Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությունը լուծարելու ամենակարճ ճանապարհը

Հունվար 23,2024 10:00

1947 թվականին ուժի մեջ մտած Ճապոնիայի սահմանադրության մշակման մեջ գործուն մասնակցություն է ունեցել այդ երկրում տեղակայված ամերիկյան զինվորական վարչակազմը՝ գեներալ Դուգլաս Մաքարթուրի գլխավորությամբ: Գերմանիայի Դաշնային Հանրապետության սահմանադրության հիմքում ընկած է օրենքը, որն ընդունվել է 1949 թվականին «արեւմտյան օկուպացիոն գոտիներում»՝ բնականաբար, ամերիկյան եւ բրիտանական զինվորականների վերահսկողության ներքո:

Գերմանիան եւ Ճապոնիան ստորագրել էին կապիտուլյացիոն ակտ, Հայաստանի՝ 2020 թվականին ստորագրածն ընդամենը եռակողմ հայտարարություն էր, որի կետերն, ի դեպ, Ադրբեջանի եւ Ռուսաստանի կողմից չեն կատարվում: Ադրբեջանը բռնազավթել է Հայաստանի Հանրապետության «ընդամենը» 200 քառակուսի կիլոմետրը՝ ֆորմալ առումով Երեւանում, համենայնդեպս, թուրքական կամ ադրբեջանական օկուպացիոն վարչակազմ չկա:

Այդքանով հանդերձ՝ Թուրքիան եւ Ադրբեջանը պահանջներ են դնում ՀՀ-ում սահմանադրություն փոխելու, եւ Երեւանում նստած վարչակազմը, որը կազմվել է Հայաստանի քաղաքացիների մեծամասնության կամքով, կատարում է թշնամի երկրների պահանջները: Արցախից եւ ցեղասպանության ճանաչումից «սահմանադրորեն» հրաժարվելը հենց այդ պահանջների շրջանակներում է:

Ինչո՞ւ է դա տեղի ունենում: Կարելի է բերել մի քանի բացատրություն:

1/ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունների տեսակետներն այդ հարցում համընկնում են: Այստեղ մեկնաբանելու նյութ չկա: Թող դրա մասին մտածեն 680 հազար քաղաքացիները, որոնք ձայն են տվել այս իշխանությանը:

2/ Հայաստանի իշխանությունները կարծում են, որ այդ զիջումները կատարելուց հետո մեր թշնամիներն այլեւս պահանջներ չեն ունենա եւ, որպես արդյունք, մենք կապրենք խաղաղ եւ անվտանգ տարածաշրջանում: Այդ ենթադրությունը գրեթե ամենօրյա ռեժիմով հերքում է Իլհամ Ալիեւը՝ հանդես գալով նորանոր պահանջներով, նախապայմաններով եւ սպառնալիքներով:

3/ Փաշինյանը եւ նրա կողմնակիցները կարծում են, որ հնարավոր է ունենալ ինքնիշխան պետություն՝ առանց ազգային նպատակների, արժեքների եւ հեռանկարների: Դա նույնպես մոլորություն է՝ այդպիսի պետություն աշխարհում չկա:

Ի՞նչ է ինքնիշխանությունը: Առաջին հերթին՝ մարտունակ բանակ ունենալն է, որն ի վիճակի է պաշտպանել քո սահմանները: ՔՊ-ականներն ամեն ինչ անում են բանակը թուլացնելու համար: Իսկ ամենակարեւորը՝ ինքնիշխան պետությունը պետք է երիտասարդ տղամարդկանց մոտ մոտիվացիա ստեղծի՝ հայրենիքի համար կռվելու: Այդ մոտիվացիան 1990-ականների սկզբին ստեղծվել էր, մասնավորապես, 88-ի արցախյան շարժումով, որի «փաստաթղթային» մարմնավորումն է Անկախության հռչակագիրը: Եթե այդ ամենը չեղարկվում է՝ մնում է դատարկություն: Դատարկության վրա հնարավոր չէ պետություն կառուցել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (17)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    «Դատարկության վրա հնարավոր չէ պետություն կառուցել:»
    … Բայց դատարկություններով կարելի է հեշտությամբ այն քանդել: Վկա՝ Մխիթար Հայրապետյանի նշանակումը երկրի զարգացման առաջնահերթություն համարվող բարձր տեխնոլոգիաների ոլորտի ղեկավար: Կամ ինչու՞ հեռու գնալ. հենց Նիկոլի պաշտոնավարումը՝ որպես երկրի ղեկավար: Դատարկություն չէ՞: Իր պեսները միայն քանդելով կարող են թաքցնել իրենց ամլությունն ու դատարկությունը: Ու իր պես դատարկություններով էլ լցնում է բոլոր ոլորտները: Սա է պետությունը լուծարելու ամենակարճ ճանապարհը:

  2. Հ.Շ. says:

    Լրիւ ճիշդ է այս ամէնը:

    Սակայն նորէն հասանք խնդրի նոյն էական կէտին՝ ո՞ւր են, Հայաստանի ազգային ուժերը: Ուժ բառին տարրական իմաստով:

    Որքան քիչ են, կամ վաբշե չկա՛ն, դրանք, որ Փաշինյանի նման արարած մը, կարենայ այս ամէնը իրականացնել:

    Եւ ինչի՞ս բանակն է այն կարծեցեալ բանակը, որու կորիզը, որու ղեկավարութիւնը, թոյլ կու տայ որ այս տեսակի մարդիկ, կարողանան այսքան հեշտօրէն քանդել այդ ռազմական հիմնարկութիւնը: Նոյն հեշտութեամբ որ նախ տիրացան բացարձակ իշխանութեան, ապա կարողացան զայն պահել ու ամրապնդել: Առանց որեւէ նշանակալից դիմադրութեան, գործնական հակազդեցութեան:

    Այսինքն, տեղ մը կու գայ ուր այլեւս կը մտածես որ, խորքին մէջ, այս դժոխածին վարչակարգը շատ բան էլ չի քանդում: Քանզի արդէն շատ բան չկար, որ քանդեն…

    Հայդուկ Շամլեան

  3. Հայ says:

    Բոլոր կետերի հետ համաձայն եմ,բացի այն կետից, որ իշխանությունները ամեն բան անում են բանակը թուլացնելու համար։
    3 անգամ բարձրացել է բանակի բյուջեն Սերժի ժամանակներից ի վեր։
    էկեք փաստերով խոսենք,կոնկրետ ինչն է ձեզ առիթ տվել,որ խոսում եք բանակի թուլացումից։

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Փաստերը շատ են, թեկուզ բանակից փողով ազատելու ՔՊ վերջին օրենքը: Բայց արդյունքները ավելի բարձրաձայն են խոսում: Օրինակ, Փաշինյանի ժամանակ «երեք անգամ հզորացած բանակը» կարո՞ղ է ադրբեջանցիներին հետ շպրտել ՀՀ ինքնիշխան տարածքից:

  4. Հայ մարդ says:

    Ամեն ինչ ընդունելի և դիպուկ է գրված, սակայն ավելի իրատեսական կլիներ, եթե 2/ և 3/ կետերում գրված «կարծում են» բառի փոխարեն գրվեր՝ «ժողովրդին մոլորեցնում են» բառերը: Ընդ որում, փաշինյանը և նրա կողմնակիցները դա անում են օտարի (կամ օտարների) հրահանգով և գիտակցում են իրենց արած հակահայկական ստորությունը:

  5. Հայ says:

    Ես չեմ ասում,որ մեր բանակը 3 անգամ հզորացել է, քանի որ այսօրվա ներդրումները արդյունք են տալու վաղը։
    Ինչ վերաբերվում է բանակից փողով ազատվելուն,նման բան չկա,դա ընդամենը դասալքության ամնիստիայի գինն է։
    Հայաստանի ողջ պատմության ընթացքում դա եղել է,եղել է անվճար ամնիստիա,եղել է ավելի ցածր գումարով,իսկ հիմա ավելի բարձր գումարով։
    Ներեցեք,իսկ նախորդ իշխանությունների ժամանակ ինչ են արել այն մարդկանց հետ որոնք 15 տարեկանում լքել են Հայաստանը և 40 տարեկանում վերադարձել են։
    Նրանց նստացրել են?

