Լրահոս
Օրվա լրահոսը

«Նվազեցնում եք բարձր ինտելեկտուալ կադրերի հոսքը բանակ, տանում ենք բանվորագյուղացիական բանակի ստեղծման»․ Արթուր Խաչատրյան

Դեկտեմբեր 12,2023 13:34 Share

«Որքանո՞վ է ձեր այս նախագիծն ազդելու բանակի ինտելեկտուալության վրա»,- ԱԺ արտահերթ նստաշրջանում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Հայկ Սարգսյանն ի պատասխան ասաց․ «Այս օրենքի նախագիծը մեր բանակին տալու է հնարավորություն՝ նոր զորակոչիկներ եւ նոր ֆինանսական միջոցներ ներգրավելու, որն այս պահին չունենք։ Մեր քաղաքացիները, ում 27 տարին լրացել է, վերադարձել են, որեւէ պատրվակով խուսափել են պատասխանատվությունից, օրինակ, ասել են՝ վատառողջ եմ, 18 տարեկանում էլ եմ եղել վատառողջ։ Եվ այս հանգամանքով բազմաթիվ քրեական գործեր կարճվում են, քաղաքացիները ոչ դատապարտվում են, ոչ էլ ծառայում են։ Իմ օրենքի նախագծի ընդունման դեպքում, եթե քաղաքացին վերադառնա, անգամ մենք տեսնենք, որ նա պիտանի չէ պարտադիր զինվորական ծառայության համար, նա պարտավոր կլինի վճարել 15 մլն դրամ։ Այսօր հազարավոր քրեական գործեր ունենք կարճված, քաղաքացիները չեն ծառայել եւ չեն էլ դատապարտվել»։

Արթուր Խաչատրյանը հարցրեց․ «Այսօրվա բանակը 50 տարի առաջվա բանակը չէ, այսօրվա զենքը, կապի միջոցները բարձր ինտելեկտուալ պատրաստվածություն են ենթադրում։ Մենք սրանով տանում ենք բանվորագյուղացիական բանակի։ Ես ուզում եմ ասել՝ այն երիտասարդը, ով իր մտավոր կարողություններով կարող է ավելի շատ փող աշխատել քաղաքացիական կյանքում, ինքը կդնի ու կհաշվարկի՝ այսքան տամ բանակից ազատվեմ եւ գնամ փող աշխատեմ։ Սրանով դուք արդյոք չեք նվազեցնում բարձր ինտելեկտուալ կադրերի հոսքը բանակ»։

Ի պատասխան՝ Հայկ Սարգսյանն ասաց, որ ուղիղ հակառակն է։ «Սրանով մենք ձեր նշած բարձր ինտելեկտուալ մարդկանց բերում ենք բանակ, որովհետեւ, ընդունենք, մարդն ավարտել է աշխարհի լավագույն  համալսարանները, նրա 27 տարին լրացած է, նա ցանկանում է գալ բանակում ծառայել, բայց չունի նման հնարավորություն։ Ձեր ասած ինտելեկտուալները, ովքեր ունեն գումար, սովորել են, աշխատում են, օրենքի ընդունման արդյունքում կունենան հնարավորություն ծառայելու եւ իրենց գիտելիքներն ի շահ մեր պետության ծառայեցնելու։ Եվ սա կբերի ինտելեկտուալ բանակի ստեղծմանը։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ ասում եք՝ սա միտված է բանվորագյուղացիական բանակ ստեղծելուն, կասեմ, որ այդպես չէ։ Մեր փոփոխություններով՝ այսօր շարքային կազմի պայմանագրային զինծառայողը, եթե ատեստավորումը հանձնի եւ ստանա գերազանց գնահատական, նա կստանա ավելի քան 500 հազար աշխատավարձ»,- ասաց Սարգսյանը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031