Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ում թե՛ հետընտրական փուլում, թե՛ նախընտրական հասարակությունը և մեդիան ապրել են տեռորի պայմաններում»․ Քրիստինա Բարսեղյան

Հուլիս 10,2026 22:11 Share

«Երբ խոսք է գնում մեղրամիսի մասին, անձամբ ես ու մի քանի գործընկերներ առիթ ենք ունեցել երկրի առաջին դեմքերից մի քանիսին ասել՝ մեղրամիսը իրենց և այն մամուլի, որն իրենց պաշտպանել է հեղափոխության ժամանակ, վաղուց ավարտվել է»,- Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ) նախաձեռնությամբ անցկացվող «Ընտրություններից հետո․ մեդիայի և քաղաքացիական հասարակության դիմակայունության օրակարգը» թեմայով քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

Ըստ Աշոտ Մելիքյանի՝ դրա առիթն այն էր, որ երբ իշխանությունները քննադատում էին ոչ միայն այն մամուլին, որն իրենց պաշտպանել է հեղափոխության ժամանակ, այլև քաղհասարակությանը, ասում ենք, որ այդ մամուլը չէր դառնալու իշխանությունների գրպանային մեդիան, այլ իր մասնագիտական պարտքն է կատարում։ Բայց նաև անընդունելի համարեց այն, որ, այսպես ասած, թացը չորի հետ են կապում, և որակյալ լրատվամիջոցները և քարոզչություն իրականացնողները մեկ հարթության վրա դնում։

Ըստ Աշոտ Մելիքյանի՝ Հայաստանում անկախ ԶԼՄ-ներ չկան, և քարոզարշավի ժամանակ մեդիան պառակտիչ դեր կատարեց։

Անկախ մեդիայի աջակցության Մոլդովայի ծրագրի ղեկավար Կորինա Չեպոյը տեսակապով իր ելույթի ժամանակ, արձագանքելով Աշոտ Մելիքյանին, ասաց․ «Ասում եք՝ չկա անկախ մեդիա․ դա մի քիչ ծայրահեղական գնահատական էր։ Մյուս կողմից էլ մեր երկրներում դժվար կլինի հարյուր տոկոսով անկախ լինել․ շուկան փոքր է։ Կան լրատվամիջոցներ, որոնք անկախ են խմբագրական քաղաքականության առումով։ Հուսամ՝ կլինեն այլ ձևեր էլ մեդիային աջակցելու համար, և ժամանակի ընթացքում մեդիան ավելի ինքնաբավ կլինի։ Առանց անկախ մեդիայի առնվազն Մոլդովայի պարագայում չէինք ունենա կոռուպցիոն սկանդալների բացահայտում։ Հենց մեդիալուսաբանումների շնորհիվ է բացահայտվել կառավարող իշխանությունների բարեկամների, հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց հետ կապված դեպքեր, որոնք այդքան էլ մաքուր չեն եղել կառավարության հետ։ Հիմա միջանկյալ կառավարություն ունենք, և այդ ամենը՝ շնորհիվ անկախ մեդիայի»։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմի ղեկավար Անի Գրիգորյանի կարծիքով՝ այս ընտրություններն աննախադեպ էին ապատեղեկատվության հոսքերի քանակով․ «Այնքան էր ասվել հիբրիդային պատերազմներ, որ, երբ բախվեցինք այդ խնդրին՝ հենց հիբրիդային պատերազմին, երբ ՌԴ-ն սկսեց տնտեսական պատժամիջոցներ կիրառել, ասացինք, որ սա է հիբրիդային պատերազմը, բայց արդեն ուշ էր․ մի տեսակ հանրությունն արդեն լուրջ չէր վերաբերվում»։

«Հետք»-ի գործադիր տնօրեն Քրիստինա Բարսեղյանի կարծիքով՝ հանրային ոլորտի հիմնական խաղացողներն ունեն լուրջ ճգնաժամ․ «ՀՀ-ում թե՛ հետընտրական փուլում, թե՛ նախընտրական հասարակությունը և մեդիան ապրել են տեռորի պայմաններում։ Հիբրիդային պատերազմի անվան տակ շատ մանիպուլյացիաներ են արվել նաև հասարակական սեկտորի և մեդիայի ներկայացուցիչների կողմից, անգամ կեղծ մանիպուլյացիոն նարատիվներն են փորձել տարածել հօգուտ և ընդդեմ իշխանության։ FIMI-ով չի կարելի արժեզրկել նաև DIMI-ի վտանգը, որ կա երկրի ներսում։ Անընդհատ ատելության խոսք տարածել, գոռալ, ճչալ, դաշտը լցնել էմոցիոնալ պոռթկումներով և այդ ընթացքում ասել՝ ՀՀ-ում ամենամեծ վտանգն արտաքին միջամտությունն է»։

Քրիստինա Բարսեղյանը մտահոգություն հայտնեց՝ մանավանդ այս ծանր օրերին, երբ մեդիաներն են թիրախավորվում, հավասարության նշան է դրվում մեդիաների միջև, քաղհասարակության ներկայացուցիչները կարծես չեն փորձում հաղորդագրություններ տարածել ի պաշտպանության մեդիայի։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել