Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Անսպասելի բացահայտումներ ժողովրդի մասին

Դեկտեմբեր 02,2023 10:00
joxovurd

30 տարուց ավելի հետեւելով քաղաքական կյանքին՝ ես, բնականաբար, չեմ զարմանում քաղաքական գործիչների ցինիզմի, նենգության եւ փարիսեցիության վրա: Դա, կարելի է ասել, մասնագիտական առանձնահատկություն է. ինչպես աճպարարի գործը լայնեզր գլխարկից նապաստակ հանելն է, այնպես էլ քաղաքական գործչի աշխատանքի հիմնական մասն է մարդկանց խաբելն ու մոլորեցնելը: Ոմանց մոտ դա լավ է ստացվում, ոմանց մոտ վատ՝ կախված է «վարպետության» մակարդակից:

Այնուամենայնիվ, որոշ բաներ վերջին 2-3 տարիների ընթացքում ինձ համար անսպասելի էին, եւ դրանք վերաբերում են ոչ թե գործիչներին, այլ հասարակությանը, զանգվածներին, ժողովուրդներին՝ ինչպես ուզում եք, անվանեք: Նախ՝ ինձ զարմացնում է Ռուսաստանի ժողովուրդը, որն արդեն համարյա երկու տարի է՝ շարունակում է ոգեւորված մնալ Պուտինի կողմից սանձազերծած անիմաստ, եղբայրասպան պատերազմով, որը երկու կողմերից արդեն խլել է, որոշ տվյալներով՝ 300 հազարական մարդկային կյանքեր, ավերակ է դարձրել մի քանի տասնյակ քաղաքներ, փախստական է դարձրել միլիոնավոր մարդկանց: Այդ ի՞նչ կայսրական մոլուցք են սրսկել մարդկանց մեջ, որ նրանք այդ ամենը հավանում են:

Պակաս անսպասելի չէ ինձ համար հայաստանցիների մեծամասնության կեցվածքը, որը շարունակում է երկրպագել երկիրը խայտառակ պարտության տարած, ոչ միայն Արցախը, այլեւ Հայաստանի տարածքի 200 քառակուսի կիլոմետրը հանձնած ղեկավարին: Ավելին՝ այդ մեծամասնությունը ողջունում է նաեւ հետագա «հանձնումները», որոնք, ի վերջո, կբերեն պետականության կորստին: Ես, մեղմ ասած, զարմանքով հասկացա, որ պետականությունն այդ մեծամասնությանը պետք չէ: Եթե ավելի մանր օրինակ բերենք, ապա կհիշենք, թե ինչպես էին մարդիկ իրենց ճղում «կարմիր գծերի» պատճառով, իսկ հիմա պատրաստ են այդ նույն գծերի համար Երեւանի փոքր կենտրոնում վճարել 13 անգամ, իսկ մնացած տեղերում՝ կրկնակի ավելի մեծ գումար:

Ինձ համար տհաճ անակնկալ են նաեւ մեր ժողովրդի մեջ ռասիզմի դրսեւորումները: Ոմն «ազգասեր» ոչ միայն ստորացրել է հնդիկ բանվորին, այլեւ նկարահանել է այդ ստորացման ընթացքն ու տարածել է համացանցով: Մենք վրդովվում ենք, չէ՞, երբ Մոսկվայի կամ Բեռլինի փողոցում այդպիսի վերաբերմունք են դրսեւորում հայ միգրանտների նկատմամբ: Հնդիկները, որոնց քաղաքակրթությունն, ի դեպ, նույնքան հին է, որքան մերը, դա անվանում են «կարմա»: Դու բացասական իմպուլսներ ես ուղարկում տիեզերք եւ ճիշտ այդպիսի իմպուլսներ ստանում ես: Բարեբախտաբար, հակառակն էլ է ճիշտ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Սահակ Հակոբյան says:

    Հարգելի պարոն Աբրահամյան։
    Ամենազավեշտալին այն է, որ դուք համ զարմացած եք Ռուսաստանի ժողովրդի վրա, որոնք իրենց կարծիքով ռոըաական հողերն ազատագրելու գործողությքւններով ոգեվորված են, համ էլ զարմացած եք հայկական հողերն կորցրած առաջնորդին երկրպագող հայերի վրա։
    Կոգնիտիվ դիսոնանս