    • Ասֆալտին պառկեցված says:

      Նախ պետք է ապացուցել 3 անգամ բանակն ուժեղացնելու նիկոլական հեքիաթը (եթե 3 տոկոս ասեին, մի կերպ կհավատայինք)։ Երկրորդն էլ, ինքան էլ ռազմական բյուջեն ավելացնեն, միևնույնն է, գերագույն գլխավոր հանձնողը սովոր է միայն հանձնելու և իր մաշկը փրկելու համար ոստիկանական զորքերի ու բերետավորների աշխատավարձերը տասնապատկելու։

  6. Հայ says:

    Փաշինյանի քաղաքականությունը շատ պարզ ա, համոզել աշխարհին,որ մենք խաղաղություն ենք ուզում,համոզել աշխարհին, ոչ թե Ադրբեջանին։Ադրբեջանը թքած ունի մենք ինչ ենք ուզում,բայց եթե մենք չկարողանանք աշխարհին համոզել,որ մենք ռևանշիստ չենք և խաղաղություն ենք ուզում, ապա ենթադրյալ պատերազմի նախաձեռնողը կլինի Ադրբեջանը։
    Եթե պատերազմն անխուսափելի է,ավելի լավ է,որ ագրեսոր համարվի Ադրբեջանը,քան թե պատերազմը գնահատվի որպես երկկողմանի լարվածության արդյունք։

    • Ասֆալտին պառկեցված says:

      Խորհուրդ եմ տալիս քպ-ական պատգամավորներին Հայ-ի այս տողերը կարդալ Աժ-ի նիստի ժամանակ և քպ-ի խմբակցության բոլոր անդամներով անկեղծորեն ծափահարել։

      • Հայ says:

        Ծափահարելու ոչ մի իմաստ չկա։
        Հենց իմաստն էն ա,որ պետք չի ծափահարել,պետք չի ուրախանալ,պետք չի վեր- վեր թռնել և աքլորանալ ,այլ պետք է կուլ տալ որոշ բաներ,ժամանակ շահել և հզորանալ։ Հզորանալ քաղաքանապես,հզորանալ բանակով,հզորանալ մշակույթով և կրթությամբ։

  7. Հայ says:

    Պետությունը ամենակարճ լուծարելու ձևն ասեմ։ Պահանջում ենք Արցախը,արևմտյան Հայաստանը,Ջավախքը,և Ուրմիա լիճը։ Մեկ ժամ հետո Հայաստան չի լինի։

  8. Պահանջելու իրավունքը ոչ ոք չի մերժել ոչ մեկին ու երբեք: Ինքնակամ չհրաժարվենք հիմնարար իրավունքներից: Կա ժամանակ հավաքել քարերը, կա ժամանակ քարերը նետելու: Պատրաստ լինենք այդ պահին` “քարերը” զենք կդառնան միայն եթե մոռացած չլինենք, կամ մոռացված դարձված չլինեն Պահանջները: Հայկական Լեռնաշխարհը դեռ ոչ ոք չի վերանվանել: Սպասում է: Եվ չշփոթենք բանակի 3x բարձրացած բյուջեի ծախսերը (թարմ ելակ, …) բանակի հզորացման հետ` առնվազն 3x բարձրացել է բանակայինների մահացությունը ոչ մարտական պայմաններում…

    • Հայ says:

