Aravot am.-ի հարցերին պատասխանում է ճանաչված թատերագետ, Օտտավայի համալսարանի պրոֆեսոր Յանա Մեերզոնը, որը Երևան է այցելել ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանի հրավերով:
– Տիկին Մեերզոն, Հայաստանն այսօր ապրում է մի փուլ, երբ տեղահանության և միգրացիայի հարցերը ծայրահեղ սուր և ցավոտ են, հատկապես Արցախից բռնի տեղահանվածների համատեքստում: Ինչպե՞ս պետք է թատրոնը արձագանքի նման հումանիտար աղետներին: Պե՞տք է այն լինի փաստագրական վավերագրություն, թե՞ թերապևտիկ գործիք:
– Սա բարդ հարց է, քանի որ միգրացիոն թատրոնը հնարավոր չէ հանգեցնել միայն մեկ ֆունկցիայի։ Այն գոյություն ունի քաղաքական, վավերագրական և թերապևտիկ չափումների հատման կետում։ Միգրացիոն թատրոնը գրեթե միշտ տեղահանության, տան կորստի և աքսորի փորձառությունից է ծնվում: Սակայն անհատական հիշողությունն այստեղ դառնում է գործիք՝ խոսելու ավելի գլոբալ ցավերի՝ պատերազմի, բռնության և տրավմայի մասին: Ուստի, ես չէի հակադրի վավերագրությունն ու թերապիան։ Թատրոնը պահպանում է այն հիշողությունը, որը վտանգված է մոռացվելու, և միևնույն ժամանակ ստեղծում է տարածք, որտեղ նույն ցավն ապրած մարդիկ տեսնում են, որ իրենց պատմությունները լսված են։ Դրա թերապևտիկ ներուժը հենց այդ անտեսանելի կամ անարտահայտելի փորձառությունը կիսելու հնարավորության մեջ է։
Ավելին՝ այս թատրոնը հաճախ ստեղծում են սփյուռքի երկրորդ կամ երրորդ սերնդի ներկայացուցիչները: Այս դեպքում գործ ունենք ժառանգված հիշողության (պոստ-հիշողության) հետ, որտեղ քաղաքական չափումը ծնվում է հենց պատմությունը բարձրաձայնելու և այնպիսի ձայներին բեմ տրամադրելու փաստից, որոնք դուրս են մնում պաշտոնական նարատիվներից:
Կարդացեք նաև
– Իսկ ինչպե՞ս է թատրոնն օգնում մարդուն վերագտնել իր ինքնությունը, երբ նա կորցրել է հայրենիքը կամ տունը:
– Առաջին հերթին, թատրոնը տեսանելի է դարձնում միգրանտի կերպարը՝ բեմ դուրս բերելով նրանց, ում պատմությունները երկար ժամանակ եղել են լուսանցքում: Միգրանտի թիկունքում կանգնած է հիշողության մի հսկա արխիվ՝ կորուստներ, պատերազմներ, ցեղասպանություններ:
Այս տեղային (լոկալ) ցավը համընդհանուրին կապելու համար ժամանակակից թատրոնը հաճախ դիմում է կանոնիկ տեքստերի՝ հունական ողբերգություններին՝ Անտիգոնե, Մեդեա, որտեղ արդեն իսկ կան տան կորստի ու աքսորի թեմաները: Սա օգնում է հանդիսատեսին տեսնել, որ իր անձնական ցավը մարդկության մեծ պատմության մի մասն է։ Այդ պատճառով սա կարելի է անվանել «վկայության թատրոն»:
Մյուս կողմից, թատրոնը ցույց է տալիս, որ ինքնությունը ստատիկ չէ: Միգրացիան փոխում է մարդուն. նա յուրացնում է նոր լեզուներ, նոր մշակութային կոդեր: Թատրոնն այսօր ինքնությունը ներկայացնում է որպես բազմաշերտ, շարժուն և անդրազգային (տրանսնացիոնալ) երևույթ, ինչը թույլ է տալիս նորովի հասկանալ «տուն» և «համայնք» հասկացությունները գլոբալ տեղաշարժերի դարաշրջանում:
