Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի փորձագիտական կարծիքը Լեւոն Բարսեղյան/aravot.am դիմումների շուրջ

Դեկտեմբեր 12,2023 17:31

Դիտորդ մարմնի կազմը

Դավիթ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Նարինե ԱՎԵՏԻՍՅԱՆ
Ռուբեն ԲԱԲԱՅԱՆ
Լեւոն ԲԱՐՍԵՂՅԱՆ
Շուշան ԴՈՅԴՈՅԱՆ
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Արա ՂԱԶԱՐՅԱՆ
Աշոտ ՄԵԼԻՔՅԱՆ
Գնել ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
Բորիս ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արա ՇԻՐԻՆՅԱՆ
Նունե ՍԱՐԳՍՅԱՆ
Վիգեն ՍԱՐԳՍՅԱՆ
Անժելա ՍՏԵՓԱՆՅԱՆ

ԶԼՄների էթիկայի դիտորդ մարմնի փորձագիտական կարծիքը

Aravot.am լրատվական կայքի 2023թ․ հոկտեմբերի 15-ի՝ «Այ чушкаներ, բա ասում էիք՝ Հայաստանը թող չխառնվի Արցախի գործերին», «պիտի ստանան ոչ թե աշխատավարձ, այլ լեն չափալախ». Անեծքների նոր ալիք՝ արցախահայերի հասցեին» վերնագրով նյութի կապակցությամբ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի դիմումի, եւ նույն դեպքին առնչվող՝ Լեւոն Բարսեղանի ֆեյսբուքյան էջում հոկտեմբերի 11-ին հրապարակված գրառման կապակցությամբ Aravot.am-ի դիմումի վերաբերյալ։

Ա ՓԱՍՏԵՐ

1․ 2023թ․ հոկտեմբերի 11-ին Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Mediahub.am կայքին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ ՀՀ իշխանությունները պարտավոր են Արցախի պետական աշխատողներին փոխանցել նրանց աշխատավարձերը, քանի որ, ըստ նրա, Արցախի պետական բյուջեի գումարները ՀՀ իշխանությունն է տնօրինում։

2.Հոկտեմբերի 15-ին Aravot.am կայքում հրապարակվել է «Այ чушкаներ, բա ասում էիք՝ Հայաստանը թող չխառնվի Արցախի գործերին», «պիտի ստանան ոչ թե աշխատավարձ, այլ լեն չափալախ». Անեծքների նոր ալիք՝ արցախահայերի հասցեին» վերնագրով հոդված, որում հեղինակը հավաքել է Մետաքսե Հակոբյանի հիշյալ հայտարարության վերաբերյալ մի քանի հանրային գործիչների, այդ թվում Լեւոն Բարսեղյանի գրառումները ֆեյսբուքում, ինչպես նաեւ հրապարակել է այդ գրառումների ներքո արված մի քանի տասնյակ մեկնաբանությունների լուսապատճենները՝ եզրահանգելով, որ այս գրառումները «արցախահայության հասցեին հայհոյախոսության ու լուտանքերի ալիք են բարձրացրել»։

3.Հոկտեմբերի 16-ին ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմին է դիմել Լեւոն Բարսեղյանը եւ մասնավորապես նշել, որ «արցախահայություն» արտահայտությունը ընդհանուր ձեւակերպում է, այնինչ, իր կարծիքով, Aravot.am-ի հրապարակումից ակնհայտ է, որ ֆեյսբուքյան գրառումների եւ մեկնաբանությունների թիրախը ոչ թե արցախահայությունն է, այլ Արցախի պատգամավորը կամ պատգամավորները։ Բարսեղյանի պնդմամբ՝ լրատվամիջոցն այսպիսով մանիպուլացրել կամ նենգափոխել է տեղի ունեցածը՝ վերնագրում եւ տեքստում արված ձեւակերպումներով տպավորություն ստեղծելով, թե գրառումների հեղինակներն արտահայտվել են ամբողջ արցախահայության դեմ։

4.Դիտորդ մարմինը հոկտեմբերի 17-ին դիմել է Aravot.am-ին՝ տեղեկացնելով, որ ԴՄ-ն առաջիկայում քննարկելու է դիմումը, եւ առաջարկել է քննության անաչառությունն ու բազմակողմանիությունն ապահովելու համար ներկայացնել նաեւ խմբագրության տեսակետը:

5.Ի պատասխան՝ կայքի խմբագրությունը գրավոր ներկայացրել է մի շարք առարկություններ։ Մասնավորապես, համադրելով հասարակական գործիչների հրապարակած՝ խնդրո առարկա գրառումները, խմբագրությունը եզրահանգում է, որ վերնագիրը «ոչ միայն բխում է նյութի բովանդակությունից, այլ ուղիղ մեջբերված է հենց այդ գործիչների գրառումներից»։ Ուստի, ըստ «Առավոտի», հիմնազուրկ են դիմումատուի պնդումները, թե վերնագիրը մանիպուլյատիվ է կամ չի բխում նյութի բովանդակությունից։

Անդրադառնալով Լ․ Բարսեղյանի դիմումի մեջ հնչող դիտարկմանը՝ թե «արցախահայություն» արտահայտությունն ընդհանրական է, իսկ իր գրառման ու մեկնաբանությունների թիրախը Արցախի պատգամավորն է կամ պատգամավորները, «Առավոտը» մեջբերում է Արցախի Հանրապետության Սահմանադրության 110 հոդվածը, ըստ որի՝ «Պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին»․․․ այսինքն՝ ժողովուրդը վստահությամբ պատվիրակում է պատգամավորին, որպեսզի նա հանդես գա իր անունից եւ ներկայացնի հենց ժողովրդին, այն է՝ արցախահայությանը։ Բացի դրանից, ըստ խմբագրության պարզաբանման, Արցախում հանրային ծառայողները եւ հանրային պաշտոններ զբաղեցնողները կազմում են բնակչության շուրջ 70 տոկոսը, հետեւաբար՝ «բնակչության 70 տոկոսի նկատմամբ արտահայտած վերաբերմունքը կամ գնահատականը ողջամտորեն գնահատվում է որպես արցախահայության հասցեին հնչեցված վերաբերմունք կամ գնահատական»։

6.Դիտորդ մարմնի ներկայացուցիչների եւ Կողմերի* միջեւ միջանկյալ զրույցներից հետո Լեւոն Բարսեղյանը հոկտեմբերի 21-ին դիմումի լրացում է ներկայացրել՝ պնդելով իր բողոքը։ Նա նշել է, որ ավելի մանրամասն է ուսումնասիրել հոդվածը եւ հաշվել է, որ դրանում մեջբերված 44 մեկնաբանությունների մեծ մասն ուղղված է հենց պատգամավոր Մետաքսե Հակոբյանին, մի մասը՝ ընդհանրապես Արցախի իշխանություններին, եւ ավելի փոքր մասն անհասցե է։

* Քանի որ Լ Բարսեղյանը նաեւ ԴՄ անդամ է, աշխատակարգի եւ շահերի բախումը բացառելու սկզբունքի համաձայն՝ նա չի մասնակցել դիմումի վերաբերյալ որոշումների կայացմանը, իսկ քննարկումներին մասնակցել է միայն այն դեպքերում, երբ ԴՄն նրան դիմել է հարցերով։

7.Հոկտեմբերի 26-ին ԴՄ-ն ստացել է Aravot.am-ի հակընդդեմ բողոք-դիմումը՝ Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի լիազորությամբ (լիազորագիրը ներկայացվել է)։ Դիմումատուն մասնավորապես նշել է, որ Լեւոն Բարսեղյանը Մետաքսե Հակոբյանին վիրավորող գրառում է արել ֆեյսբուքում, իսկ գրառման տակ թողնված բազմաթիվ վիրավորանքները եւ հայհոյանքները չեն հեռացվել, ինչը, դիմումատուի պնդմամբ, խախտում է Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրի մի շարք դրույթներ, որոնք մասնակից լրատվամիջոցներին պարտավորեցնում են չտարածել խտրականություն, թշնամանք եւ անհանդուրժողականություն պարունակող խոսք, ինչպես նաեւ՝ մոդերացնել սոցցանցային էջերի մեկնաբանությունները։ Դիմումատուն նշել է, որ Լեւոն Բարսեղյանի ֆեյսբուքյան օգտահաշիվը նրա անձնական էջն է, որը ֆորմալ առումով լրատվամիջոց չէ, սակայն այն իր հետեւորդների մեծաքանակության բերումով (38 879 հետեւորդ) կարող է ընկալվել որպես լրատվամիջոց։ Դիմումատուն հիշեցրել է նաեւ, որ Բարսեղյանը ԴՄ անդամ է, որը մասնակցում է այլ լրագրողների եւ լրատվամիջոցների էթիկական խախտումների վերաբերյալ որոշումների կայացմանը։ Ընդսմին, Aravot.am-ը խնդրել է ԴՄ-ից պարզել՝ որքանով է Լեւոն Բարսեղյանի վարքագիծը համապատասխանում Կանոնագրին եւ ԴՄ անդամի դերին։

8.ԴՄ նիստերի ընթացքում Կողմերի ներկայացրած բանավոր պարզաբանումների ու ընդհանուր քննարկումների ընթացքում պարզվել է, որ Կողմերը պատրաստ են հաշտության գնալու։ Որոշվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում կազմակերպել հրապարակային զրույց-բանավեճ, որի ընթացքում Կողմերը հնարավորություն կունենան միմյանց եւ հանրությանը ներկայացնել խնդրի շուրջ իրենց տեսակետները եւ փորձել հնարավորինս մերձեցնել դրանք։

9.ԴՄ-ն արձանագրել է, որ անհրաժեշտություն է առաջացել մշակել եւ ընդունել Դիտորդ մարմնի անդամների հանրային վարքագծի կանոններ։

 

Բ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԵՎ ԷԹԻԿԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ

  1. ՀՀ Սահմանադրություն, հոդված 29.   Խտրականության արգելքը

Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

  1. ՀՀ օրենքը Զանգվածային լրատվության մասին, հոդված 3

 

2) Զանգվածային լրատվության միջոց – լրատվություն իրականացնելու միջոց, որը բաժանորդագրությամբ կամ առանց դրա, վճարովի կամ անվճար հիմունքներով տարածվում է`

  • մշտական անվանում, հերթական համար եւ ամսաթիվ ունեցող պարբերական թողարկումներով` նյութական կրիչի վրա, որոնց միեւնույն բովանդակությամբ օրինակների քանակը պակաս չէ հարյուրից,
  • հեռուստառադիոհաղորդմամբ,
  • հանրային հեռահաղորդակցության ցանցով (ցանցային լրատվության միջոց)` որպես որոշակի հասցե ունեցող, անսահմանափակ թվով անձանց համար հասանելի եւ լրատվություն ներառող տեղեկատվական պաշար` անկախ թարմացման պարբերականությունից, պահման ժամանակի տեւողությունից եւ այլ չափանիշներից:

Լրատվության միջոց են նաեւ լրատվական գործակալության եւ նմանատիպ բնույթի այլ կազմակերպությունների պարբերական հաղորդումները` ուղղված լրատվական գործունեություն իրականացնողներին` անկախ տարածման ձեւից, թողարկման օրինակների քանակից կամ որեւէ այլ չափանիշից։

III. Հայաստանի լրատվամիջոցերի եւ լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագիր

… խմբագրությունն ու լրագրողը պարտավոր են`

1.3.  Պատասխանատու մոտեցում ցուցաբերել սոցցանցային կամ նոր մեդիա հարթակների տեղեկությունները տարածելիս, անպայման նշել դրանց ստուգված, վստահելի կամ հետագա ստուգման ենթակա լինելը:

1.5. Վերլուծություններ եւ մեկնաբանություններ կատարելիս հիմնվել ստույգ փաստերի եւ հավաստի տեղեկությունների վրա։

1.6. Ձգտել, որ հաղորդագրությունները, լուսանկարային, տեսագրված ու ձայնագրված նյութերը համապատասխանեն իրականությանը, վերնագրերը բխեն նյութի բովանդակությունից, չչարաշահվեն հանրային դեմքերի եւ սովորական մարդկանց անձնական տվյալների համընկնումները, մեջբերումները չօգտագործվեն համատեքստից դուրս։

3.5.1․ Սոցիալական ցանցերում չտարածել հայտարարություն կամ կատարել գրառումներ, որոնք կարող են ընկալվել որպես ռասայական, սեռական, կրոնական, քաղաքական հայացքների կամ այլ հիմքով խտրականության դրսեւորում։

3.5.2․ Եթե սոցիալական ցանցում կատարված որեւէ գրառում կարող է կասկածի տակ դնել մասնագիտական օբյեկտիվությունն ու բարեխղճությունը, ապա ավելի լավ է ձեռնպահ մնալ այն հրապարակելուց։

3.5.6. Մոդերացնել լրատվամիջոցի սոցցանցային էջերի մեկնաբանությունների հրապարակումը՝ հնարավորինս հեռացնելով ատելության խոսք, բռնություն եւ օրենքով արգելված այլ գործողություններ քարոզող, ակնհայտ վիրավորանք պարունակող գրառումները։

5.2. Որեւէ ձեւով չքարոզել ազգային, կրոնական թշնամանք եւ անհանդուրժողականություն, քաղաքական, սոցիալական, սեռական եւ լեզվական հայտանիշներով խտրականություն, բացառել ատելության խոսքը։

6.1. Աջակցել կարծիքների ազատ փոխանակմանը, անկախ նրանից, որ այդ կարծիքները կարող են տարբերվել խմբագրական տեսակետներից։

 

  1. ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի եւ Տեղեկատվական վեճերի խորհրդի՝ «Խտրական վերաբերմունքի եւ ատելության խոսքի տարածման անթույլատրելիության մասին» հայտարարություն՝ ընդունված 2023թ. հոկտեմբերի 9-ին։

«Լրատվամիջոցների էթիկայի Դիտորդ մարմինը եւ Տեղեկատվական վեճերի խորհուրդն անընդունելի են համարում արցախցիների դեմ ատելություն սերմանող եւ նրանց հանդեպ խտրական վերաբերմունքի դրդող տեքստերի տարածումը։ Նույնքան անընդունելի է, երբ լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերով իրար նկատմամբ այդպիսի բովանդակություն են տարածում տարբեր գաղափարական, քաղաքական կողմնորոշումներ ունեցող անձինք, այդ թվում ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։ Խնդիրը դիտարկելով իրավական տեսանկյունից՝ հայտարարում ենք, որ անհանդուրժողականություն, խտրականություն ու թշնամանք տարածող արտահայտությունները (հավաքական կերպով՝ ատելության խոսքը) չեն կարող օգտվել ազատ խոսքի որեւէ պաշտպանությունից՝ ՀՀ իրավական համակարգում կամ միջազգային իրավունքում»։

V ԶԼՄների Էթիկայի Դիտորդ մարմնի աշխատակարգ

3.5. ԴՄ-ում քննարկվող որեւէ հարցի վերաբերյալ անձնական շահագրգռվածություն կամ շահերի բախում ունեցող ԴՄ անդամը պարտավոր է քննարկումից առաջ այդ մասին տեղեկացնել ԴՄ համակարգողին՝ հրաժարվելով տվյալ նիստին մասնակցելուց:

4.4. Անձին կամ կազմակերպությանը վերաբերող եւ ենթադրաբար նրանց իրավունքները խախտող հրապարակումների դեմ բողոքով ԴՄ կարող են դիմել միայն տվյալ անձը, կազմակերպությունը, նաեւ նրանց լիազորած ֆիզիկական կամ իրավաբանական անձինք։

 

Գ ԷԹԻԿԱՅԻ ԴԻՏՈՐԴ ՄԱՐՄՆԻ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԸ

Հայաստանի ԶԼՄ-ների Էթիկայի Դիտորդ մարմինը՝

  • քննարկելով Լեւոն Բարսեղյանի եւ am-ի դիմումները, այդ թվում բանավոր եւ գրավոր կերպով պարզաբանումներ ստանալով կողմերից, ինչպես նաեւ խնդրի վերաբերյալ տեսակետներ հայտնելու հնարավորություն տալով նրանց,
  • քննելով ՀՀ համապատասխան օրենսդրության եւ Հայաստանի լրատվամիջոցերի եւ լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրի՝ դիմումատուների մեջբերած դրույթների վերաբերելիությունը  գործին,

