Լրահոս
Օրվա լրահոսը

«Տաթեւիկ Վիրաբյանի եւ 10»-ի գործով Վալերի Գրիգորյանը կմնա կալանքի տակ

Հունվար 10,2024 15:50

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր շարունակվեցին «Տաթեւիկ Վիրաբյանի եւ 10»-ի գործով նախնական դատական լսումները:

Հիշեցնենք, այս գործով կան 11 մեղադրյալներ՝ պայմանավորված սեպտեմբերի 19-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում զարգացած իրադարձություններով։ Այդ օրը Ադրբեջանը պատերազմ էր սկսել Արցախում եւ Երեւանում, մարդիկ ինքնաբուխ հանրահավաքի էին դուրս եկել Հանրապետության հրապարակում: Ոստիկանների եւ ցուցարարների միջեւ քաշքշոցներ տեղի ունեցան, ինչի արդյունքում բազմաթիվ մարդիկ բերման ենթարկվեցին: Մի մասի նկատմամբ մեղադրանքը զանգվածային անկարգություններին մասնակցելն է, մյուս մասինը՝ խուլիգանությունը։ Տաթեւիկ Վիրաբյանինը տեւական ժամանակ գտնվում էր կալանքի տակ, որը հետագայում փոխարինվեց տնային կալանքով, ապա տնային կալանքը նույնպես հանվեց: Տաթեւիկ Վիրաբյանը մեղադրվում է խուլիգանություն եւ զանգվածային անկարգությունների կոչեր հնչեցնելու մեջ:

Այս գործով մեղադրանքները ներկայացված են մեկ ոստիկանի ցուցմունքով:

Այսօրվա նիստում Տաթեւիկ Վիրաբյանի պաշտպան Արսեն Բաբայանը միջնորդություն ներկայացրեց իր վստահորդի նկատմամբ սույն գործով քրեական հետապնդումը դադարեցնելու կամ վարույթը կարճելու վերաբերյալ, քանի որ վարույթը նախաձեռնվել է ՔՕ-ի հոդվածների խախտմամբ: Մասնավորաբար, ոստիկանությունը՝ չունենալով համացանցը մշտադիտարկելու, օպերատիվ-հետախուզական գործողություններ կատարելու իրավասություն, ապօրինաբար այդպիսի գործառույթ է իրականացրել, ինչի արդյունքում Տաթեւիկ Վիրաբյանի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել:

Հանրային մեղադրող Աբգար Առաքելյանն առարկեց՝ հայտարարելով, որ Տաթեւիկ Վիրաբյանը ոստիկանության աշխատակցի տեսադաշտում միայն համացանցի մշտադիտարկման արդյունքում չի, որ հայտնվել է: Մինչդեռ ոստիկանության սպա Նարեկ Խաչատրյանը ուղիղ գրել է, որ համացանցի մշտադիտարկման արդյունքում է հաղորդում ներկայացրել Տաթեւիկ Վիրաբյանի դեմ, իսկ այդ դեպքում, պաշտպանի պնդմամբ, քննիչը իրավունք չուներ վարույթ սկսել, քանի որ ոստիկանությունը համացանցը մշտադիտարկելու իրավասություն չունի:

Միջնորդության քննարկումը դատարանը հետաձգեց, դրան կանդրադառնա ապացույցների հետազոտման ավարտից հետո:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Գոռ Հակոբյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նույնպես միջնորդեց իր վստահորդի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, քանի որ մեղադրանքի հիմքը բացակայում է եւ ապացույց չկա իր վստահորդի կողմից խուլիգանություն իրականացնելու մասին: Ըստ մեղադրանքի, Գոռ Հակոբյանը պլաստիկ շիշ է նետել ոստիկանի ուղղությամբ եւ այդ արարքի որակումն իբրեւ հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք, պաշտպանն անտրամաբանական է համարում:

Հովհաննես Խուդոյանը միջնորդեց նաեւ դիմել ՍԴ՝ մեղադրանքի եւ քրեական վարույթ հարուցված հոդվածի համապատասխանության հարցը պարզելու համար: Մեղադրողը համամիտ չէ միջնորդության հետ, նա կարծում է, որ եթե մեղադրանքի եւ ՔՕ հոդվածի անհամապատասխանություն լիներ, դատարանը խափանման միջոց չէր կիրառի Գոռ Հակոբյանի նկատմամբ:

Միջնորդության՝ ՍԴ դիմելու մասը, դատարանը մերժեց, իսկ քրեական հետապնդումը դադարեցնելու հատվածին դատարանը կանդրադառնա հիմնական դատալսումների ժամանակ:

Այլ մանրամասները՝  տեսանյութում

Հովհաննես Խուդոյանը միջնորդեց նաեւ՝ դատաքննության ողջամիտ ժամկետ սահմանել, մանավանդ, որ կան կալանքի տակ գտնվող անձինք, գործը բաժանել մի քանի մասերի, քանի որ նկատի ունենալով այն հանգամանքը, որ 11 անձ է անցնում գործով, այն երկար է տեւելու: Դատավորը տեղեկացրեց, որ քննիչի կողմից ինքը միջնորդություն ունի՝ այս գործին այլ գործ միացնելու վերաբերյալ եւ հորդորեց՝ չելնել այն կանխավարկածից, որ գործընթացը երկար է տեւելու, քանի որ «շատ բան կախված է նաեւ մեզանից»: Հանրային մեղադրողը առարկեց՝ նկատելով, որ բոլոր տուժողները այդ պարագայում պետք է հարցաքննվեն տարբեր գործերով:

Այս միջնորդությանը դատարանը ևս կանդրադառնա հաջորդիվ

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Քննարկվեց նաեւ գործով մեղադրյալ Վալերի Գրիգորյանի խափանման միջոցի հարցը, նա արդեն երեք ամիս կալանավորված է: Վալերի Գրիգորյանը 18 տարեկան է, սովորում է Հայ-ռուսական համալսարանի առաջին կուրսում: Նրա մեղադրանքը հիմնված է ոստիկանի գրավոր ցուցմունքի հիման վրա: Պաշտպանն առաջարկեց կիրառել այլընտրանքային խափանման միջոց՝ տնային կալանք՝ վարչական հսկողությամբ, որպեսզի նա կարողանա նաեւ մասնակցել դասապրոցեսին եւ երեք միլիոն դրամ գրավ: Վալերի Գրիգորյանը պատրաստվում է ՊՆ «Պատիվ ունեմ» ծրագրով ուսանել «Վազգեն Սարգսյանի» անվան ռազմական ինստիտուտում, իսկ կալանքը խանգարելու է:

Միջնորդությունը մերժվեց:

 

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031