Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանակցային պրոցեսն ինչի՞ մասին է՝ Ալիեւը որեւէ կետում զիջման չի գնում, դուք բոլոր «կարմիր գծերը» զիջել եք»․ Աննա Գրիգորյան

Հունվար 17,2024 20:55

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը դիմեց կառավարությանը․ «Չնայած նախընտրական խոստումներին, «անջատում՝ հանուն փրկության» թեզի կիրառմանը, բանակցություններում այս կառավարությունը որդեգրել էր հետեւյալ ռազմավարությունը՝ հանձնենք Արցախը, ստանանք կադաստրի վկայական, ապահովենք 29 800-ը։

Զոհաբերեցիք Արցախը, ադրբեջանական զինված ուժերը շարունակում են կանգնած մնալ Ջերմուկում, Ներքին Հանդում եւ մնացած օկուպացված հատվածներում։ Բայց դրանից հետո էլ հայտարարում էիք, որ խաղաղությունը շատ մոտ է, հիմա մենք կգնանք, կկնքենք պայմանագիր, ամեն ինչ պատրաստ է։ Եվ դրա հիմքում ասում էիք, որ երեք սկզբունքների շուրջ ձեռք եք բերել պայմանավորվածություն՝ տարածքային ամբողջականության ճանաչում, սահմանազատման մասին սկզբունքներ եւ կոմունիկացիաների ապաշրջափակում։ Բայց մենք հիմա ի՞նչ ենք լսում, որ Ալիեւն ասում է՝ սահմանազատման հանձնաժողովն ստեղծված է, այնտեղ կորոշեն՝ ընդհանրապես Հայաստանի տարածքները որտեղ է սկսում, որտեղ է ավարտվում։ Եվ 1974 թվականի քարտեզը, որը դուք առաջարկում եք, որեւէ կերպ հիմք չի ընդունում։ Ու ասում է՝ որտեղ եկել, կանգնել եմ, այնտեղից ընդհանրապես չեմ պատրաստվում դուրս գալ»։

Աննա Գրիգորյանը հավելեց, որ ենթակառուցվածքների մասով Ալիեւը նորից իր թեզն է առաջ տանում։ «Անունը դնեք միջանցք, չդնեք միջանցք, լրիվ այլ ռեժիմի մասին է խոսում։ Եվ դուք էլ այսօր այստեղից խոսում եք Մեղրիի 40 քանի կմ տարածքի մասին, մինչդեռ կոմունիկացիաների ապաշրջափակումը, «խաղաղության խաչմերուկի» ձեր հայտնի թեզը լրիվ այլ բան էր նշանակում։ Ավելին, դուք ձեր կառավարության նիստերից մեկի ժամանակ ԱԱԾ ղեկավարին հանձնարարական էիք տալիս, որ երեք կետով ապահովեն ադրբեջանցների խաղաղ ելքն ու մուտքը, մինչդեռ տեսնում ենք, որ միայն Մեղրիի մասին է խոսքը։ Արդյունքում՝ ամբողջ բանակցային պրոցեսն ինչի՞ մասին է՝ Ալիեւը պահանջներ է ներկայացնում, որեւէ կետում զիջման չի գնում։ Դուք բոլոր այն հարցերը, որոնք ձեզ համար համարում էիք սկզբունքային եւ կարմիր գծեր, բոլորը զիջել եք։ Արցախի ժողովրդի իրավունքների մասին որեւէ հիշատակում այս փաստաթղթում գոյություն չունի։ Ես՝ լինելով այն պատգամավորներից մեկը, որն ԱԳՆ-ում ծանոթացել է ադրբեջանական առաջարկներին, տեսել եմ դա։ Սահմանազատման հետ կապված որեւէ սկզբունքի շուրջ համաձայնություն չկա, ապաշրջափակման մասին խոսք չկա։ Եվ այսօր դուք ասում եք՝ մենք տարբեր լեզուներով ենք խոսում։ Չէ, դուք տարբեր լեզուներով չեք խոսում, դուք տարբեր քաղաքականություն եք իրականացնում, դուք զիջում եք ամեն ինչ, Ալիեւը չի զիջում ոչինչ։ Ցույց տվեք մի կետ, որտեղ դուք պատրաստ եք կանգնել ու չզիջել եւ ցույց տվեք մի կետ, որտեղ Ալիեւը պատրաստ է գնալ զիջման»,- հարցրեց Աննա Գրիգորյանը։

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց․ «Հիմա ինչքան էլ դուր չգա, էլի պետք է վերադառնամ բանակցային նախկին շրջանի պատմությանը։ Երբ Կազանում պետք է ստորագրվեր թուղթ, հայտարարված էր, որ համաձայնեցված է, որ ամեն ինչ տեղում է, բայց այդ թուղթը չստորագրվեց։ Եվ այդպես շարունակ։ Այն, ինչ դուք ասում եք, պետք է դրա արդյունավետությունն էլ հասկանալ։ Նույն հարցն ամեն անգամ տալ, սկսել նույն բառերով, շարունակել նույն բառերով։ Ես պաշտոնական Բաքվից հնչող հայտարարություններին արձագանքել եմ։ Դրան ավելացնելու բան չունեմ»։

Աննա Գրիգորյանը նշեց․ «Ձեզանից պահանջվում էր ասել հետեւյալը՝ կա՞ որեւէ սկզբունքային կետ, որ դուք պատրաստվում եք մինչեւ վերջ կանգնել։ Մինչեւ այսօր հնչեցրած բոլոր կետերից զիջման եք գնացել՝ Արցախի ժողովրդի իրավունքից մինչեւ Ջերմուկից ադրբեջանական զորքերի դուրս գալ։ Եվ կա՞ մի կետ, որ Ադրբեջանը պատրաստ է զիջել, ի՞նչ է զիջում Ադրբեջանը»։ ՔՊ-ական պատգամավորները փորձեցին տեղից սաստել Աննա Գրիգորյանին։ «Ադրբեջանի քարոզիչներն այստեղ նստած են, ամեն օր Ադրբեջանի օրակարգ են առաջ տանում, Արցախն Ադրբեջանի կազմում են ճանաչում եւ դեռ ինչի մասին են խոսում»,- արձագանքեց Աննա Գրիգորյանը։

Նա հավելեց․ «Դուք ընդամենն այն տրամաբանությամբ եք աշխատում, որ սպիտակ թղթի վրա գրեք «խաղաղություն», ուղարկեք Ադրբեջան, այնտեղ լրացնեն ինչ ուզում են, հետո բերեք ասեք՝ ժողովուրդ, ասել եմ, խաղաղություն կբերեմ, բերել եմ խաղաղությունը»։

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Այն, ինչ ասում եք, ակնհայտորեն իրականությանը չի համապատասխանում, եթե ելնենք միայն իմ արած հրապարակային հայտարարությունների վրա։ Ուրիշ բան, որ դուք ուզում եք, որ այդպես լինի։ Ինչո՞ւ եք ուզում, որովհետեւ այդպես լինելու հույսն է դեռեւս ապահովում ձեր քաղաքական գոյությունը։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, 1991 թվականից ոչ մի վայրկյան Ադրբեջանը պատրաստ չի եղել զիջել։ Ասել է՝ ուզում եք բարձրագույն ինքնավարություն կտամ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել «Մադրիդյան սկզբունքներով», որ այդ ինքնավարությունը կլինի հայ-ադրբեջանական ինքնավարություն»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031