Լրահոս
Օրվա լրահոսը

«13-ը մեր գյուղի վրա գալովի է». Ներքին Հանդի բնակիչներ (Ֆոտոռեպորտաժ)

Փետրվար 13,2024 20:03

«Ամսի 13-ը մեր գլխին գալովի է դառնում․ 2022թ․ սեպտեմբերի 13-ին ադրբեջանցիները կրակեցին Ներքին Հանդի ուղղությամբ։ Բայց այս անգամ դիրքերի վրա են կրակել, գյուղի ուղղությամբ կրակոց չի եղել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում են Սյունիքի Ներքին Հանդ գյուղի բնակիչները։

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել  Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով, հայկական կողմն ունի 4 զոհ և մեկ վիրավոր։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ մարզպետի աշխատակազմի մի խումբ աշխատակիցների հետ առավոտվանից Ներքին Հանդում է։ Մարզպետը զրուցում է գյուղամիջում հավաքված մարդկանց հետ, անվտանգային հարցերից բացի՝ քննարկում են գարնան գյուղատնտեսական աշխատանքներին վերաբերող հարցեր։

«Առավոտյան ժամը 5.30-ին էր, որ կրակոցի ձայներ լսեցինք, գյուղի վրա չէին կրակում, դիրքերի վրա, հիմա չկա կրակոց, բայց դե անհանգիստ ենք՝ ամեն պահ կարող է ամեն ինչ պատահել»,-ասում է Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի բնակիչ Արմինե Հովհաննիսյանը։

Տիկին Արմինեի խոսքով՝ ոչ մեկը գյուղը չի լքել։ «Լքենք ո՞ւր գնանք, սա մեր գյուղն է, մեր տունը։ Առավոտյան 9-ից արդեն ամեն մարդ իր գործին էր»,-նշեց նա։

Ըստ Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանի՝ ամենակարեւորը գյուղում խուճապ չկա։ «Անհանգիստ ենք, բայց ամեն մարդ զբաղվում է իր հողամասով, ընտանի կենդանիներով, մի խոսքով՝ մենք այս պահին մեր գործերով ենք» ,-ասաց վարչական ղեկավարը։

2024թ․ փետրվարի 13-ին Ներքին Հանդի առօրյան ներկայացնում ենք լուսանկարներով ու տեսանյութով։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829