Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր հասարակությունում ունենք հեղինակությունների պակաս, շատ քիչ են մարդիկ, որոնց խոսքն արժեքավոր է». Գեղամ Վարդանյանը՝ ապատեղեկատվության մասին

Դեկտեմբեր 14,2023 15:37

Այսօր «Ժողովրդավարական անվտանգության համաժողովին «Freedom house» կազմակերպության ՀՀ-ում ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը, խոսելով մեդիայի եւ ապատեղեկատվության մասին՝ ասաց, որ հաճախ ապատեղեկատվությունը շատ ավելի արագ է տարածվում, քան ճիշտ լուրը. «Մարդիկ շատ են հակված տարածել նման տեղեկատվությունը: Հաճախ մարդիկ կարող են իմանալ, որ ապատեղեկատվություն է, չհավատան, բայց տարածեն, որ ցույց տան, որ իրենք կոնկրետ ճամբարի մաս են կազմում: Հայաստանում կա բեւեռացված հասարակություն եւ երկու ճամբարներ կարծես թե: Հաճախ դժվար է տարբերել ապատեղեկատվությունը ու մենք ինքներս էլ ենք դառնում թիրախ, սոցցանցերի ալգորիթմերը սրում են դա, քեզ կարող են նույն սխալ ինֆորմացիան մի քանի անգամ փոխանցել ալգորիթմերը»:

Նա ասաց, որ երբ երկրում ժողովրդավարական ինստիտուտները կայացած են, այդ դեպքում պետությունը կարողանում է ապահովել իր ժողովրդի անվտանգությունը, քաղաքացիական վերահսկողությունը, պաշտպանական խնդիրները:

Civilnet-ի լրագրող, Փաստերի ստուգման բաժնի ղեկավար Անի Գրիգորյանն ասաց, որ պատերազմից առաջ կեղծ լուրեր տարածվում էին՝ կապված որոշ բարեփոխումների հետ, թե դրանք դեմ են մեր ավանդական ընտանիքներին, մեր պատմությանը, ինքնությանը. «Սորոսականների հետ կապված կեղծ թեզեր կան: «Բաց հասարակության ինստիտուտը» Հայաստանում գործում ու ծրագրեր էր իրականացնում՝ սկսած 97 թվականից, բայց չգիտես ինչու՝ դրա հետ կապված վտանգների մասին սկսեցին խոսել 2018-ից: Իրավիճակը ավելի շատ փոխվեց կորոնավիրուսի ժամանակ, հետո եկավ պատերազմը: COVID-ի մասով չկար վստահելի ինֆորմացիա, ապատեղեկատվություն ու չճշտված տեղեկություններ տարածում էին անգամ պաշտոնյաները: Իսկ պատերազմի ժամանակ ով որ փորձում էր պաշտոնական տեղեկատվությունից զատ ավելի ինֆորմացիա տար, միանգամից հանրության պարսավանքին էր ենթարկվում: Պատերազմից հետո եկավ մեծ հիասթափությունը: Հետո եկավ պետական մարմինների, պաշտոնական տեղեկատվության հանդեպ անվստահությունը: Հիմա հանրությունը չունի վստահություն պետական մարմիններից եկող տեղեկատվության նկատմամբ»:

Ըստ Անի Գրիգորյանի, հիմա քննարկում կա՝ արդյոք ժողովրդավարությունն ու անվտանգությունը կարող են իրար հետ կողք կողքի ապրել. «Ռուսաստանից քարոզչական նյութեր կան ու դրան մասնակցում են նաեւ Հայաստանից որոշ ուժեր, ինչը մեծ ազդեցություն է ունենում հանրության համար, մանավանդ, որ այսօր ամեն ինչ փխրուն է: Հարցեր կան, որոնց պատասխանը գտնելը շատ դժվար է»:

Media.am կայքի գլխավոր խմբագիր Գեղամ Վարդանյանն ասաց, որ ունենք խոցելի հասարակություն, որը սթրեսի մեջ է ու բարենպաստ միջավայր կա՝ ոչ ճիշտ ինֆորմացիան տարածելու համար. «Հասարակությունում ունենք հեղինակությունների պակաս, ըստ էության, շատ քիչ են մարդիկ, որոնց խոսքն արժեքավոր է: Իրական դեպք վերցնենք՝ ֆեյսբուքում գրում են լուր, որ գյուղերից մեկում՝ Արագածավան, մտել են թուրքեր, սիստեմը աշխատում է, լրատվամիջոցներից մեկ-երկուսը վերցնում եւ տարածում են: Մի ինֆորմացիան ասում է՝ մտել են, գերիներ են տվել, մի ինֆորմացիան ասում է՝ մտել են, անասուններ են տարել, մի ինֆորմացիան ասում է՝ մտել են, դեռ գյուղում են եւ մարդիկ տներից դուրս չեն գալիս: Հակասական լուրեր էին եւ այդ պատմության մեջ Արագածոտնի մարզպետի, Թալինի քաղաքապետի, Արագածավանի գյուղապետի խոսքը զրո է: Լրագրողը, որը կկապվի, ասի՝ մի հատ նկարագրեք իրավիճակը, մարդիկ չեն հավատալու, որովհետեւ սովոր է, որ խաբվեն: Ընդհանուր միջավայրն է այդպիսին: Քաղաքական ուժը, մարդը, որը փորձում է ժողովրդին համոզել, որ ապագան ժողովրդավարությունը չէ, հենց ժողովրդավարության գործիքներից է օգտվում՝ իր հայացքներն առաջ տանելու համար»:

Գեղամ Վարդանյանն ասաց, որ այս պահին դժվար է հիշել հակազդեցություն ապատեղեկատվությանը՝ պետական մակարդակով, որովհետեւ կառավարությունը հաղորդակցության խնդիր ունի: ՀԿ-ներն իրենց գործն անում են, բայց ուժերը անհավասար են՝ հասարակության վրա ազդելու:

Անի Գրիգորյան ասաց, որ որեւէ տեղեկատվություն ճշտելու համար ԶԼՄ-ները պետք է դիմեն պետական կառույցների, բայց պետական կառույցները չունեն ճկունություն, չկա համակարգային մոտեցում, կախված է նախարարի մամուլի խոսնակի աշխատանքից շատ դեպքերում. «Եթե դու կարող ես ճշտել քո հմտությունների միջոցով, ասենք, արբանյակային լուսանկարով եւ այլն, դու կարողանում ես դա շուտ անել, բայց եթե պետք ճշտես պետական մարմիններից, դա ուղղակի մեծ փորձություն է, որովհետեւ չգիտես՝ երբ կարձագանքեն ու ինչպես: Լինում է՝ ստանում ես պատասխան, բայց այդ պատասխանը ոչինչ է, չես կարող օգտագործել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031