Լրահոս
Օրվա լրահոսը

«Լուրջ մտավախություն ունենք, որ գարնանն արտագաղթի ճանապարհն ընտրող մարդկանց թիվը կտրուկ աճելու է»․ Արտակ Բեգլարյանը՝ Արցախից բռնի տեղահանված անձանց մասին

Մարտ 06,2024 15:05

«Բավարար ներառական քննարկումներ չեն եղել ՀՀ կառավարության կողմից»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված «ՀՀ կառավարության՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների բավարարման ծրագիր․ մտահոգություններ ու առաջարկներ» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանը։

Նա տեղեկացրեց՝ միայն մեկ օրինակ գիտի, որ 10-15 տարբեր գործիչներ հրավիրվել էին փոխվարչապետի մոտ քննարկման․ «Ընդ որում, ընկալելի չէր, թե ինչ սկզբունքով ընտրված, կազմը ներկայացուցչական չէր։ Գրեթե բոլոր ներկաները սկզբունքորեն տարաձայնություններ են հայտնել տարբեր կետերի վերաբերյալ։ Բնակարանի ձեռքբերման համար 3 միլիոն դրամ գումարի վերաբերյալ հիմնավորումն այն էր, որ 2023-ին Կադաստրի պետական կոմիտեում գրանցված առքուվաճառքի երկրորդային շուկայում մեկ քմ միջին գինը 200,000 դրամից ավելի չէ։ Հաշվել են, որ 15 քմ-ն բավարար է մեկ անձի համար։ Բայց այդ հաշվարկն իրականում չի արտացոլում երկրորդային շուկայի պատկերը։ Մենք առաջարկել ենք մտնել առցանց հարթակներ և ուսումնասիրել շուկան։ Ինքս ուսումնասիրել եմ միջին գինը մարզային համայնքներում՝ Երևանից նույնիսկ տասնյակ կիլոմետրեր հեռավորության վրա։ Միջին վիճակում գտնվող տների գինը 320-500 հազար դրամ է։ Այսինքն՝ Արցախի ներկայացուցիչների կարծիքը բավարար չափով հաշվի չեն առել»։

«Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ նախագահ Արմեն Ասրյանը մտահոգություն հայտնեց՝ մեր առաջարկները չընդունել, հետո հայտարարել, որ քննարկել են, նշանակում է, որ մեր տեսակետները լսել ու հաշվի չեն առել, հետո հայտարարել են, որ քննարկել են։ Բայց դա չի նշանակում, որ քննարկել են։ Քննարկել կլինի այն, որ նաև մեր տեսակետը հաշվի առնեն․ «Համաձայն նրանց կողմից տարածված տեղեկությունների՝ շարունակվելու է 40+ ծրագիրը, սակայն ձևափոխված։ Արտահոսք կա արդեն տեղեկությունների, որ հետագայում թոշակառուներն ինչ-որ գումար կստանան ու անչափահասները, իսկ մնացածը, հաշվի առնելով, որ ի վիճակի են ինքնուրույն աշխատել, չեն ստանա գումար։ Թոշակառուների թոշակները հազիվ բավարարեն իրենց նվազագույն կարիքների համար․ այնպես չէ, որ բոլոր ընտանիքներն ունեն շատ անչափահաս բալիկներ։ Եթե չշարունակվի 40+10 ծրագիրը, մենք կրկին մեծ ալիք ենք ունենալու տեղահանվելու»։

Հարցին՝ այս պահին ՀՀ-ն քանի՞ արցախցի է լքել, Արմեն Ասրյանն ասաց՝ այդպիսի վիճակագրական տվյալների չի տիրապետում․ «Մամուլից ենք լսում տեղեկություններ․ մոտ 30,000 են ասում։ Եթե այս ծրագիրը վերջնական իրենք գործի դնեն, մենք ունենալու ենք ավելի շատ Հայաստանը լքողներ»։

Արտակ Բեգլարյանն էլ այդ մասին ասաց․ «Միայն իշխանությունները կարող են այս մասին հստակ ասել։ Ակնհայտ է, որ մեր սոցիալական կապերը հաշվի առնելով, մեր ստացած տեղեկությունների հիման վրա կարող ենք ասել, որ այդ թիվը բավականին մեծ է, և աճի միտումն էլ ակնհայտ է՝ հատկապես այս տիպի սոցիալական ու բնակարանային ծրագրերի պարագայում։ Մենք լուրջ մտավախություն ունենք, որ գարնանն արտագաղթի ճանապարհն ընտրող մարդկանց թիվը կտրուկ աճելու է, եթե էական բարելավումներ չլինեն և մեր առաջարկները հաշվի չառնվեն»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031