Արձանագրեց, որ

  • Կանոնագրի 3 կետը գործին վերաբերելի չէ։
  • 5 կետի առումով՝ Aravot.am-ը նշում է, թե Mediahub.am կայքի համապատասխան նյութի միայն վերնագիրը մեջբերելը չի արտացոլում պատգամավոր Մ․ Հակոբյանի խոսքն ամբողջությամբ։ Այս իմաստով՝ Լեւոն Բարսեղյանի ֆեյսբուքյան գրառմանն ուղեկցող՝ նյութի վերնագրի լուսապատճենի օգտագործումն իրենից խախտում չի ներկայացնում, քանի որ նյութի վերնագիրը բարեխղճորեն մեջբերում է Հակոբյանի խոսքը՝ փոխանցելով ասելիքի էական մասը։
  • 6 կետի իմաստով՝ Aravot.am-ը խախտում է թույլ տվել, քանի որ նյութի վերնագրում մեջբերված խոսքը վերցված է Լեւոն Բարսեղյանի եւ մյուսների գրառումների տակ արված երկու օգտատերերի մեկնաբանություններից, մինչդեռ ընկալման առումով վերաբերում է բոլորին, տարածվում է բոլորի, այդ թվում՝ Բարսեղյանի վրա։ Բացի դրանից, հոդվածում մեջբերված ֆեյսբուքյան գրառումները եւ մեկնաբանությունները, որոնք հոդվածի հեղինակի կարծիքով ուղղված են արցախահայության դեմ, հասցեագրված են կոնկրետ Արցախի ԱԺ պատգամավոր/ ներին կամ արցախցի պաշտոնյաներին կամ անորոշ են եւ չեն վերաբերում արցախահայությանն ամբողջությամբ։ Լրատվակայքի այն պնդումը, թե Արցախի ԱԺ պատգամավորներին ուղղված խոսքը կարելի է ինքնաբերաբար համարել արցախահայությանն ուղղված, որովհետեւ պատգամավորները ներկայացնում են Արցախի ժողովրդին կամ, որ Արցախի բնակչության 70 տոկոսը պետական պաշտոններ է զբաղեցնում, հիմնավոր չէ։ Այդուհանդերձ, հաշվի առնելով արցախահայության՝ հատկապես ներկայիս խոցելի վիճակը, Դիտորդ մարմինն առաջարկում է հրապարակումներում ավելի նրբանկատ լինել եւ խուսափել այնպիսի ձեւակերպումներից, որոնք կարող են ընկալվել որպես արցախահայության դեմ ուղղված խոսք։
  • 5.1, 3.5.2, 3.5.6 կետերի մասով՝ Լեւոն Բարսեղյանի գրառման մեջ ԴՄ-ն խախտում չի արձանագրել։ Նրա ֆեյսբուքյան անձնական օգտահաշիվը Զանգվածային լրատվության մասին օրենքի, Էթիկայի Կանոնագրի եւ այլ համապատասխան ակտերի իմաստով՝ լրատվամիջոց չէ եւ չի կարող նույնացվել Բարսեղյանի ղեկավարած Asparez.am-ի հետ։ Այդուհանդերձ, հաշվի առնելով Բարսեղյանի անձի ճանաչելիությունը, նրա՝ Դիտորդ մարմնի անդամ լինելու հանգամանքը եւ նրա օգտահաշվի տեսանելիությունը (շուրջ 39 հազար հետեւորդ), ինչը համեմատելի է լրատվամիջոցների լսարանների հետ, խիստ ցանկալի է, որ անձնական օգտահաշվի մեկնաբանությունները մոդերացիայի ենթարկվեն, մանավանդ, երբ դրանք կարող են գեներացնել խտրականություն եւ ատելության խոսք։ Եթե օգտատերը այս կամ այն պատճառով չի կարող պատշաճ մոդերացում ապահովել, իսկ վերոհիշյալ բովանդակությամբ այլ օգտատերերի արձագանքները առկա են, եւ ակնհայտ է դրանց աճի միտումը, ԴՄ-ն խորհուրդ է տալիս սահմանափակել գրառումը մեկնաբանելու հնարավորությունը։
  • Այս առումով՝ ԴՄ-ն նաեւ արձանագրում է, որ անհրաժեշտություն է առաջացել օրենսդրության մեջ վերանայել կամ հաղորդակցական նոր միջավայրին համապատասխանեցնել «լրատվամիջոց» եզրույթի ներկայիս սահմանումները։
  • 2. կետի իմաստով՝ Լեւոն Բարսեղյանը, նախորդ կետում նշված վերապահմամբ հանդերձ (այն, որ ֆեյսբուքյան անձնական էջը լրատվամիջոց չի համարվում), պատշաճ կերպով չի մոդերացրել իր էջում առկա ատելության խոսքն ու վիրավորանքները։ Միեւնույն ժամանակ, Aravot․am-ը հոդվածում բառացի մեջբերել է դրանք` փաստորեն տարածելով այդ խոսքը։ Նման դեպքերում ԴՄ առաջարկությունն է՝ խուսափել ատելության, թշնամանքի ու խտրական խոսքի ուղիղ վերարտադրությունից եւ դրանք նկարագրել ընդհանուր ձեւակերպումների միջոցով։
  • 1 կետի իմաստով՝ ԴՄ-ն խախտում չի արձանագրել։ Aravot.am կայքն իր հրապարակմամբ չի խոչընդոտել եւ չէր կարող խոչընդոտել ազատ կարծիքների շրջանառությանը, քանի որ, անկախ մասնագիտական էթիկայի սկզբունքների պահպանումից, իրացրել է խնդրի վերաբերյալ իր տեսակետը ներկայացնելու իրավունքը՝ չստեղծելով էական կաշկանդող հանգամանքներ այլ տեսակետների տարածման համար։

