Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում օդի աղտոտվածության ճգնաժամ է

Հունվար 02,2024 23:27

Օդի աղտոտվածությունը Երեւանի իշխանությունների հրատապ մարտահրավերներից է: Ըստ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների՝ Երևանը օդի աղտոտվածության բարձր ցուցանիշներով Հայաստանում առաջինն է: Այս պահի դրությամբ Երևանում կատարվում են փոշու, ծծմբի երկօքսիդի, ազոտի երկօքսիդի, և գետնամերձ օզոնի դիտարկումներ: Քաղաքում գործում է 45 շարժական դիտակետ և 5 անշարժ դիտակայան, որոնք տեղակայված են Կենտրոն, Նոր Նորք, Շենգավիթ և Արաբկիր վարչական շրջաններում: Անշարժ դիտակայանները օդի աղտոտման աստիճանի մասին տեղեկություն տալիս են օրվա կտրվածքով:

Ըստ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության վիճակագրության, 2015-2022 թվականներին Երեւանի օդում փոշու քանակության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2015 թվականին Կենտրոն վարչական շրջանում, այն եղել է 0.34մգ/մ³: Ընդհանուր առմամբ, օդում փոշու քանակությունը 2015-2022 թվականներին եղել է սահմանված թույլատրելի կոնցենտրացիայի սահմաններում (ՍԹԿ-ն 0,15մգ/մ³ է ):

Վերջին տարիներին իրավիճակն ավելի է սրվել: Արագ ուրբանիզացիան, արդյունաբերական գործունեությունը և մեքենաների թվի աճը հանգեցրել են աղտոտող նյութերի շատացմանը, որոնք ներթափանցում են քաղաքի մթնոլորտ:

«Էկոռադար» բնապահպանական հասարակական կազմակերպության նախագահ Վահագն Սարգսյանը Երևանում օդի աղտոտվածության խնդիրը ծանր է գնահատում: Նրա խոսքով՝ իրավիճակը թեթևացնելու առաջնային պայմաններից մեկն այն է, որ գործարաններում նորագույն տեխնոլոգիաներ ներդրվեն, որպեսզի թունավոր նյութերի արտանետումն ավելի քիչ լինի:

«Անհապաղ պետք է միջոցառումներ իրականացվեն: Քաղաքում կանաչապատ տարածքները պետք է շատացնեն, իսկ ծառերը պետք է մշակել ու պահպանել: Կարևոր կետերից է նաև այն, որ քաղաքի մեքենայաշատ ու մարդաշատ վայրերում դրվեն հոսանքով աշխատող ֆիլտրեր, որոնք եվրոպական մի շարք լուրջ քաղաքներում օգտագործում են: Ֆիլտրերի միջոցով քաղաքի որոշակի հատվածներում օդը արհեստականորեն կմաքրվի»:

Նոր Նորքի 7-րդ զանգվածում բնակվող քաղաքացի Լ. Ա.-ն ասում է՝ մի քանի րոպե կանգառում կանգնել հնարավոր չէ, որովհետև անընդհատ բեռնատար մեքենաներ են անցնում, որից և՛ գազի արտահոսք է լինում, և՛ բեռի փոշին է տարածվում, ու շնչելն արդեն անհնար է դառնում:

Վահագն Սարգսյանի խոսքով, ավտոմեքենաների արտանետած շմոլ գազը օդի աղտոտման առաջնահերթ պատճառներից է:

«Դրա վառ ապացույցը հենց այն է, որ այս պահին Երևանի կենտրոնում ցուցանիշը ամենաբարձրն է, քանի որ օրվա ընթացքում այնտեղ է ավտոմեքենաների մեծ տեղաշարժ լինում: Հաջորդ պատճառը շինարարական փոշին է: Այսօր Երևանում շատ են շինարարությունները, ամենուրեք նոր շենքեր են կառուցում: Օրինակ՝ հենց Զեյթունի շրջանում շինհրապարակներից քամին փոշին քշում է ու արդեն բերում քաղաքի ներքևի հատված»:

Մ. Մ.-ն ապրում է Արշակունյաց պողոտայում, նրան նույնպես ամենից շատ լայնամասշտաբ շինարարությունն է անհանգստացնում:

«Այդ տարածքում նոր շենքեր շատ են կառուցում: Հենց մի փոքր քամի է բարձրանում, շինհրապարակների փոշին ամբողջությամբ տուն է լցվում: Հատկապես ամառվա շոգ եղանակին տան պատուհանները բաց թողնել չես կարողանում: Ինքս փոշուց ալերգիա ունեմ ու չոր եղանակներին տանից դուրս չեմ գալիս»,- ասում է նա։

Մեկ այլ երեւանցու՝ Ժ. Գ.-ի կարծիքով, օդի աղտոտման պատճառներից է աղբի այրումը: «Օդի աղտոտվածությանը մեծապես նպաստում են նաև քաղաքում առկա աղբավայրերը, կոնկրետ Սովետաշենի աղբավայրը: Մենք մոտ ենք բնակվում Սովետաշենի աղբավայրին և, երբ հրդեհ է բռնկվում, ամբողջ Էրեբունի համայնքը ծխի մեջ կորում է: Կարծում եմ, որ այդ խնդիրը լուծելն անհրաժեշտություն է: Եթե պատշաճ կերպով իրականացվի աղբի տեսակավորում և մշակում, ապա խնդիրը գոնե որոշ չափով կլուծվի»,- ասում է նա։

Շրջակա միջավայրի վրա օդի աղտոտվածության վնասակար ազդեցությունը լավ փաստագրված է, սակայն օդի աղտոտվածության վնասակար ազդեցությունը մարդու առողջության վրա գնահատելը դժվար է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ օդի աղտոտվածության պատճառով աշխարհում տարեկան մոտ 8 միլիոն մարդ է մահանում: Ըստ ՀՀ Առողջապահության նախարարության տվյալների՝ Հայաստանում նման ուսումնասիրություն չեն իրականացնում:

Հերացու թիվ 1 հիվանդանոցի բժիշկ, իմունոլոգ-ալերգոլոգ Արսեն Գաբրիելյանը ներկայացնում է առողջական խնդիրները, որ մարդկանց մոտ կարող են առաջանալ կեղտոտ օդ շնչելու հետևանքով:

«Այս պահի դրությամբ՝ Երևանում օդի աղտոտվածության մակարդակը թույլատրելի սահմանից բարձր է, ինչն էլ շատ վտանգավոր է մարդկանց համար ու, իհարկե, բերում է մի շարք առողջական խնդիրների: Ցավալին այն է, որ օդը այն քիչ թվով գործոններից է, որն ազդում է տարիքային բոլոր խմբերի առողջության վրա՝ և՛ երեխաների, և՛ ծերերի, անգամ առողջ մարդկանց մոտ էլ դա թողնում է իր բացասական ազդեցությունը: Հաստատված փաստ է, որ լիովին առողջ մարդը, ով երկար ժամանակ գտնվում է աղտոտված օդով այդ շրջաններում, նրա մոտ կարող են առաջանալ ծանր հիվանդություններ: Առաջին հերթին շնչառական համակարգն է ախտահարվում, ու ի հայտ են գալիս շնչառական համակարգի խնդիրներ, օրինակ՝ բրոնխիտներ, ասթմա, որոնք ժամանակի ընթացքում չկանխելու դեպքում կարող են խրոնիկ անբուժելի հիվանդություններ առաջացնել: Կարող են առաջանալ սիրտ-անոթային հիվանդություններ, նաև՝ սրվեն ալերգիկ հիվանդությունները, օրինակ՝ ալերգիկ ռինիտը: Դրա հետ մեկտեղ նաև աչքերն են ախտահարվում փոշուց: Մաշկն է շատ շփման մեջ լինում թունավոր փոշու հետ, որի արդյունքում մաշկի վրա կարող են տարբեր տիպի ալերգիկ ցանավորումներ հայտնվել: Բացի նոր հիվանդություններ առաջացնելուց, օդի աղտոտվածությունը նաև կարող է արդեն իսկ մարդու մոտ առկա հիվանդությունները ավելի բարդացնել ու վատթարացնել առողջական վիճակը»:

Բժշկի խոսքով, աղտոտված օդը նաև ազդում է մարդու մտածողության, պահվածքի, տրամադրության ու վարքագծի վրա: Կեղտոտ օդ շնչելիս՝ թունավոր նյութերը, թափոնները և քիմիական վատ նյութերը արյան միջոցով թափանցում են օրգանիզմ և խանգարում են գլխուղեղի նորմալ գործունեությանը։ Դա արտահայտվում է որոշակի հոգնածությամբ, հիշողության վատթարացմամբ, որոնք ժամանակի ընթացքում վերացնել հնարավոր չէ:

«Առողջական բարդությունները կանխելու համար կարևորագույն կետը այդ խնդիրը վերացնելն է, ինչն էլ գլոբալ բնույթի խնդիր է, և անհատը միայնակ չի կարող լուծել դա: Սակայն, կան որոշակի պայմաններ, որոնց ցանկալի է, որ մարդիկ հետևեն: Առաջին հերթին խորհուրդ է տրվում օրվա ընթացքում մաքուր ջուր շատ օգտագործել: Ֆիզիկական ակտիվությունը նույնպես խրախուսվում է, որովհետև նստակյաց ու պասիվ ապրելակերպը բերում է հիվանդությունների բարդությունների: Բացի դրանից, խորհուրդ է տրվում հետևել հիգիենային: Դրսից տուն գալուց հնարավորության դեպքում անմիջապես լողանալ, երեսը մաքրել, որ որոշ չափով մաքրվի մարմնի վրա նստած թունավոր փոշին»,-ասում է բժիշկ Գաբրիելյանը։

Օդի աղտոտվածության նկատմամբ վերահսկողություն սահմանելու պարտավորությունը Հայաստանի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնինն է։ Մեր հարցին, թե նրանք իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում վերահսկողական և օրենքով սահմանված ինչ գործառույթներ են կատարում, Տեսչական մարմնից պատասխանել են՝

1.անշարժ և շարժական աղբյուրներից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների թույլտվությունների առկայության ապահովում և այդ թույլտվություններով սահմանված նորմատիվների պահպանում,

2.մթնոլորտային օդն աղտոտող արտանետումների մաքրման և հսկողության համար տեղակայված կառույցների ու սարքավորումների առկայության ապահովումը և դրանց կառուցման ու շահագործման ընթացքում մթնոլորտային օդի պահպանության պահանջների ու կանոնների պահպանում,

3.տրանսպորտային միջոցների, ինքնաթիռների, նավերի և այլ փոխադրամիջոցների ու կայանքների շահագործման ընթացքում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի համար սահմանված նորմատիվների, պահանջների ու չափման կարգերի պահպանում,

4.կառուցվող, վերակառուցվող ու քանդվող օբյեկտների շինարարության ընթացքում փոշու արտանետումների համար սահմանված նորմատիվների ու պահանջների պահպանում,

5.նոր օբյեկտների կառուցման, գործող օբյեկտի վերազինման, գոյություն ունեցող տեխնոլոգիական գործընթացների, սարքավորումների կատարելագործման ու ներդրման դեպքում մթնոլորտային օդի վիճակի վրա վնասակար ներգործության նորմատիվների ու պահանջների պահպանում և այլն:

Երևան քաղաքում մթնոլորտային օդի աղտոտվածության ուղղությամբ Տեսչական մարմինն իրականացնում և նախատեսում է իրականացնել միջոցառումներ: Ամենօրյա վերահսկողական աշխատանքներ են տանում հատկապես շինարարություն իրականացնող տնտեսվարողների և առանց անթափանց ծածկոցի սորուն նյութեր տեղափոխող բեռնատար մեքենաների նկատմամբ: Հայտնաբերված խախտումների համար պատասխանատուները, ըստ Տեսչական մարմնի, ենթարկվում են վարչական պատասխանատվության, նաև տրվում են պարտադիր կատարման հանձնարարականներ խախտումները վերացնելու համար: Ինչպես նաև տնտեսվարողների հետ իրականացվում են իրազեկման միջոցառումներ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարման նկատմամբ:

Անի ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լուսանկարի հեղինակ՝ Սյուզաննա Օհանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031