Լրահոս
Օրվա լրահոսը

Դեպի առաջադեմ աշխարհ գնալու ու ոտքի կանգնելու հնարավորություն ունենք. Արամ Սարգսյան

Դեկտեմբեր 11,2023 22:30
Aram Sargsyan

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԼՈՒՅՍԸ

Աշխարհը այլևս նույնը չի լինի՝ այս տեսակետին են գրեթե բոլոր գերտերությունների ղեկավարները։ Իսկ ինչպիսի՞ն կլինի, և՝ ի՞նչ պետք է անեն ոչ գերտերությունները այլևս փոփոխված աշխարհում…

Ես քաղաքագետ չեմ, առավել ևս աշխարհաքաղաքականության մասնագետ, բայց կփորձեմ, իրողությունները համադրելով, վերլուծել, այնպես որ՝ խիստ չդատեք։

21-րդ դարը ակնհայտ դարձրեց, որ ավելի բարեկեցիկ ու պաշտպանված են ապրում այն պետություններում, որոնք գիտելիք են ստեղծում։ Իսկ ո՞ր պետություններն են գիտելիք ու նոր տեխնոլոգիաներ ստեղծում։ Ակնհայտ է՝ ժողովրդավարության ուղին բռնած պետությունները, որովհետև ստեղծագործել ու նորը ստեղծել կարող է միայն ազատ մտածող մարդը, որ ունի մտածածը իրականացնելու նյութական հնարավորություններ։ Բնականաբար՝ ավտոկրատ ղեկավարներին այս իրավիճակը չի բավարարում, սեփական իշխանությունը պահելու ու ժողովրդի ընդվզումը ճնշելու միջոցը նրանք գտնում են մեղքը արտաքին թշնամու վրա բարդելով՝ ռազմական գործընթացներ սկսելու տարբերակի մեջ, նման պահվածքի մղելով առաջին հերթին իրենց ազդեցության տակ գտնվող փոքր պետություններին ու ցեղախմբերին։ «Ժողովրդավարությունը ավելի լուրջ պաշտպանության կարիք ունի» ասում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և օժանդակում է ինչպես ռազմական, այնպես էլ ժողովրդավար երկրներին բնորոշ հիմնական առավելության գործիքակազմով՝ գիտելիքահեն, մոբիլ և զարգացող աշխարհի հետ կապող տեխնոլոգիական տնտեսություն ձևավորելով։

Բարեբախտաբար Հայաստանը ընտրել է ժողովրդավարության ուղին և, ի պատիվ ու ի մեծարում մեր ժողովրդի, անգամ պատերազմով և 3000-ամյա հայրենիքից բռնի տեղահանումով, հետադիմական համակարգը չկարողացավ կոտրել մեր ժողովրդի ոգին և իր ձեռքի տակ եղած գործակալ մարիոնետներով վերածել Հայաստանի Հանրապետությունը Չեռնառուսի Հանրապետության։ Նոր, վերափոխվող աշխարհում հայ ժողովուրդը իր ուղին ընտրել է՝ դեպի ժողովրդավարություն, դեպի արարում ու գիտելիք, որ ճանապարհ է դեպի լույսը, որը հաղթելու է և որը այլընտրանք չունի… Քաղաքակիրթ աշխարհը գնահատել է մեր ժողովրդի տոկունությունը և մեզ օգնում է ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական, տնտեսական և, ինչը հիմա շատ էական է, լոգիստիկ խնդիրներում։ ԱՄՆ Պետդեպարտամենտը Օ Բրայանի շուրթերով հայտարարեց, որ եթե Ադրբեջանը փորձի ուժային տարբերակով ճանապարհ բացել, ԱՄՆ-ը կօգտագործի ողջ գործիքակազմը, իսկ եթե ճանապարհը անցնի իրենց համար ոչ ընդունելի ուղիով, թույլ չեն տա, որ գործի։

Թուրքիան, որ Ադրբեջանի հետ նույն գծի մեջ է, իր տնտեսությունը ոտքի կանգնեցնելու համար որոշել է սկսել տրանսպորտային կապուղիներից, որի արդիականացման համար անհրաժեշտ է 30-35 միլիարդ դոլարի ներարկում։ Էրդողանը այդ խնդիրը լուծելու համար մեկնեց նախ Սաուդյան Արաբիա, հետո Արաբական Միացյալ Էմիրություններ։ Ըստ որոշ լրատվական աղբյուրների՝ սաուդները համաձայնել են տրամադրել միջոցներ, եթե Թուրքիայով կառուցվող կապուղիները շրջանցեն Իրանը: Այդ դեպքում այլընտրանքը  Հայաստանով է։ Ստացվում է, որ կամ Թուրքիան պետք է հրաժարվի իր տրանսպորտային ծրագրերից, կամ պարտադրի Ալիևին խաղաղության համաձայնագիր ստորագրել։ «Մենք ամերիկյան կողմին ասացինք, որ Թուրքիան աջակցում է երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրին և անում է հնարավորը, որպեսզի փաստաթուղթը ստորագրվի։ ԱՄՆ-ը նույն դիրքորոշումն է զբաղեցնում։ Մենք համոզված ենք, որ տարածաշրջանում կարգավորումը բխում է հենց տարածաշրջանի շահերից»՝ սա Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի խոսքն է ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենի հետ հանդիպման ժամանակ։ Հնդկաստանը ոչ միայն սպառազինություն և ռազմատեխնիկական օժանդակություն է ցուցաբերում մեզ, այլև ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ պատրաստ է առանձին տարածք տրամադրել ՀՀ-ին իր նավահանգիստներում։

Բայդեն-Սի Ձինպին հանդիպումից հետո, երբ հայտարարեցին, որ աշխարհը բավականին մեծ է, որ երկու երկրները գործելու տարածք ունենան, Չինաստանի դեսպանը ՀՀ-ում հայտարարեց, որ Պեկինը շահագրգռված է, որ իր «Մեկ ճանապարհ, մեկ գոտի» Եվրոպային միացնող մայրուղին անցնի Հայաստանով։ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է բոլորի շահերից… Որ սաուդները վաղեմի թշնամանք ունեն Իրանի նկատմամբ, հայտնի փաստ է, բայց որ առանց Արևմուտքի գործուն քաղաքականության ոչ Սաուդյան Արաբիան իրեն այդպես կդրսևորեր և ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատեր, ոչ Հնդկաստանը զենք կմատակարարեր, ոչ էլ Չինաստանը առաջարկներ կաներ, փաստ է նույնպես։ Արտերկրում ապրող իմ փորձառու ընկերներից մեկը կարծում է, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ու ամբողջ խնդիրը վայրն է՝ որտե՞ղ կստորագրվի։ Ես վստահ չեմ, բայց եթե այդպես է, վայրը գերկարևոր է: 2020-ի պատերազմից հետո էլ, մեր հորդորներին հակառակ ասում էին, որ կարևորը խաղաղարարներ լինեն ու շփման գիծ, թե ո՞ր երկրինն են լինելու, այդքան էլ կարևոր չէ, հետևանքը բոլորս տեսանք։ Եթե պատրաստ է խաղաղության փաստաթուղթը ստորագրման, միանշանակ պետք է ստորագրվի Արևմուտքում, նախ որովհետև Արևմուտքի ջանքերով է, որ կարող է իրականություն դառնալ և դեպի Արևմուտք ճանապարհն է, որը հնարավորություն է ստեղծում 5-6 տարում վերականգնել մեր ռազմական բալանսը, դիվերսիֆիկացնել տնտեսությունը ու դառնալ գիտելիք ստեղծող և առաջադեմ աշխարհի մաս։ Հակառակ պարագայում Ադրբեջանը, հայելային քաղաքականություն վարելով, արդյունքներ է գրանցելու և իր սուտը ճշտի տեղ է անցկացնելու։

Մենք ասում ենք Արցախը հայկական է, Ալիևը ասում է՝ Զանգեզուրը ադրբեջանական է։ Մենք ասում ենք արցախահայությունը պետք է հայրենիք վերադառնա, Ալիևն ասում է՝ ադրբեջանցիները պետք է «Արևելյան Զանգեզուր» վերադառնան։ Արցախը ինքնավար մարզ է եղել, իսկ ՀՀ-ում ադրբեջանաբնակ Զանգեզուրի ինքնավար մարզ չի եղել։ Ամբողջ աշխարհը գիտի հայոց ցեղասպանության մասին, հիմա էլ՝ Արցախի շրջափակման, հետո՝ էթնիկ զտման, Բաքուն նման հիմնավորում չունի։ Ադրբեջանը առավելագույնն է փորձում պոկել, որովհետև ռազմական առումով հիմա ուժեղ է։

Մեզ էլ պետք է ուժեղանալ, և Ադրբեջանը իրեն այդպես չի պահի: Փաստը 29 տարի առաջվա իր պահվածքն էր, երբ ոչ թե Հայաստանի, այլ Արցախի բանակի հրամանատարի ստորագրությամբ խաղաղություն էր խնդրում: 1994-ին և 2020-ին ստորագրված փաստաթղթերի երաշխավոր ընտրեցինք ՌԴ-ին, ու ի հետևանք ոչ միայն չզարգացանք, չուժեղացանք, այլև պարտվեցինք ու ծանր կորուստներ ունեցանք։ Փառք Աստծո, հիմա ի պատիվ մեր ժողովրդի՝ ընտրության ու տոկունության՝ դեպի առաջադեմ աշխարհ գնալու ու ոտքի կանգնելու հնարավորություն ունենք ու այդ հնարավորությունը որևէ պարագայում բաց չենք թողնելու»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նահանջ, նահանջ մինչև վերջ.

    Լավ է մայրդ այս ամենը չի կարդում:
    Չեմ հիշատակում Վազգենին:
    Լոկ բառակույտ գավառական
    Առանց փշուր մը մտքի…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031