Լրահոս
Օրվա լրահոսը

«Առանցքային ներդրում ՀՀ ապագայի համար». Սյունիքում կրթությունը վերափոխելու նպատակով ՔՈԱՖ-ը 10 մլն եվրո դրամաշնորհ կստանա

Հոկտեմբեր 30,2023 14:53

ԲՐՅՈՒՍԵԼ — «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (ՔՈԱՖ) Եվրոպական հանձնաժողովի կողմից Եվրոպական ներդրումային բանկի միջոցով կստանա 10 մլն եվրո ներդրումային դրամաշնորհ Սյունիքի մարզում երկու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն հիմնելու նպատակով։ Հոկտեմբերի 25-ին Բրյուսելում ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեյը և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Թոմաս Օստրոսը ստորագրել են դրամաշնորհի հատկացման համաձայնագրի վերջնականացման մասին հայտարարությունը։ Արարողությանը ներկա են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՔՈԱՖ-ի գլոբալ տնօրեն Արա Բարսամը և գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը։

Այս համագործակցությունը հնարավորություն կտա  Սյունիքի մարզի երեխաներին ստանալ միջազգային չափանիշներին համապատասխան արտադպրոցական կրթություն, մասնավորապես՝ Կապան և Գորիս համայնքներում կկառուցվի ոչ ֆորմալ կրթության և ուսուցիչների վերապատրաստման երկու գերժամանակակից ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն:

3-18 տարեկան ավելի քան 6,000 երեխա և երիտասարդ հնարավորություն կունենան ներգրավվել ամենատարբեր ուղղվածությամբ կրթական ծրագրերում, այդ թվում՝ օտար լեզուներ, ձեռներեցություն, ճարտարագիտություն, աթլետիկա։ Հասանելի կլինեն նաև սոցիալական և հոգեբանական անվճար ծառայություններ, միջազգային փորձագետների կողմից կանցկացվեն դասընթացներ:

Դեռևս 2018 թվականին Լոռու մարզում գործարկված ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը ոչ ֆորմալ կրթության հաջողված նախաձեռնության վառ օրինակ է, որը նպաստել է Հայաստանի գյուղական համայնքներում կրթության բարելավմանն ու զարգացմանը։ Գործունեության 5 տարիների ընթացքում Լոռու ՍՄԱՐԹ կենտրոնը սպասարկել է ավելի քան 4,000 ուսանողի 28 բնակավայրից։

Սյունիքում երկու ՍՄԱՐԹ կենտրոնների ստեղծումը սերտորեն կապված է «Ներդրումներ կրթության մեջ, հատկապես Սյունիքի մարզում» նախաձեռնության հետ՝ որպես Եվրոպական միության Արևելյան գործընկերության Հայաստանի համար տնտեսական և ներդրումային ծրագրի բաղադրիչ։ Այն նաև հանդիսանում է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության  անբաժանելի մասը, որի շրջանակում աջակցություն է տրամադրվում Հայաստանի հարավային շրջանների սոցիալ-տնտեսական դիմակայության բարձրացմանը․ այս տարածաշրջանն ամենաշատն է տուժել 2020-ի ռազմական գործողություններից և 2023թ. արցախահայերի զանգվածային տեղահանությունից։

Հարևանության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեյը նշել է․  «Այսօրվա հայտարարությունը ևս մեկ ապացույցն է ԵՄ հանձնառության՝ աջակցելու Հայաստանի կողմից կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ բարձրացնելով որակը, արդիականացումը  և համապատասխանությունը տնտեսության և հասարակության պահանջներին։ Կրթությունն առաջնահերթություն է Հայաստանի համար Տնտեսական և ներդրումային պլանի ուղենիշային ծրագրերի ներքո, և ես ուրախ եմ տեսնել, որ Սյունիքի մարզում ոչ ֆորմալ կրթության երկու կենտրոնների կառուցումն իրականություն է դառնում։ Այն կնպաստի գյուղական համայնքներում կրթության որակի և աշխատուժի զարգացմանը, ինչպես նաև կօգնի Հայաստանի երիտասարդներին, ներառյալ՝ խոցելի խմբերին, լինել մրցունակ աշխատաշուկայում: Սա Հայաստանի կրթության ոլորտում ԵՄ համապարփակ մոտեցման մի մասն է, որի շրջանակում մենք վերջերս հատկացրել ենք 32 միլիոն եվրո՝ որպես բյուջետային աջակցություն կրթության ռազմավարության իրականացմանը»։

Ընդգծելով նման կրթական կենտրոնների հիմնադրման կարևորությունը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ասել է. «Այսօր կարևոր քայլ է ձեռնարկվել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում կառուցվելիք և ՔՈԱՖ-ի կողմից գործարկվող 2 ոչ ֆորմալ կրթական կենտրոնների իրագործման ուղղությամբ։ Սա կարող է օգնել ավելի ամրապնդել կապը ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության միջև: Ավելին, այս կենտրոնների կառուցումը Սյունիքում կնպաստի Հայաստանի հարավային շրջանների զարգացման ավելի մեծ նպատակի իրագործմանը»։

