Լրահոս
Օրվա լրահոսը

Հիփոթեքով բնակարան գնելու դեպքում՝ 2027 թվականի հունվարի 1-ից եկամտային հարկը չի վերադարձվելու, եթե գույքը գտնվում է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերում

Նոյեմբեր 23,2023 12:21

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունեց «Հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» որոշման նախագիծը։ Այս նախագիծը նախորդ նիստի օրակարգից վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանել էր, քանի որ, ինչպես ինքն էր ասել՝ նախագծում հակասություններ կային։

Նախագիծը վերաբերում է հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելիս եկամտային հարկի վերադարձին։

«Այս ընթացքում արձանագրեցինք, որ նախագծում որեւէ փոփոխություն անելու անհրաժեշտություն չկա։ Ստացվում է, որ ժամկետները կապվում են հիփոթեքային վարկի ստացման հետ»,-ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ նախագծով նախատեսվում է՝ 2027 թվականի հունվարի 1-ից եկամտային հարկը չի վերադարձվելու, եթե գույքը գտնվում է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերում, 2029 թվականի հունվարի 1-ից հետո եկամտային հարկը չի վերադարձվելու, եթե գույքը գտնվում է այլ մարզերում։

Նշենք, որ 2025 թվականի հունվարի 1-ից Երեւանում դադարում է հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձը։

Սահմանափակումները չեն տարածվում սահմանամերձ բնակավայրերի վրա։

Նախագծով նաեւ սահմանվում է՝ 2025 թվականի հունվարի 1-ից հետո հիփոթեքային վարկի սպա­սարկ­ման համար վճարվող տոկոսների գումարների չափով հիփոթեքային վարկի վարկառուին եւ համավարկառուներին վերադարձման ենթակա եկամտային հարկի ընդ­հանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հիշեցրեց՝ սահմանափակումը չի գործի այն դեպքում, եթե Երեւանի ծայրամասերում կառուցապատման շինթույլտվությունը կառուցապատողը ստացել է 2022 թվականի հունվարի 1-ից առաջ։

Փաշինյանն էլ հիշեցրեց կառուցապատման ոլորտին վերաբերող մեկ այլ օրենք, որը խորհրդարանը վերջերս է ընդունել․ «Դա վերաբերում է հիփոթեքային վարկերի կամ բնակարանների ձեռք բերման էսքրոու հաշիվների կառավարմանը։ Այսինքն, հիփոթեքային վարկերի կառավարման հաշիվների մասին է խոսքը, կարգավորում ենք այն համամասնությունները, որով շինարարական ընկերությունը կարող է օգտագործել քաղաքացիների կողմից վերցված հիփոթեքային վարկերի գումարները։ Սա մեր շուկայի ակտիվության պայմաներում կարեւոր քայլ է սպառողների իրավունքները պաշտպանելու համար, բավականին լավ մեխանիզմներ են դրվել։

Ըստ այդմ՝ 2025 թվականի հունվարի 1-ից գործելու է կարգավորում, որ նոր ձեռքբերվող բնակարանի գնի վերջին 5%-ը շինկազմակերպությունը կստանա բնակարանը արդեն փաստացի բնակարանատիրոջը հանձնելուց հետո, որպեսզի քաղաքացին տեսնի իր բնակարանը ու արձանագրվի, որ շինարարությունը տեղի է ունեցել պայմանագրի եւ շահառուի ողջամիտ ակնկալիքներին համապատասխան։ 2025 թվականի հունվարի 1-ից շինկազմակերպությունը էսքրոու հաշիվների գումարներն առանց լրացուցիչ նախապայմանների կարող է օգտագործել միայն 50%-ով, իսկ մնացած 50%-ը կարող են օգտագործել ըստ շինարարության փաստացի կատարված ծախսերի»։

2024 թվականի հուլիսի 1-ից, ինչպես ներկայացրեց վարչապետը, ավելի մեղմ կարգավորում է սահմանված՝ շինկազմակերպություններն առանց նախապայմանի կարող են օգտագործել քաղաքացիների կողմից ներդրված գումարի 70%-ը։

«Էրեխեք, հասկացա՞ք ինչի մասին ենք խոսում։ Բարդ ենք խոսում»,-ասաց Փաշինյանը՝ դիմելով նիստին ներկա ՄԻՊ առընթեր «Երեխաների եւ երիտասարդների հարցերով» հասարակական խորհրդի անդամներին։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930