Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոջեր Դեյվիսը ներկաներին հիշեցրեց Արեգ Միքայելյանի՝ Արցախի իրադարձությունների շուրջ ուղարկված նամակի մասին և ԵԱԸ կողմից արտահայտեց իր մտահոգությունն արցախահայերի ներկա վիճակի համար

Հունվար 11,2024 15:22

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հունվարի 9-10-ին Օքսֆորդի համալսարանի Քրայստչրչ հետազոտական կենտրոնում (Միացյալ Թագավորություն) տեղի ունեցավ Եվրոպական աստղագիտական ընկերության (ԵԱԸ, European Astronomical Society – EAS) վարչական խորհրդակցությունը (Business Meeting), որին հրավիրված էր նաև Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ, ArAS) գործող նախագահ Արեգ Միքայելյանը։ Նման խորհրդակցություններն ավանդական են և անցկացվում են ԵԱԸ ղեկավարության և ազգային աստղագիտական ընկերությունների նախագահների մասնակցությամբ։ Ներկա էին ԵԱԸ նախագահ Ռոջեր Դեյվիսը (Միացյալ Թագավորություն), փոխնախագահներ Լեքս Կապերը (Նիդերլանդներ) և Սառա Լուկատելոն (Իտալիա), ԵԱԸ գործադիր քարտուղար Մարկ Օդարդը (Շվեյցարիա) և այլք։

Խորհրդակցությանը քննարկվեցին եվրոպական աստղագիտության տարատեսակ հարցեր, մասնավորապես՝ ԵԱԸ անդամությունը, տարեկան համագումարները, մրցանակները, երիտասարդ աստղագետներին ցուցաբերվող աջակցությունը, ազգային աստղագիտական ընկերությունների հետ կապը և այլն։ Յոթ տարվա նախագահությունից հետո իր պաշտոնը թողեց Ռոջեր Դեյվիսը, իսկ նրա փոխարեն մինչև 2026թ․ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի դիրքում կլինի Սառա Լուկատելոն՝ ԵԱԸ հիմնադրումից ի վեր առաջին կինը ԵԱԸ նախագահների թվում։

Արեգ Միքայելյանը զեկուցեց հայկական աստղագիտության վերջին տարվա գործունեության և իրադարձությունների մասին, ինչպես նաև առաջարկություններ ներկայացրեց ԵԱԸ ավելի արդյունավետ գործելու ուղղությամբ։ Մասնավորապես, նա առաջարկեց, որ Միջազգային աստղագիտական միության նմանությամբ, ԵԱԸ կարող է ունենալ գիտական հանձնաժողովներ և կազմակերպել ԵԱԸ գիտաժողովներ։ Նա նաև ցանկություն հայտնեց, որ ԵԱԸ-ն իր համացանցային կայքէջում ունենա ազգային աստղագիտական ընկերությունների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն և ընկերությունները հնարավորություն ունենան փորձի փոխանակում կազմակերպել ԵԱԸ հարթակում։

ԵԱԸ նախագահ Ռոջեր Դեյվիսը ներկաներին հիշեցրեց Արեգ Միքայելյանի՝ Արցախի իրադարձությունների շուրջ ուղարկված նամակի մասին և ԵԱԸ կողմից արտահայտեց իր մտահոգությունն արցախահայերի ներկա վիճակի համար և նույնպես ԵԱԸ կողմից՝ իր աջակցությունը Հայաստանին և Արցախին։

Հիշեցնենք, որ ԵԱԸ հիմնադրվել է 1990թ-ին, ներկայումս ունի 31 ազգային աստղագիտական ընկերություն և շուրջ 1400 անդամ։ ՀԱԸ ԵԱԸ անդամ է 2001թ-ից։

Նշենք նաև, որ այս տարվա ԵԱԸ տարեկան համագումարը տեղի կունենա Իտալիայի Պադուա քաղաքում հուլիսի 1-5-ին, իսկ 2025թ-ի համագումարը՝ Իռլանդիայի Կորկ քաղաքում։

ԵԱԸ 2007թ․ համագումարն ացկացվել է Հայաստանում, ինչը բացառիկ երևույթ էր թե՛ իր նշանակությամբ, թե՛ իր մասշտաբներով։ Խորհրդակցության վերջում Արեգ Միքայելյանը ներկաներին հրավիրեց 2025թ-ին նման խորհրդակցություն անցկացնել Հայաստանում։

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031