Լրահոս
Օրվա լրահոսը

Շինարարության ոլորտում դժբախտ պատահարների թվի աճ է գրանցվում. Ejc.am

Նոյեմբեր 29,2023 18:13
shinararutyun

Ejc.am. Ըստ ՀՀ ՆԳՆ ոստիկանության տվյալների՝ վերջին 3,5 տարիներին (2020-2023-ի մայիս) շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնները խախտելու պատճառով գրանցվել է 127 պատահար, որից 27-ի դեպքում աշխատողի մահ կամ այլ ծանր հետևանք է արձանագրվել։ Այս տարվա միայն հունվար-մայիս ամիսներին արձանագրվել է 55 դեպք, որից 10-ի դեպքում մահվան կամ այլ ծանր հետևանքով ելք է գրանցվել: 2022 թվականին գրանցվել է 14 դեպք (համահավաք տեղեկատվական աղբյուրը՝ «Հետք» առցանց պարբերականի)։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից ejc.am-ին տեղեկացրել են, որ 2021-2023 թվականների ընթացքում Տեսչական մարմնի աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչությունը և տարածքային կենտրոնների մասնագիտական ստորաբաժանումները դժբախտ դեպքերի ծառայողական և տեխնիկական քննության վերաբերյալ ստացել են հետևյալը՝ շինարարության ոլորտում՝ 18, հանքարդյունաբերության ոլորտում՝ 15 նյութ։ Նույն ժամանակահատվածում շինոլորտի 16 կազմակերպություններում դժբախտ դեպքի վերաբերյալ հարուցվել է 16 վարչական վարույթ, հանքարդյունաբերական 1 կազմակերպությունում՝ 1 վարույթ։

Կառուցապատողների հայկական ասոցիացիայի փոխնախագահ Արայիկ Քուրդյանը ejc.am-ի հետ զրույցում նշել է, որ շինարարության ոլորտում դժբախտ պատահարների թվաճը պայմանավորված է շինարարության լայն ծավալներով. «Շինարարական ծավալի այն աճը, որը հիմա կա, բերում է նորմատիվ իրավական ակտերի պահպանման նկատմամբ հսկողության թուլացման։ Այսինքն՝ չեն հասցնում պատշաճ վերահսկողություն իրականացնել։ Օրինակ՝ փորձառու կառուցապատողները, գիտեն, որ շինհրապարակում պարտադիր  է ունենալ անվտանգության մասնագետներ՝ տեխնիկներ, որոնք հրահանգավորում են աշխատակիցներին, թե ինչ պետք է անել, որպեսզի տեխնիկական պահանջները կատարվեն, և դժբախտ պատահարներ չգրանցվեն։ Ակնհայտ է, որ անվտանգության տեխնիկի հրահանգավորման արդյունքում դրանց թիվը  հասցվում է նվազագույնի։ Բոլորս էլ հասկանում ենք, որ շինարարության ոլորտը կենդանի մեխանիզմ է, հետևաբար 100 տոկոսով հնարավոր չէ բացառել դժբախտ դեպքերը։ Դա նույն է, թե ասենք՝ ավտոմեքենա վարելիս բացառվում է  ՃՏՊ։ Կոպիտ օրինակ կարող է լինել, բայց, եթե ղեկին նստած անձն ամրագոտին կապում է, պատահարի դեպքում մահվան ելքերը քիչ են լինում։ Նույն էլ այստեղ է, եթե անվտանգության տեխնիկը պատշաճ կատարում է իր աշխատանքային պարտականությունները, ապա նորմերը պահպանվում են, և դժբախտ պատահարների թիվը կարող է նվազագույնի հասցվել»։

Մեր հարցին, թե արդյոք կա՞ պետական համապատասխան վերահսկողություն, որպեսզի շինհրապարակները պարտադիր ունենան անվտանգության տեխնիկներ, Արայիկ Քուրդյանը պատասխանեց, որ Երևանի ավագանու նոր որոշմամբ՝ ավելի են խստացվել շինհրապարակների կազմակերպման հրահանգավորումներն ու կանոնները։ «Բայց դրանց պահպանումը առավել  կախված է բարեխիղճ կառուցապատող-բարեխիղճ շինարար փոխհարաբերություններից։ Եվ հիմա, կարծես  թե, շուկան գնում է նրան, որ այդ հարաբերությունները կարգավորվեն»,- հավելեց նա։

Մեր զրուցակցի խոսքով՝ համեմատական վերլուծություն չունեն, թե դժբախտ պատահարների քանի՛ տոկոսն է գրանցվում շինարարության ոլորտում։ «Երբ շինհրապարակում դեպք է պատահում, ամբողջ համացանցը ողողվում է այդ տեղեկությամբ, իսկ հանքարդյունաբերության ոլորտում տեղի ունեցած դժբախտ պատահարի մասին ոչ ոք չի իմանում։ Այդ պատճառով թվում է՝ շինոլորտում դեպքերի թիվը մեծ է»,- ասում է նա։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930