Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչից է զգուշանում ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը

Հունվար 12,2024 12:55

Հունվարի 12-ին ժամը 14-ին նշանակված է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) կառավարման խորհրդի նիստը: Խորհրդի նախագահը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն է, անդամների թվում են՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Հովսեփյանը, ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Անանյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը եւ ուրիշներ:

Ի դեպ, բուհի կայքում ի տարբերություն նախորդ անգամների, այս անգամ նախապես ՀՊՏՀ կառավարման խորհրդի նիստի մասին ոչ մի տեղեկատվություն չի զետեղվել, պատճառը հավանաբար բուհի ռեկտոր Դիանա Գալոյանի անցյալի հետ կապված փաստն է՝ Լոս Անջելեսի դատարանից պաշտոնապես Oragir.News-ին էր փոխանցվել ԱՄՆ-ի Neiman Marcus հագուստի խանութում կատարված գողության դատական գործի արձանագրությունը, որտեղ առկա ստորագրություններով հաստատվում է, որ 2017թ.-ին հագուստի գողության համար դատապարտված եւ բանտ նստած անձը ՀՊՏՀ ներկայիս ռեկտորն է:

Aravot.am-ը կապվեց ՀՊՏՀ կառավարման խորհրդի անդամներից Լուսինե Գրիգորյանի հետ: Նա ասաց, որ անպայման մասնակցելու է նիստին, իսկ փակ, թե բաց կլինի այն, նրա խոսքով՝ խորհուրդը որոշում կկայացնի: «Օրակարգում է՝ նախորդ տարվա հաշվետվություն եւ լսում, նոր տարվա նախահաշվի քննարկում»,-ասաց նա:

Մեր դիտարկմանը, որ երբեք նախկին ռեկտորների ժամանակ այդքան մեծ ծախսեր չեն եղել, ՀՏՊՀ խորհրդի անդամն այսպես արձագանքեց. «Ամեն ինչ թափանցիկ դրված է, այդ մեծ ասածն էլ մի քիչ հարաբերական է, կփորձենք ճշտել: Դասախոսների աշխատավարձերի մասով ասեմ, որ դա ծախս է մի քիչ գովելի, որովհետեւ աշխատավարձերի էական բարձրացումներ են կատարվել նախորդների համեմատ: Եվ բնականաբար, եթե ամբողջ աշխատակազմի աշխատավարձը բարձրանում է, կարող է բարձրանալ նաեւ վարչական մասի աշխատավարձը»:

Ըստ ՀՊՏՀ կայքում տեղադրված ֆինանսական հաշվետվությունների՝ բուհի ղեկավար անձնակազմի ծախսերը, աշխատավարձերը 20-25 միլիոն դրամից երբեք չեն անցել տարվա կտրվածքով, իսկ Դիանա Գալոյանի պաշտոնավարման օրոք, դրանք ավելացել են 4-5 անգամ: Անցյալ տարվա նոյեմբերին տիկին Գալոյանը հրաժարվել է նախկին ռեկտորներին սպասարկող ավտոմեքենայից եւ բուհի միջոցներով իր համար նոր՝ սպիտակ էլեկտրոմոբիլ է գնել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լրացում․ Հրապարակումից հետո՝ նիստից քիչ առաջ ՀՊՏՀ-ից Aravot.am-ին տեղեկացրին, որ Կառավարման խորհրդի նիստը հետաձգվում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031