Իրավապաշտպան, օրերս իր այդ գործունեության համար ԵՊՀ-ից «դուրս թողնված» փաստաբան Ռուբեն Մելիքյանը միանգամայն դիպուկ նկատել է, որ ինչ-ինչ շրջանակներ (կարելի է վստահ նշել՝ իշխանական ու մերձիշխանական) շրջանառում են մի «թեզ», թե իբր «ժողովրդավարությունը պաշտպանելու համար կարելի է ոտնակոխ անել մարդու իրավունքները»։ Իրավապաշտպանը մի քանի հարթության մեջ քննում է այդ «թեզը»՝ նկատելով, որ եթե դա վերլուծենք տրամաբանության դիրքերից, ապա «ժողովրդավարություն» երևույթի անխզելի մաս են «Մարդու հիմնարար իրավունքները»: Հետևաբար, «ժողովրդավարությունը պաշտպանելու համար կարելի է ոտնակոխ անել մարդու իրավունքները» թեզը հանգիստ կարելի է վերաձևակերպել այսպես՝ «ժողովրդավարությունը պաշտպանելու համար կարելի է ոտնակոխ անել ժողովրդավարությունը»։ Իսկ դա աբսուրդ է, անհեթեթություն (խիստ մեղմ ասած):
Հիշյալ թեզը դիտարկելով բարոյականության դիրքերից՝ իրավապաշտպանը նկատում է. «Բոլոր գլխակեր ռեժիմներն իրենց ոճիրներն արդարացրել են ինչ-որ «բարձր արժեքներով», ու էական չէ, թե որն է այդ արժեքը՝ ռե՞յխը (ֆաշիզմի դեպքում), դասակարգային շա՞հը (բոլ շևիզմի դեպքում), թե՞ «ժողովրդավարությունը»։ Էականն այն է, որ ստեղծվի թշնամու կերպար, որն իբր ոտնձգում է «բարձրագույն արժեքին», ուստի պետք է ամեն գնով ոչնչացվի: Շեշտադրվում է հենց «ամեն գնով»-ը։ Արժեքային բանաձևն էլ «նպատակն արդարացնում է միջոցն» է։ Իսկ դա հանրային բարոյականության ամեն տեսակ աղճատումների ունիվերսալ արդարացումն է, այսինքն՝ բարոյականության հակոտնյան:
Դժվար է չհամաձայնել: Հետաքրքրվողները կարող են Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջում ծանոթանալ նաև իրավական տեսանկյունից «թեզի» դիտարկմանը, իսկ մենք շարունակենք «բարոյական ասպեկտից»: Առավել ևս, որ, «ժողովրդավարությունից» զատ, Հայաստանի գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հաճախ է վկայակոչում նաև «ինքնիշխանությունը», «իրական Հայաստանը», «խաղաղության օրակարգը»: Ու այդ ամենը մատուցվում է այն սոուսով, որ իրենց բոլոր ընդդիմախոսներն իբր դեմ են ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը, Հայաստանին, խաղաղությանը: Ավելին, ոչ թե «դեմ են» (դա անցած փուլ է), այլ արդեն սպառնալիք են ու… պետք է ոչնչացվեն, «կզզացվեն», կալանավորվեն և այլն («կրքոտ հռետորի» բառամթերքն ամբողջությամբ չմեջբերենք՝ խնայելով ընթերցողի նյարդերը):
Ու սա առանցքային պահն է, առանց որի երևի դժվար կլինի ամբողջական գնահատական տալ մեր օրերում կատարվող իրավաքաղաքական «բեսպրեդելին», ընկալել դրա խորքային էությունը: Երբ խորամուխ ես լինում մերօրյա երևույթների մեջ, անհնար է չնկատել, որ գործնականում հաստատվում է բռնատիրություն, մեկ անձի քմահաճույքի իշխանություն: Եվ, որ ամենից զավեշտականն ու ողբերգականն է միաժամանակ, բռնապետությունը հաստատվում է «հանուն ժողովրդավարության», մարդկանց ազատությունները սահմանափակվում են… «հանուն ազատության», Արցախի հանձնումն ու հայաթափումը իրականացվում են… հանուն Հայաստանի, դեռ մի բան էլ հպարտանում են դրանով, համարում ձեռքբերում:
Կարդացեք նաև
Իզուր չի ասվում՝ դժոխք տանող ճանապարհը սալարկված է «բարի մտադրություններով»:
Բայց դա դեռ իր հերթին: Ցանկացած բռնատիրություն չի կարող «յոլա գնալ» առանց հոգեբանական ու ֆիզիկական ահաբեկության: Հասկանալի է, որ հիմա 21-դ դարն է: Համապատասխանաբար՝ մեթոդաբանությունն ու գործիքները որոշ փոփոխություններ են կրել: Բայց, մեծ հաշվով, ի՞նչ կա խոշոր ու նկատելի, նաև ոչ այնքան խոշոր գործիչների ամենօրյա հետապնդումների, կալանավորումների, «մասկի-շոուների» տակ: Մեծ հաշվով, բացի մեկ անձի քինախնդրությունից, «մուռ հանելու» ձգտումներից, դա արվում է նաև ընդհանուր հասարակությանն ահաբեկելու, լռեցնելու, կամազրկելու, ենթարկեցնելու, դիմադրության ցանկությունից անգամ զրկելու նպատակով: Այն բանի համար, որ իշխանությունն ինչ էլ անի, ինչ անընդունելի կամ թեկուզ քննադատելի քայլի դիմի էլ, միմիայն… փառաբանվի:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































