Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդի խարդախությունից տուժել է 23 անձ. Ավելի քան 315 մլն դրամի հափշտակություն

Փետրվար 02,2024 17:59

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է Գյումրի քաղաքի՝ 1997թ․ ծնված բնակչի կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափի՝  ընդհանուր ավելի քան 315 մլն ՀՀ դրամից ավելի գումար հափշտակելու բազմադրվագ դեպքի նախաքննությունը։

2019թ․-ի մայիսին, Երևանի բնակիչ Ս․Դ․-ն, ով հանդիսանում է ՍՊԸ ընկերության տնօրեն, հաղորդում է ներկայացրել այն մասին, որ մայնինգ կատարող սարքեր ձեռք բերելու և այդպիսով շահույթ ստանալու նպատակով՝ 2018թ. հոկտեմբերից համագործակցություն է սկսել գործարար ներկայացած Ս․Խ․-ի հետ, ինչի արդյունքում՝ վերջինս իրենից հափշտակել է առանձնապես խոշոր չափի գումար։

Բազմակողմանի քննությամբ բացահայտվել է 26-ամյա երիտասարդի կողմից իրականացված սխեմատիկ բնույթ ունեցող խարդախությունների շղթա։ Մասնավորապես, ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ վերջինս,  շահույթ ստանալու պատրվակով,  ինչպես Ս․Դ․-ին, այնպես էլ մի քանի այլ անձանց առաջարկել է գնել նյութական արժեք ներկայացնող և իբրև թե համապատասխան կրիպտոբորսայում վաճառելու հնարավորությամբ օժտված մայնինգ կատարող սարքեր, և հիշյալ անձանցից մոտ մեկ տարի շարունակ խաբեությամբ ստացել ընդհանուր 315․ 788․ 602 ՀՀ դրամ գումար։

Երիտասարդը նախ ՍՊԸ-ի տնօրեն հանդիսացող գործարարին հավաստիացրել է, որ անձամբ է զբաղվում հիշյալ սարքերի ներմուծմամբ, վստահություն ձեռք բերելու նպատակով ցույց տվել իր բջջային հեռախոսում գրանցված բանկային հաշիվներին ստացված ինչ-որ գումարներ, ապա նրան առաջարկել 1.154.280 ՀՀ դրամին համարժեք 2400 ԱՄՆ դոլարով ձեռք բերել «Antminer Z9 mini» սարք՝  խոստանալով դրա գործարկումից վերջինիս ապահովել ամսական 280.000 ՀՀ դրամի չափով շահույթ:

Ստանալով Ս․Դ․-ի համաձայնությունը՝ հանցագործության կատարման պահին 22-ամյա երիտասարդը  վերցրել է պահանջված գումարն ու շուրջ մեկ ամիս անց ՍՊԸ տնօրենին մետաղյա թիթեղով պատված ինչ-որ սարքավորում ներկայացրել որպես «Antminer Z9 mini» սարք՝  առաջարկելով խոստացված եկամտաբերությունն ապահովելու համար այն տեղադրել իբրև թե իր հորը պատկանող, սակայն իրականում գոյություն չունեցող գործարանում:

Հետագայում, ավելի մեծ եկամուտ ստանալու պատրվակով գործարարին առաջարկվել է գնել տասնյակ այլ սարքեր, ինչի դիմաց երիտասարդը նրանից ինչպես առձեռն, այնպես էլ փոխանցման միջոցով մաս-մաս ստացել է ընդհանուր 811.000 ԱՄՆ դոլար գումար, որից 25.949.232 ՀՀ դրամի չափով ավելի ուշ մաս-մաս որպես եկամուտ փոխանցել է Ս․Դ․-ին՝ սկզբնական շրջանում նրա վստահությունը չկորցնելու նպատակով:

Այնուհետև, չկատարելով իր ստանձնած պարտավորությունը, երիտասարդը շուրջ 40 հատ՝ բարձր եկամտաբերությամբ և որակական հատկանիշներով սարքեր տրամադրելու փոխարեն գործարարին տրամադրել է խոստացվածից խիստ ցածր որակական հատկանիշներով սարքավորում՝  այդպիսով  նրանից հափշտակելով 13.468.763 ՀՀ դրամ գումար:

Բացի այդ,  երիտասարդը, տեղեկանալով նաև Ս․Դ․-ի հետ փոխկապակցված անձանց՝  ֆինանսապես ապահովված լինելու մասին և օգտագործելով գործարարի մոտ ձեռք բերած վստահությունը, վերջինիս միջոցով՝ նույն պայմաններով մայնինգ սարքեր ձեռք բերելու հարցի շուրջ համաձայնության է եկել նաև նրա հարազատների և ընկերների, վերջիններիս միջոցով էլ՝ տասնյակ այլ անձանց հետ, որոնցից նույնպես նույն եղանակով պարբերաբար խաբեությամբ ստացել և հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումարներ՝ պատվիրված սարքերը տարբեր պատճառաբանություններով չփոխանցելով, և շարունակ խուսափելով վերջիններիս զանգերից։ Նրա հանցավոր գործողություններից տուժել է ընդհանուր 23 անձ։

Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա, Գյումրիի բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որը համապատասխանում է գործող օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին (6 դրվագ)։

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին, այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով։

Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829