Լրահոս
Օրվա լրահոսը

«Երաշխավորների հեղինակությունը պարտավորեցնող է. այլեւս հանցանք չեմ անի». Նարեկ Մալյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացվեց

Փետրվար 13,2024 20:40

«Երաշխավորներն ինձ համար չափազանց կարեւոր, հեղինակավոր մարդիկ են: Իրենց հեղինակությունը պարտավորեցնող է. այլեւս հանցանք չեմ անի»,- այսօր դատարանում հայտարարեց «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը:

Հիշեցնենք, Երևանի քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում այսօր, դատավոր Սուսաննա Գզոգյանի նախագահությամբ շարունակվեց «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի գործով նիստը: Այսօրվա նիստի ընթացքում հարցաքննվեցին փորձագետները։ Քանի որ մի քանի օրից լրանում է Նարեկ Մալյանի կալանքի ժամկետը, դատարանը քննարկեց նաեւ Մալյանին կալանքից ազատելու  պաշտպանական կողմի միջնորդությունը: Դատարանը եւս երկու ամսով երկարացրեց Նարեկ Մալյանի կալանքը՝ իր որոշումը հիմնավորելով նաեւ դատական նիստերի դահլիճում Նարեկ Մալյանի դրսեւորած վարքագծով: Դատարանի դահլիճում, ի պատասխան լրագրողի հարցի՝ Նարեկ Մալյանն ասաց, որ նման որոշումն իր համար սպասելի էր:

Մինչ այդ, դատավորը հետաքրքրվել էր՝ ինչո՞վ է պայմանավորված Մալյանի վարքագիծը դատական նիստերի դահլիճում, նրա արտահայտությունները, մեկնաբանությունները:

«Եթե տեղյակ չեք, ինձ դատում են, ես կարծում եմ մի արարքի համար, որը հորինված, մատից ծծած է՝ դատախազի կողմից եւ ես հինգ ամիս է բանտում եմ՝ դատախազի վառ երեւակայության պատճառով: Մի քիչ նյարդային եմ, բայց չեմ կարծում, որ չափն անցնում եմ, ամեն դեպքում, ինչ-որ արտառոց բան չկա իմ վարքի մեջ»,- պատասխանեց Նարեկ Մալյանը:

Հանրային մեղադրողը պնդեց՝ Նարեկ Մալյանին կալանքի տակ պահելու հիմքերը պահպանվում են, ավելին, դատաքննության ավարտին մոտենալն առավել ամրապնդում են Մալյանի փախուստը կանխելու մտավախությունները, ի հայտ չեն եկել հանգամանքներ, որոնք կչեզոքացնեն այդ ռիսկերը, ուստի պետք է երկարացնել նրա կալանքի ժամկետը: Պաշտպան Տիգրան Աթանեսյանը հակադարձեց՝ վստահեցնելով, որ հնարավոր մեղադրական վերդիկտը հաստատ չարժե, որ իր պաշտպանյալը փախուստի դիմի ու հավաստիացրեց, որ նման բան հնարավոր չէ:

Այլընտրանքային խափանման միջոց կիրառելու առումով էլ դատախազի կարծիքով նոր հանգամանքներ ի հայտ չեն եկել: Ամեն դեպքում, պաշտպանական կողմը միջնորդեց Նարեկ Մալյանի նկատմամբ կիրառել այլընտրանքային խափանման միջոց՝ անձնական երաշխավորություն: Նարեկ Մալյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություններով դատարան էին եկել Հայաստանյան սուրբ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, 168. am կայքի եւ համանուն թերթի խմբագիր, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, 24. news կայքի խմբագիր Նարեկ Գալստյանը, գրող-հրապարակախոս Լեւոն Ջավախյանը, անձնական երաշխավորագրեր էին ներկայացրել նաեւ հայտնի արձակագիր Գուրգեն Խանջյանը, բանաստեղծ Հուսիկ Արան: Պաշտպանական կողմը նաեւ տնային կալանքի միջնորդություն ներկայացրեց՝ Նարեկ Մալյանի հոր՝ տեր Պետրոս քահանայի կողմից: Ի դեպ, թե դատավորը, թե դատախազը նաեւ դրական արտահայտվեցին այն անձանց մասին, ովքեր անձնական երաշխավորություններ էին ներկայացրել:

«Մեր եկեղեցին գտնվում է Մեծ պահքի շրջանում, իսկ դա ներողամտությունն է, որը մարդը մարդու նկատմամբ պետք է տածի»,-դատարանում հայտարարեց Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը՝ հավելելով, որ Նարեկ Մալյանն այն անձն է, այն ընտանիքի զավակն է, որը որ վնաս չի կարող բերել մեր հայրենիքին, ուստի հաստատում է նրան կալանքից ազատելու իր միջնորդությունը:

«Պնդում եմ երաշխավորությունս, մանավանդ, չի բացառվում, որ ես էլ իր տեղը նստեմ»,- դատարանում հայտարարեց Լեւոն Ջավախյանը:

«Նարեկ Մալյանն իմ 20 տարվա ընկերն է եւ ես վստահ եմ, որ ոչ իմ, ոչ ինձնից առավել հարգարժան մնացած բոլոր երաշխավորների խոսքը իր մոտ մեծ արժեք ունի»,- հայտարարեց 24. news կայքի խմբագիր Նարեկ Գալստյանը:

Նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում, Նարեկ Մալյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանն ասաց, որ իր պաշտպանյալի կալանքի երկարացումը սպասելի էր, բացարձակ անակնկալ չկար այդ որոշման մեջ. «Իրենք գիտեն՝ ինչ են անում: Հիմա տարածված է՝ պաշտոնի եւ փողի համար ամեն ինչ վաճառել: Զարմանալի չէ, բացարձակ զարմանալի չէ: Արցախը ծախեցին, ո՞վ պատասխան տվեց: Մեկին էլ կնստացնեն»:

Պաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ անդրադառնալով փորձագետների հարցաքննությանն, ասաց, որ դրանց ընթացքում մի քանի լուրջ խնդիրներ բացահայտվեցին, ուստի իրենք կուսումնասիրեն այդ հարցաքննությունները եւ միջնորդություններ կներկայացնեն դրանց վերաբերյալ: Խոսքը վերաբերվում է դատահոգեբանական փորձաքննության հատվածին: Պաշտպանը հայտարարեց՝ պնդում է, որ Նարեկ Մալյանն անազատության մեջ է դատահոգեբանական փորձագետի պատճառով: Իսկ Մալյանի կալանքի երկարացման որոշումը Ռուբեն Մելիքյանը չի համարում դատարանի որոշումը:

Հիշեցնենք, Նարեկ Մալյանին ձերբակալել էին սեպտեմբերի 20-ին, երկու օր անց նա կալանավորվեց երկու ամսով: Նարեկ Մալյանին ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 329–րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքը կատարելու համար: Այն է՝ «ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը»: Այս հոդվածով նախատեսվում է որպես պատիժ՝ 1-4 տարի ազատազրկում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829