ու ձեզ ձեռք առնի՞: Այն մարդը, որ 2019 թվականի օգոստոսի 5-ին եկել էր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ ու դուք դրոշները վերցրել, գնացել էիք՝ Նիկոլ, Նիկոլ էիք գոռում, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ասում էր, սա մեր հայրենիքն է, մեր Սարդարապատն է, պետք է բոլորս միասին մեր հայրենիքը պաշտպանենք, իսկ այսօր ասում է՝ 1991 թվից դա Ադրբեջան է եղել, հիմա նրանից պահանջ չունե՞ք»:

Խոսքի վերջում Էդգար Ղազարյանն ասաց, որ ինքը ոչ մեկին ոչ մի կոչ չի անում: «Նայեք քարտեզին, նայեք ձեր խելքին, նայեք ձեր իրավիճակին: Ու ամենքը իր խելքի կտրածը թող անի»,-եզրափակեց նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031