      Եթե բանակի բյուջեն ոչ մի կերպ չի ազդում բանակաշինության վրա,կարելի է զրոյացնել այն։
      Իսկ եթե ավելի լուրջ,բանակի հզորացումը անմիջական կապ ունի ֆինանսավորման հետ։
      Դուք ասացիք,որ մահացության թվերն է 3 անգամ բարձրացել,խնդրում եմ բերեք այն վիճակագրությունը որի վերջին 20 տարիների ընթացքում որի համաձայն այդ զինվորների մահվան թվերն այդքան աճել են խաղաղ պայմաններում։

  9. Պարոն Հայ, ի՞նչ կերպ մեկ ժամում Հայաստան չի լինի (եթե պահանջներ ունենանք): Առանց պահանջների ինչ տարբերություն մարդ ենք թե բույս: Լուրջ խնդրում եմ րոպե առ րոպե նկարագրեք, եթե գիտեք ինչի մասին եք խոսում: Եթե ոչ, կարիք չկա ահ ու սարսափ տարածել` դա նիկոլի փեշակն է ու ստրատեգիան: Անգերազանցելի է:

  10. Ես Ձեզ պատասխանում եմ, ակնկալելով որ պատասխան կպատրաստեք իմ հարցին (մեկ ժամում Հայաստան վերցնելը):

    19 հունվար 2023 Գեղարքունիքի Ազատ գյուղում տեղակայված զորամասի հրդեհը տարավ 15 երիտասարդի կյանք:

    Երբ կլսեմ Ձեր պատասխանը, կշարունակեմ այս տխուր իրականության ցուցակը:

  11. Հայ says:

    Տիկին Սվետլանա,ես Ձեզնից վիճակագրություն ուզեցի,որպեսզի պարզ դառնա արդյոք աճել է մահացածների թիվը թե ոչ,իսկ եթե աճել է,ապա ինչքան։
    Ինչ վերաբերվում է պահանջատիրությանը, ես և Դուք կարող ենք լինել պահանջատեր,բայց եթե երկրի ղեկավարը սկսեց պահանջել տարածքներ, որոնք համ մեր կողմից համ միջազգային հանրության կողմից ուրիշ պետության տարածք է ճանաչված,դա կդիտվի որպես սպառնալիք տվյալ պետություններին և նրանց կտա օրինական հիմք վերացնել այդ սպառնալիքը։

  12. Դուք չեք կարծում, հուսով եմ, որ ինանից տվյալ ուզելու դիմաց, պարզունակ տեքստ կտաք, որը ոչ միտք է պարունակում, ոչ նորություն… Բայց ուրախ եմ կարդալ, որ Դուք տեղյակ եք. ադրբջնի կողմից հնչեցվող պահանջները (կ)դիտվեն որպես սպառնալիք տվյալ պետության (այս դեպքում Հայաստանի) դեմ և նրանց (հայերին) կտա ՕՐԻՆԱԿԱՆ հիմք վերացնելու սպառնալիքը:
    Խելացի ղեկավարները սպառնալիքը վերացնում են խելացի քայլերով: Կարծո՞ւմ եք ալիևը չգիտի որ հայը իր պահանջներից չի հրաժարվելու: Կարծո՞ւմ եք նիկոլի 2019-ի ‘Արցախը Հայաստան է և վերջ’ն էր պատճառ դառել: Եթե այո, ապա ես չեմ շարունակի:
    Այսօրվա Հայաստան երկրի ղեկավարը ոչ թե վերացնում է սպառնալիքը (ինչը ուժերից վեր բան է իր համար) այլ վախեցնելով հային սպառնալիքներով անում է ինչ իր ուժերը ներում են` սփռում է բառային ֆորմատներ իր անզորության հետևանքով արդեն իրականություն դառնող սպառնալիքը ընկալել որպես բարիք: ԲԱՐԻՔ…
    Ձեր ոճով ասեմ` համոզված եմ, նիկոլի անհայտանալուց մեկ ժամ հետո ադրբջնի բոլոր ուժերը իրենք-իրենք դուրս կքաշվեն Հայաստանից:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031