– Այսօր աշխարհը գտնվում է աշխարհաքաղաքական մեծ ճգնաժամերի մեջ: Որո՞նք են թատրոնի գլխավոր մարտահրավերները: Պե՞տք է այն քաղաքականանա և դառնա բողոքի ամբիոն, թե՞ պահպանի իր էսթետիկական «մաքրությունը»:
– Թատրոնը երբեք լիովին դուրս չէ քաղաքականությունից, բայց այն նաև չի հանգում միայն քաղաքական հայտարարության: Ուղիղ ակտիվիզմի և էսթետիկ ինքնաբավության արանքում կա գեղարվեստական պրակտիկաների մի մեծ դաշտ, և հենց այդտեղ են ծնվում ամենահետաքրքիր ձևերը։ Պատմությունը ցույց է տալիս, որ ճգնաժամերի և գրաքննության շրջանում (օրինակ՝ խորհրդային թատրոնում) ռեժիսորները դիմում էին այլաբանության, առասպելի ու գրոտեսկի՝ խոսելու իրենց ժամանակի խնդիրների մասին: Էսթետիկական ձևն այստեղ ոչ թե քաղաքականությունից փախչելու միջոց է, այլ այն ավելի խորը հասկանալու գործիք: Երբ թատրոնը դառնում է բացառապես քաղաքական, այն ռիսկ ունի վերածվելու հրապարակախոսության: Իսկ երբ փակվում է միայն էսթետիկայի մեջ, կորցնում է կապը իրականության հետ: Ամենաուժեղ գործերը ծնվում են հենց այդ միջանկյալ տարածությունում, որտեղ գեղարվեստական ձևը թույլ է տալիս ոչ միայն արտացոլել աշխարհը, այլև այն քննադատաբար վերաիմաստավորել:
– Ըստ ձեր դիտարկումների՝ թատրոնը պահպանո՞ւմ է հասարակական կարծիք ձևավորողի իր դերը, թե՞ վերածվում է էլիտար կամ զուտ ժամանցային արվեստի:
– Մենք սիրում ենք ռոմանտիզացնել թատրոնի դերը՝ ասելով, թե այն փոխում է աշխարհը: Սակայն պետք է իրատես լինել. թատրոնը վաղուց դադարել է հանրային հաղորդակցության կենտրոնական ինստիտուտ լինելուց: Այդ ֆունկցիան անցել է մեդիային ու սոցցանցերին: Նույնիսկ ամենահաջողված ներկայացումը խոսում է համեմատաբար փոքր լսարանի հետ:
Բացի այդ, թատրոնը թանկ հաճույք է, ինչը այն դարձնում է որոշակիորեն էլիտար պրակտիկա։ Հաճախ քաղաքական թատրոնը ներկայացնում է գաղափարներ մի հանդիսատեսի, որն արդեն իսկ կիսում է այդ տեսակետները. այսինքն՝ այն ոչ թե փոխում է կարծիքը, այլ հաստատում է եղածը:
Այնուամենայնիվ, թատրոնի ուժն այսօր լոկալ է, բայց ավելի խորը: Այն ստեղծում է հանդիսատեսի ժամանակավոր համայնքներ, դանդաղեցնում է տեղեկատվության սպառման ընթացքը և բացում քննադատական մտածողության տարածք: Լինելով զանգվածային մեդիայի տրամաբանությունից դուրս՝ թատրոնը պահպանում է աշխարհի մասին ավելի բարդ ու նրբերանգներով հարուստ զրույց վարելու ազատությունը: Եվ թեև այդ զրույցը վարվում է սահմանափակ լսարանի հետ, դրա արժեքը չի չափվում մասնակիցների քանակով։
Զրույցը՝ Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԻ


















































