Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Վատ եմ զգում, որ արտասվում եմ, որովհետեւ Գագիկը արտասվել չգիտեր, ինքը կռվել գիտեր». Գուրգեն Մելիքյան

Փետրվար 09,2024 15:22

«Գագիկ Գինոսյանը հայ ազգային ոգու, ազգային երազանքների իրականացման նվիրյալ էր, նա զինվորագրված էր իր գործին՝ զենքը ձեռքին: Իսկ խաղաղության ժամանակ իր հոգեւոր զենքով էր մարդկանց ուղղորդում: Ամենամեծ, ամենաթանկ կորուստն է մեզ համար… Գագիկը հզոր էր իր էությամբ: Ես նույնիսկ հիմա, որ այսքան հուզված եմ, վատ եմ զգում, որ արտասվում եմ, Գագիկը արտասվել չգիտեր, ինքը կռվել գիտեր…Ինքը հայ էր, եւ մեր երազանքների  իրականացման նվիրյալը, անմնացորդ նվիրյալը…»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանին վերջին հրաժեշտը տալու եկած ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր, Արցախի պաշտպանության բանակի գնդապետ, Քաշաթաղի  բազմազավակ ընտանիքների հիմնադրամի գործադիր տնօրեն Գուրգեն Մելիքյանը:

Պրոֆեսորը հուզված նշեց, որ ավելի մեծ կորուստ չի պատկերացնում. «Թող հիշատակը վառ լինի իր զինակիցների, ընկերների, աշակերտների եւ ուսանողների  սրտերում, մենք պահելու ենք դա: Քանի Գագիկի տեսակը գոյություն ունի, եւ Գագիկի ուսանողները կան, մեր գործը անմահ է լինելու եւ մենք հաղթանակով ենք պսակելու այս դժվարին իրավիճակը»:

Արցախի Հանրապետության Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Նարինե Աղաբալյանն ասաց, որ  պատիվ է ունեցել  երկար տարիներ համագործակցելու Գագիկ Գինոսյանի հետ, երբ նախարար էր: «Համատեղ ծրագրեր ենք արել: Իր շնորհիվ մենք հայկական պարը բերեցինք Արցախ եւ մինչեւ վերջին օրերը մենք իրար հետ միասին աշխատում էինք: Գագիկ Գինոսյանը  հայրենիքի զինվոր էր, բայց նա սովորական ազատամարտիկ չէր, նա մեր հայկական ինքնության պահապաններից էր եւ ամենեւին զարմանալի չէ, որ սիրտը չդիմացավ, որովհետեւ այսքան թիրախավորվեց ու խոցելի դարձավ հայկական ինքնությունը…

Կարծում եմ՝ այդ ըմբոստությունից, ցասումից նրա սիրտը չդիմացավ: Ցավում եմ… Կուզենայի, որ նա հաղթահարեր այդ փորձությունը, այդ անզորության զգացողությունը, որ համակել է բոլորիս, ու կարողանայինք մեր պայքարը մինչեւ վերջ տանել: Վստահ եմ, որ տարիների ու ժամանակի հետ նրա ավանդը ավելի կգնահատվի եւ կարժեւորվի մեր բոլոր սերունդների կողմից»,-ասաց տիկին Աղբալյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829