Լրահոս
Օրվա լրահոսը

Բավարար տվյալներ ձեռք չեն բերվել, որ Սոնա Մնացականյանի համար տեսանելի ու ընկալելի է եղել կանաչ լույսի առկայության պայմաններում կարգադրիչի` հատումը արգելելու կարգադրությունը. մեղադրող դատախազ

Փետրվար 21,2024 22:11

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանն այսօր մերժեց 2022 թվականին վարչապետի ավտոշարասյանն ուղեկցող մեքենայով հղի կնոջը՝ Սոնա Մնացականյանին, վրաերթի ենթարկած ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը: Պաշտպանները դեռ նախորդ դատական նիստին միջնորդել էին նշանակել կրկնակի դատատեխնիկական ու տեսաձայնագրային փորձաքննություն, ինչպես նաև քննչական փորձարարություն իրականացնել, ինչին առարկեցին, թե՛ տուժողի ներկայացուցիչը, թե՛ մեղադրող կողմը:

«Ֆոն է ստեղծվել, թե իբր փորձագետի եզրակացությունը թերի է: Մենք փորձագետի հարցաքննությամբ պարզեցինք, որ քննչական փորձարարություն կատարելու անհրաժեշտություն չկա, որեւէ  նոր ելակետային տվյալ չի ավելանում, առհասարակ փորձագետին առաջ քաշված հարցերի պատասխաններից հասկացանք, որ փորձաքննության կատարման  ժամանակ կիրառվել են բոլոր հնարավոր ժամանակակից մեթոդները, օգտագործվել է այն բոլոր ժամանակակից գիտական գրականությունը, որը ավելի ժամանակակից է, քան պաշտպանական կողմից ներկայացրածը: Դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցներով որեւէ անհրաժեշտություն  չի առաջացել կրկնակի դատատեխնիկական ու տեսաձայնագրային փորձաքննություն նշանակել» ,- պաշտպանական կողմի միջնորդության վերաբերյալ առարկությունն այսպես հիմնավորեց մեղադրող կողմը:

Տուժողի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանն էլ ասաց, որ չի կարող վարորդը արագություն գերազանցել ու իրադրության նկատմամբ ուշադրություն չպահանջվի նրանից: Ըստ նրա՝ եթե վարորդն այդքան համարձակություն է ունեցել արագություն գերազանցել, ապա դրա հետեւանքների վերահսկելիությունն ինքը պետք է ապահովի, ոչ թե ասել, թե վարորդը պարտավոր չէր վերահսկելիություն ապահովել տվյալ իրադրությունում:

Դատարանը լսելով տուժող ու մեղադրող կողմերի առարկությունները, որոշեց մերժել  պաշտպանական կողմի միջնորդությունը:

Մեղադրող դատախազն այսօր նաեւ հայտնեց, որ  քրեական գործում եղած տվյալների համաձայն՝ բավարար տվյալներ ձեռք չեն բերվել, որոնք կհաստատեն, որ Սոնա Մնացականյանի համար տեսանելի ու ընկալելի է եղել  կանաչ լույսի առկայության պայմաններում կարգադրիչի` հատումը արգելելու կարգադրությունը:

Մեղադրող դատախազը նաեւ ասաց, որ  Սոնա Մնացականյանի գործողությունները քննվել են ու որոշում է կայացվել նրա նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829