Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՖՖ այս ղեկավարության գործունեության պատճառով հինգ ակումբ լքեց առաջնությունը». Արթուր Սողոմոնյան

Դեկտեմբեր 13,2023 19:44

Դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նախագահի ընտրություններից առաջ այսօր  հրավիրված ասուլիսում «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանը,  ներկայացնելով իր իսկ բնութագրմամբ,  այն ողբերգական վիճակը, որում հայտնվել է հայկական ֆուտբոլը վերջին չորս տարում, անդրադարձավ նաեւ Հայաստանի առաջնության եւ գավաթային հանդիպումներին մասնակցող  ակումբների խնդրին:

«Հայաստանի ակումբային առաջնությունը նույնպես վերջին չորս տարում ցնցումների է ենթարկվել: Որպես կանոն, յուրաքանչյուր առաջնությունում ինչ-որ սկանդալներ են լինում: Բայց ամենացավալին այն էր, որ հինգ ակումբներ հեռացան, որոնցից չորսը՝ «Լոռին», «Սեւանը», «Նորավանքը» եւ «Գանձասարը»,  ներկայացնում էին մարզերը: Դրանք իմ կարծիքով բավականին լավ ակումբներ էին: Հատկապես «Լոռին», որի երկրպագուների համար ես շատ ուրախ էի: Նրանք ակտիվ էին եւ թվում էր, նաեւ նրանցով Հայաստանում ձեւավորվում է ֆան շարժում: Սակայն ֆեդերացիայի գործունեության պատճառով այդ ակումբները  հեռացան ու  սեփականատերերը հայտարարել են, թե ինչի համար են դա անում: Սա շատ մեծ կորուստ էր:

Բայց եթե մինչեւ վերջ անկեղծ լինեմ, Հայաստանի առաջնությունը լքել է վեց ակումբ, որովհետեւ «Նոա» ակումբի ներդրողը  նույնպես անցած տարի հեռացել է հայկական ֆուտբոլից եւ այնտեղ հայտնվել է նոր սեփականատեր՝ «ՏՈՏՈ գեյմինգի» սեփականատերը: Անկեղծ եմ ասում, ես նրան չեմ ճանաչում եւ ամեն դեպքում լավ եմ վերաբերվում բոլոր նրանց, ովքեր գումար են ներդնում հայկական ֆուտբոլում, ինչի պահանջը մեծ է: Բայց  այս մեկը իմ կարծիքով տարրական տրամաբանության, էլ չեմ ասում՝ օրենքների խախտում է, որովհետեւ բեթինգային ընկերության սեփականատերը իրավունք չունի ազդեցություն ունենալ ֆուտբոլային ակումբի վրա: Միջազգային կազմակերպություններում արգելված է խաղադրույքներ ընդունել ու դրա հետ միասին հանդիպում կազմակերպել: Ընդ որում, երկու տարի առաջ Հայաստանում բեթինգային ընկերություններին արգելվել էր գովազդվել  մարզական, այդ թվում,  ֆուտբոլային միջոցառումներում:  Իսկ հիմա թույլատրել են: Այսինքն, արգելել են  պակաս սարսափելին, բայց թույլատրել ավելի մեծը: Եվ սա այն դեպքում, որ հայկական ֆուտբոլում խաղադրույքները շատ մեծ խնդիր են: Եթե հիշողությունս չի դավաճանում, մի երկու տարի առաջ  վեց թիմ հեռացվեց ֆուտբոլից , որովհետեւ կասկած կար, որ խաղադրույք են կատարում սեփական  հանդիպումների վրա եւ անհրաժեշտ արդյունք ապահովում: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ այդ հեռացված ակումբներից մեկը հիմա առաջադրել է Մելիքբեկյանի թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնում: Այս ամենը խեղում, սպանում է ֆուտբոլի էությունը եւ իմ կարծիքով դեպի ֆուտբոլ գայթակղում ոչ պարկեշտ մարդկանց: Սրա դեմ պետք է պայքարել: Կրկնում եմ, ես ակումբի սեփականատերերի դեմ ոչինչ չունեմ, բայց այն, ինչ անում է ֆեդերացիան՝ լիցենզիա է տալիս չստուգելով կամ իմանալով ու աչքերը փակելով, անընդունելի է:

Եվ ես ուրախ կլինեմ, եթե դրա համար ամբողջ հայկական ֆուտբոլը չպատժվի: Կարող է կատարվել վատթարագույնը, որակազրկվեն հայկական բոլոր ակումբները»,- ահազանգեց Արթուր Սողոմոնյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031