Թեպետ արդյունավետությամբ կիրառվել է կողմերի հաշտեցման գործիքը, եւ ո՛չ Ինքնակարգավորման նախաձեռնությանը միացած «Առավոտը» իր առցանց տարբերակով, ո՛չ էլ լրատվամիջոց չհամարվող ֆեյսբուքյան էջի օգտատեր Լեւոն Բարսեղյանը որեւէ ֆորմալ պարտավորություն չեն կրում այս փորձագիտական կարծիքի առումով, այդուհանդերձ, ԴՄ-ն Կողմերին կոչ է անում իրենց հասանելի հարթակներով տարածել սույն փաստաթուղթը եւ խնդրին առնչվող զրույց-բանավեճի տեսագրությունը՝ դրանով իսկ նպաստելով պատասխանատու լրագրության սկզբունքների պահպանմանը:    

Ընդունվել է 2023 թ. դեկտեմբերի 6-ին,

ԶԼՄների էթիկայի Դիտորդ մարմնի հետևյալ կազմով

Գնել ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

«Նյումեգ» հրատարակչության գլխավոր խմբագիր

Բորիս ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Երեւանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ

Դավիթ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

«Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր

Վիգեն ՍԱՐԳՍՅԱՆ

Երեւանի մամուլի ակումբի Մասնագիտական էթիկայի

հանձնաժողովի նախագահ

Նունե ՍԱՐԳՍՅԱՆ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն

Անժելա ՍՏԵՓԱՆՅԱՆ

Արմավիրի «ԱԼՏ» հեռուստաընկերության խմբագիր, պրոդյուսեր

Նարինե ԱՎԵՏԻՍՅԱՆ

Վանաձորի «Լոռի» հեռուստաընկերության գործադիր տնօրեն

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«ԳԱԼԱ»  հեռուստաընկերության գործադիր տնօրեն

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը ձևավորել են ինքնակարգավորման նախաձեռնությանը միացած լրատվամիջոցները, որոնք այս պահին  76-ն են: ԴՄ-ն ղեկավարվում է Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների Կանոնագրով, որն ընդունվել է 2007 թվականի մարտի 10-ին,  վերախմբագրվել՝ ինքնակարգավորման նախաձեռնությանը միացած լրատվամիջոցների 2023 թվականի հունիսի 25-ի ընդհանուր ժողովում:

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031