  2. Սահակ Հակոբյան says:

    Իրականում ամեն ինչ շատ հստակ է։
    Ռուսաստանի բնակչության մեծամասնության այդ մտածելակերպի հետևանքով իրենց երկիրն աշխարհում ամենամեծն է, իսկ Հայաստանի բնակչության շատերի մտածելակերպի արդյունքն ՝ պետականության կորստի վտանգը։
    Եվ ամենահետաքրքիրն այն է, որ լինելով ԽՍՀՄ մաս, ռուսների հետ ապրելով, հայերի մեջ արթնացավ պետականության վերականգնման անկասելի մենթալիտետ։

  3. Լավատես says:

    Ինչպե՞ս «ազգասեր» ին կրթել դաստիարակել եւ արդյունքում ստանալ ազգասեր, սա մեր հզոր ազգասեր մտավորականության խնդիրն է եւ պետք չի թույլ «ազգասեր» ից պահանջել հզոր ազգասիրություն: Մեր ժողովուրդն իհարկե իր գեներով հզոր քաղաքակրթության կրող է եւ թշնամին դա գիտակցելով միշտ թիրախավորում է ժողովրդի մտավորականությանը՝ ստեղծելով անջրպետ ժողովրդի եւ իր հարազատ մտավորականության միջեւ: Երբ ամենահասանելի լրատվամիջոցներով մեր ժողովուրդին հասանելի դառնան իր մտավորականության կրթական եւ դաստիարակչական առաքելությունը, այդ ժամանակ մեր ժողովրդի հզոր քաղաքակրթական պոտենցիալը լույս աշխարհ կգա եւ կտարածվի աշխարհով մեկ՝ ի զարմանս մեր իսկ ժողովրդի, ով չէր էլ գիտակցում իր համաշխարհային հզոր արժեքների եւ իր առաքելության մասին մյուս ժողովուրդների հանդեպ՝ իրենց ազգասիրության աճեցման համար: Նման բարձր արժեքների կրողներ են նաեւ մեզ նման հին ազգերը, որոնք նույնպես կորցրել են կապը իրենց հզոր մտավորականության հետ, միավորվենք նրանց մտավորականության հետ եւ ճանապարհ հարթենք դեպի մեր ժողովուրդների ուղեղն ու սիրտն ու հոգին ու ոգին ու բազուկը: ՄԻԱՑՈ՛ՒՄ:

  4. Հայ մարդ says:

    Համամիտ եմ Սահակ Հակոբյանի այն կարծիքի հետ, որ Ռուսաստանի մեծ տարածքներ ունենալը ռուս ժողովրդի մեծամասնության այդպիսի մտածելակերպ ունենալու արդյունքում է եղել:
    Եթե ընդամենը դիտարկենք Վլադիվոստոկ, Վլադիկավկազ և Վլադիմիր քաղաքների անունների ծագումնաբանությունները՝ владеть Восток, владей Кавказом և հին սլավոներենով владети мир (աշխարհակալ), ապա նոր բացատրությունների կարիք չի զգացվում:

    Ինչ վերաբերում է «կարմիր գծերի» թանկացմանը մարդկանց չարձագանքելուն, կարծում եմ դրա պատճառը ժողովրդի գլխին իրար ետևից իջեցված ծանր հարվածներն են՝ պատերազմի պարտություն, հազարավոր զոհեր ու խեղանդամվածներ, հարյուրավոր անհետ կորածներ, տասնյակ գերիներ, պատերազմում զոհվածների ծնողների նկատմամբ բերետավոր ոստիկանների լկտի պահվածք, ամբողջ Արցախի կորուստ, շուրջ 120 հազար արցախցիների բռնի տեղահանություն և եթե դրանց էլ գումարենք քաղբանտարկյալների վրա կարված քրեական գործերն ու դատավարությունները, արտերկրից ընտանիքներին օգնություն ուղարկվող դոլարի և ռուբլու կտրուկ արժեզրկումները, բնակարանների առք ու վաճառքի խայտառախ բարձր գները, բնակարանային վարձավճարների թռիչքային թանկացումները, հարկատուներիս վճարումներով քպ-ականների պարգևավճարային հարստացումները, ապա կարելի է հասկանալ, որ նիկոլն իր թիմով ՀԱՅԵՐԻՆ խեղդելու ճանապարհն է շարունակում, իսկ ժողովուրդն էլ կարծես շնչահեղձ է լինում – դրա արդյունքում էլ նվազել է հասարակության ինքնապաշտպանության էներգիան:

    Այսպիսի դեպքերում իր արժանապատիվ և վճռական խոսքը պետք է ասեր ազգային էլիտան, բայց կյանքը ցույց է տալիս, որ մեր իսկական էլիտան բավականաչափ սակավ է, իսկ էլիտայի «վկայականների» մեծ մասը ստացել են ճարպիկ քաղքենիները:

  5. Հայ մարդ says:

    Ես եբեմն անհարմար եմ զգում իմ երկար մեկնաբանությունների համար, քանի որ ընթերցողին դա կարող է հոգնեցնել, բայց հաճախ հնարավոր չի լինում համառոտ գրել, ինչպես հիմա.
    Հնդիկին նվաստացնելու երևույթը իհարկե շատ տգեղ է, բայց պետք է հասկանալ ռասիզմի առաջացման տարբեր պատճառները: Ռասիզմը հաճախ առաջանում է իր ազգի ապագայի նկատմամբ դեմոգրաֆիկ կրիտիկական փոփոխությունների վտանգ զգալու դեպքում: Այսպիսի օրինակ՝ առավոտյան աշխատանքի գնալիս բարձրանում ես ավտոբուս և լինում են դեպեր, երբ չորս կողմդ կանգնած են լինում հնդիկներ կամ մուգ մաշկով այլ ազգությունների ներկայացուցիչներ՝ իրենց արևելյան և հարավային հոտավետություններով: Հայերիս համար սա անսովոր վիճակ է, երբ ավտոբուսում կարող են լինել վիճակներ, երբ դու դառնում ես ազգային փոքրամասնություն: Մեջդ վախեր են առաջանում՝ իսկ եթե այսպիսի տեմպերով բնակչության մեծ ավելցուկով Հնդկականից հարյուր հազարավոր էժան աշխատուժ շարունակաբար հայտնվի մեր երկրում, ապա մենք ոչ միայն ավտոբուսում, այլև ամբողջ Հայաստանում կդառնանք ազգային փոքրամասնություն:
    Հետո մտածում ես, եթե պետությունը օտարերկրյա աշխատուժի մուտքը դեպի մեր երկիր որևէ ձևով չի կարգավորում և թողնում է ինքնահոսի, ապա մեր հայկական բարեհամբյուր հյուրընկալությունն այս դեպքում արդյո՞ք սխալ չէ:
    Մի կողմից Հայաստանում շատանում են ռուս-ուկրաինական պատերազմի զորակոչից խուսափող ռուսներն ու ուկրաինացիները, մյուս կողմից էլ՝ հնդիկներն ու սևամորթները, իսկ նիկոլի խաղաղության խաչմերուկի ծրագրից էլ ադրբեջանական անկլավների «հոտ» է գալիս… մի խոսքով՝ մեր երկրի վաղվա դեմոգրաֆիկ անկանխատեսելի հեռանկարից կարելի է գժվել և այս դեպքում, ակամայից, փոքր-ինչ ներողամիտ ես դառնում հնդիկին նվաստացնողի նկատմամբ:

  6. Nimar says:

    Հետաքրքիր կլիներ իմանալ, թե ներկայումս Ադրբեջանը քանի քառակուսի կիլոմետր տարածք չի վերահսկում։
    Ոչ մեկին չի՞ հետաքրքրում։ Պաշտպանության նախարարին ոչ ոք չի՞ հարցրել. Հավանաբար, ընդունված չէ խոսել այս մասին, միշտ ավելի հեշտ է բարձրաձայն վրդովվել միայն այն բանից, որն այս պահին ձեռնտու է օգտագործել ինչ-որ մեկի դեմ: Սա նույնպես զանգվածային հոգեբանության առանձնահատկությունն է։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031