Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես մինչեւ փետրվարի 20-ը պլանավորած գործ չունեմ, ազատ եմ». Նարեկ Մալյան

Դեկտեմբեր 06,2023 21:21

Երևանի քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում այսօր, դատավոր Սուսաննա Գզոգյանի նախագահությամբ շարունակվեց «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի գործով դատական նիստը:

Դատարանը հիմնական դատալսումների փուլում է: Մեղադրողը հանդես եկավ բացման խոսքով, որը մեղադրական եզրակացությունն էր: Ըստ այդմ, Նարեկ Մալյանը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթեր է հեռարձակել, որում անդրադարձել է այդ պահին Հանրապետության հրապարակում ընթացող ցույցերին եւ, ըստ դատախազության, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների եւ նրա առաջնորդի հասցեին հայհոյանքներ է տվել, նրանց հարազատների հասցեին քողարկված վիրավորական հայտարարություններ է արել: Դատախազությունում կարծում են, որ Նարեկ Մալյանի խոսքը հիմք է դարձել հանրության որոշակի շրջանակներում, քանի որ հիշյալ տեսանյութի ներքո, ՔՊ-ականների եւ նրանց առաջնորդի հասցեին բռնություն գործադրելու մասին մեկնաբանություններ են թողնվել: Այսինքն, ըստ մեղադրողի, քաղաքական հայացքներով պայմանավորված, մարդկանց տվյալ խմբի նկատմամբ անհանդուրժողականություն է ցուցաբերել:

Նարեկ Մալյանը, մասնավորաբար ասել է. «Հիմա գործողությունների ժամանակն է, ով որ ուզում է դիմի գործողության, թող հելնի եւ գա: Էս դավաճանները նորից մարտի 1 էին ուզում սկսել ստեղ. կրակեցին, եսիմինչեր արեցին: Իմ ինֆորմացիայով, դավաճան Նիկոլն ա հրաման տվել՝ մարդկանց վրա կրակելու: Բայց, ինչպես տեսնում եք, ոչ մեկի … էլ չի: Կանայք կան ստեղ, լիքը մարդ կա, ոչ մեկի պետքն էլ չի ու բոլորը գոռում են՝ Նիկոլ դավաճան: Հիմա խոսքս ուղղում եմ բոլոր ՔՊ-ականների, դուք պիտի ընտրեք … (հայհոյանք)՝ էդ եք, թե՝ … (հայհոյանք)»:

Այնուհետեւ, Նարեկ Մալյանը տեսախցիկը պահել է ցուցարարների ուղղությամբ եւ դիմելով ՔՊ-ականներին՝ ասել. «Այս ժողովուրդը հատ-հատ գալու է ձեր բոլորի տուն՝ կոֆե խմելու, ՔՊ-ականների մայրիկների հետ»: Ապա, նա հայտարարել է, որ պետք է պարզել բոլոր ՔՊ-ականների տվյալները՝ հասցեները, նրանց հարազատների անունները եւ հավելել, որ ինքը սիրով կառաջնորդի ցուցարարներին՝ ՔՊ-ականների տուն գնալիս: Նա, նաեւ իբրեւ ոստիկանության նախկին աշխատող, հայտարարել է, որ ոստիկանությունը կորցրել է վերահսկողությունը եւ հորդորել է ոստիկաններին՝ ժողովրդի դեմ դուրս չգալ, քանի որ «սրանց (նկատի ունի իշխանության. Ն. Գ.) վերջը երեւում է»: Ապա, Նարեկ Մալյանն անդրադառնում է քաղաքական իրադարձություններին, մասնավորաբար Պրահայում կայացած Փաշինյան-Ալիեւ հանդիպմանն՝ ասելով որ այդ հանդիպման ժամանակ Փաշինյանը հրաժարվել է Արցախից ու այդ պատճառով էլ, Ալիեւը՝ «Նիկոլի պասերով», հարձակվել է Արցախի վրա: Նարեկ Մալյանը նաեւ ՔՊ-ականներին կոչ է անում՝ միանալ ցուցարարներին, չմիանալ «Նիկոլի դավաճանությանը», իսկ ովքեր կմիանան՝ ասում է՝ «կհալածենք»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, Նարեկ Մալյանին ձերբակալել էին սեպտեմբերի 20-ին, երկու օր անց նա կալանավորվեց: Նարեկ Մալյանին ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 329–րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքը կատարելու համար: Այն է՝ «ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը»: Այս հոդվածով նախատեսվում է որպես պատիժ՝ 1-4 տարի ազատազրկում:

Հիշեցնենք` ավելի վաղ «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացումը բեմադրելու համար, Նարեկ Մալյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 226.2 հոդվածով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը)։ Այս տարվա հունիսի 30–ին Նարեկ Մալյանն արդարացվեց Չաուշեսկուի գնդակահարությունը բեմադրելու գործով։

Նարեկ Մալյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ բացման խոսքով հանդես եկավ. նրա գնահատմամբ, սա սովորական քրեական գործ չէ. «Այս գործն այն մասին է, որ Նարեկ Մալյանը հանդիսանալով Հայաստանում իշխող քաղաքական ուժի ընդդիմախոս, հանդես է եկել կոշտ քննադատական խոսքով»: Այդ խոսքը, ըստ պաշտպանի, շատ ընդհանրական ձեւով մատուցվել է ՀՀ ՔՕ-ի հոդվածներից մեկով, արդյունքում, Նարեկ Մալյանը շատ երկար ժամանակ անազատության մեջ է՝ ապօրինի կարգով եւ եթե ՀՀ-ում ազատության իրավունքը ապահովված լիներ, այս դատավարությունը չէինք ունենա:

«Խոսքի ազատության մասին է այս դատավարությունը, ոչ թե քրեական իրավունքի: Այս դատավարությունն այն մասին է, որ Նարեկ Մալյանի խոսքի ազատությունը ոչ իրավաչափ ձեւով սահմանափակված է»,- հայտարարեց Ռուբեն Մելիքյանը:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Այսօրվա նիստում հետազոտվեց նաեւ խնդրո առարկա տեսագրությունը: Հանրային մեղադրողը ներկայացրեց փորձագիտական եզրակացություն, ըստ որի «անբարոյականի զավակ» արտահայտությամբ Մալյանը վիրավորել է ՔՊ-ականների մայրերին, նաեւ «թուրք» բառն է վիրավորանք որակել ՔՊ-ականների հասցեին, «գնալու են ՔՊ-ականների մամաների հետ կոֆե խմելու» արտահայտությունը եւ այլն:

Տեսագրության հետազոտումը կիսատ մնաց, քանի որ նիստն ընդմիջվեց՝ աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված: Երբ որոշվում էր հաջորդ նիստի օրը եւ դատախազը ինչ-որ ամսաթվի հետ կապված առարկություն ներկայացրեց՝ ասելով, որ այդ օրը պլանավորված գործեր ունի, Նարեկ Մալյանը ռեպլիկ նետեց. «Ես մինչեւ փետրվարի 20-ը պլանավորած գործ չունեմ, ազատ եմ»: Այդ օրը լրանում է նրա կալանքի ժամկետը: Ապա Մալյանը հիշեց, որ այսօր փաստաբանների մասնագիտական օրն է, ցանկանում էր շնորհավորել դատավարության մասնակից փաստաբաններին, բայց արժանացավ դատավորի նկատողությանը:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում, Նարեկ Մալյանի պաշտպաններից Տիգրան Աթանեսյանը հայտարարեց, որ իր տպավորությունը, որ դատավորը հանձնարարություն ունի Նարեկ Մալյանին արագ դատելու, ամրապնդվեց: Բայց խոստացավ, որ չի ստացվելու եւ եթե գնալու են իր պաշտպանյալին դատապարտելու ուղով, ապա կխայտառակվեն բոլորով եւ ամբողջությամբ: Տիգրան Աթանեսյանն անդրադարձավ տեսանյութի մասով ներկայացված փորձագիտական եզրակացությանը՝ ասելով, որ պահանջելու է, որպեսզի փորձագետը հրավիրվի դատարան եւ բացատրություններ տա հայհոյանքների՝ իր գնահատականների եւ վերլուծությունների համար. «Երկու օրում եզրակացություն տվող փորձագետը մասնագիտական ինքնասպանություն է գործել, երկու օրում լինգվիստիկական փորձաքննություն են անում՝ արագ, շուտ-շուտ, պատվերով. եթե իրենք ուզում են այդ ձեւով ապրել, թող ապրեն, մեզ դա չպետք է վերաբերվի»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Ռուբեն Մելիքյանն էլ փոխանցեց, որ պաշտպանական կողմը միջնորդելու է, որպեսզի ՔՊ-ն այս գործով տուժող ճանաչվի:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031