ԵՆԲ նախագահ Վերներ Հոյերն ավելացրել է․ «Որպես ԵՄ բանկ, մենք նվիրված ենք աջակցելու Հայաստանում մարդկային կապիտալի, տնտեսական դիմակայունության և սոցիալական համախմբվածության զարգացմանը՝ ԵՄ առաջնահերթություններին համահունչ։ «Թիմ Եվրոպա» նախաձեռնությունը ոչ միայն ներդրում է հայ երեխաների համար ավելի լավ կրթական համակարգի ստեղծման և Հայաստանի ապագայի համար, այլև խթան է երկրում քաղաք-գյուղ տարաձայնությունների և գենդերային բացերի կրճատման համար»:

ՔՈԱՖ-ի գլոբալ գործադիր տնօրեն Արա Բարսամը կարևորել է նախաձեռնությունը՝ նշելով. «Սա առանցքային ներդրում է Հայաստանի ապագայի համար: Հավատարիմ մնալով որակի և նորարարության ամենաբարձր չափանիշներին՝ ՔՈԱՖ-ն իր ջանքերն ուղղում է հայ երիտասարդների համար հնարավոր լավագույն կրթության ապահովմանը»։

ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը, ընդգծելով նախաձեռնության կարևորությունը Հայաստանի համար, շեշտել է. «Սյունիքում ՍՄԱՐԹ կենտրոնների հիմնումը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի, հատկապես ներկայիս իրավիճակում»:

Այս նախաձեռնությունն արտացոլում է Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական ներդրումային բանկի և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի համատեղ հանձնառությունը՝ խթանելու կրթությունը, տնտեսական կայունությունը և սոցիալական զարգացումը Սյունիքի մարզում։ 

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղական բնակչության կյանքի որակը՝ կենտրոնանալով մասնավորապես երեխաներին և երիտասարդներին վերաբերող ծրագրերի և կարիքների վրա: ՔՈԱՖի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով Հայաստանում ու Արցախում՝ ավելի քան 82 համայնքներում՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ 100,000-ից ավել գյուղաբնակ շահառուների համար:

ԵՆԲ Գլոբալը ԵՆԲ խմբի նոր մասնագիտացված թևն է, որը նվիրված է միջազգային գործընկերությունների և զարգացման ֆինանսավորման ազդեցության մեծացմանը Եվրոպական միության սահմաններից դուրս: ԵՆԲ Գլոբալը նախագծված է Թիմ Եվրոպա նախաձեռնության շրջանակներում կուռ, կենտրոնացված գործընկերության խթանմանը, ինչպես նաև, որպես Գլոբալ դարպասներ ռազմավարության մաս, ֆինանսական հաստատությունների և քաղաքացիական հասարակության հետ միասին դրանց զարգացմանը: ԵՆԲ Գլոբալն՝ ամբողջ աշխարհում մեր գրասենյակների միջոցով ԵՆԲ խումբն ավելի մոտ է դարձնում տեղի մարդկանց, ընկերություններին և հաստատություններին:

«Global Gateway» (Գլոբալ դարպասներ) համաժողովն առաջին անգամ է անցկացվում միավորելով Եվրոպական միության և ամբողջ աշխարհի կառավարությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև մասնավոր հատվածը, քաղաքացիական հասարակությունը, ֆինանսական հաստատությունները և միջազգային կազմակերպությունները ներկայացնող  հիմնական շահագրգիռ կողմերին և մտքի առաջնորդներին: Համաժողովի միջոցով նրանք խրախուսում են գլոբալ ներդրումներ  փոխակերպվող՝ կոշտ և փափուկ ենթակառուցվածքում՝ կայուն զարգացման նպատակներին հասնելու համար:

 «Global Gateway» (Գլոբալ դարպասներ) նախաձեռնությունը Եվրոպական միության ռազմավարությունն է՝ նվազեցնելու համաշխարհային ներդրումային բացը` խթանելով խելացի, մաքուր և անվտանգ կապերը թվային, էներգետիկ և տրանսպորտի ոլորտներում և հզորացնելով առողջապահական, կրթական և հետազոտական համակարգերը: Գլոբալ դարպասների ռազմավարությունը մարմնավորում է Թիմ Եվրոպայի մոտեցումը, որը միավորում է Եվրոպական միությանը, ԵՄ անդամ պետություններին և զարգացման հարցերով եվրոպական ֆինանսական հաստատություններին: Այն նպատակ ունի 2021-2027 թվականներին մոբիլիզացնել մինչև 300 միլիարդ եվրո պետական և մասնավոր ներդրումներ՝ ստեղծելով էական կապեր, այլ ոչ թե կախվածություններ, և փակելով հ ներդրումների բնագավառում առկա համաշխարհային ճեղքվածքը:

 ՔՈԱՖ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031