Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է գնորդը եւ ի՞նչ հանգամանքներում է նախատեսվում իրականացնել այս ծրագիրը

Մարտ 13,2024 12:30

Ինչու էին վարդենուտցիները փակել գլխավոր ճանապարհը

Մարտի 10-ին՝ կիրակի օրը, լարված իրավիճակ ստեղծվեց Արագածոտնի մարզում։ Երեւան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ափնա գյուղի վարչական տարածքում, Վարդենուտ գյուղի 300-ից ավելի բնակիչներ ի նշան բողոքի փակեցին գլխավոր ճանապարհը։ Նրանք տարածքում աշխատող մեր գործընկերներին ասել էին, որ կառավարության վարած քաղաքականության պատճառով գյուղը կանգնած է դատարկվելու շեմին։ «Ինչ-որ «ՌԻՏ» ՍՊԸ որոշել է ողջ գյուղի բերրի հողերը գրոշներով իրենով անել՝ պատճառաբանելով, թե ստեղծում է էկոգյուղ, որտեղ լինելու է նաեւ դահուկավազքի եւ լեռնադահուկային համալիր, այդ թվում նաեւ՝ ճոպանուղի»:

Գյուղաբնակներին վրդովեցրել էր այն, որ այս ամենն արվել է առանց իրենց իմացության, առանց իրենց հետ հարցը քննարկելու…

Հողամասերի սեփականատերերը բազմիցս խնդիրը բարձրաձայնել են: Դեռ անցյալ տարի՝ 2023թ. դեկտեմբերի 19-ին դիմում է ուղարկվել վարչապետին, որը, սակայն, վերահասցեագրվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, որտեղից էլ՝ 2023 թ. դեկտեմբերի 28-ին, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանից ստացված գրությամբ հայտնել են, թե՝ «կառավարության որոշումը՝ հանրության գերակա շահ ճանաչված տարածքների օտարման գործընթացն իրականացվում է ՀՀ օրենսդրության դրույթներին համապատասխան»:

Ի՞նչ պարզեց «Առավոտը» վարդենուտցիների հետ առանձին զրույցների ժամանակ:

Վարդենուտցիներին եկամտի միակ աղբյուրից զրկում են, պատճառաբանելով, թե ցանկանում են խթանել զբոսաշրջության զարգացմանը: 2023 թվականի սեպտեմբերի 14-ի կառավարության որոշմամբ՝ Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի հողատարածքներից 110 հեկտար հողատարածք հանրային գերակա շահ է ճանաչվել: Գյուղատնտեսական նշանակության այս տարածքներում նախատեսվում է կառուցել ամառային, ձմեռային զբոսաշրջային, լեռնադահուկային, էկոգյուղատնտեսական արտադրության կենտրոն, ինչպես նաեւ՝ ջրամբարի կառուցում:

Հարկադրված գործազրկություն՝ ի շահ զբոսաշրջության զարգացմա՞ն

Արդեն իսկ հայտնի է, թե ով է գնորդը. գնորդը «ՌԻԴ» ՍՊԸ-ն է, ով Վարդենուտի բնակիչներին 1 քմ-ի համար առաջարկում է 260-300 ՀՀ դրամ վճարել, կարեւոր հարցերից է, թե արդյո՞ք առաջարկվող գումարը համարժեք է շուկայական արժեքին կամ որքանով է արդարացի հողատարածքների սեփականատերերին, որոնց մեծամասնության եկամտի միակ աղբյուրը հանդիսանում է հողագործությունը՝ փաստացի գործազրկության մատնել:

Վարդենուտ գյուղի բնակիչների պնդմամբ՝ սեփական հողամասից զրկվելու եւ նմանատիպ նոր հողամասեր ձեռք չբերելու պարագայում լրջագույն խնդիր են դառնալու գյուղատնտեսական վարկերի մարումները, ինչն էլ իր հերթին ծանր հարված կհասցնի երկար տարիների քրտնաջան աշխատանքով ստեղծված տնտեսություններին…

Այս տարվա հունվարի 18-ին հողամասերի սեփականատերերը կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացրեցին: Հիշյալ օրը էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն ընդունել է հողամասերի սեփականատերերին, ապա վստահեցրել, որ առաջիկայում հանդիպում կկազմակերպեն, որտեղ հնարավորություն կընձեռվի հողամասի սեփականատերերին ներկայացնել վերահաս վտանգի առջեւ կանգնելու իրենց մտահոգությունները: Անցել է մեկուկես ամիս՝ «Ձայն բարբառոյ անապատի»:

Հատկանշական է, որ այս ամենի վերաբերյալ փետրվարի 28-ին ԱԺ ամբիոնից վարչապետ Փաշինյանն ի պատասխան ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին՝ հայտարարեց, թե խնդրի մասին ինքն առաջին անգամ է լսում եւ որ բարձրացված հարցն անարձագանք չի մնա, ապա ուղղորդեց էկոնոմիկայի նորանշական նախարարին զբաղվել հարցով:

Վարդենուտցիներից մեզ հայտնեցին, որ հանրային գերակա շահ ճանաչված հողերի սեփականատերերին պայմանագրերի նախագծեր են ուղարկվել, իսկ հողամասերի համար սահմանված ենթադրյալ գումարները փոխանցվել են դատարանի դեպոզիտ հաշվին, զուգահեռ նաեւ սպառնացել՝ չհանձնվելու դեպքում դատական գործեր կնախաձեռնեն: Այսինքն, ըստ էության, մենք գործ ունենք սեփականության դեմ ոտնձգության, սեփական միջոցների տնօրինման անհնարինության, կամ՝ ՍՊ ընկերություններից մեկի կողմից անօրինական, հակասահմանադրական գործողությունների հետ:

Հողատարածքների սեփականատերերի համար առաջարկվող գումարը ընդունելի տարբերակ չէ եւ այս ամենը խորը մտահոգության եւ վրդովմունքի պատճառ է դարձել: Վարդենուտցիները պնդում են, որ իրենց հարցումների արդյունքում պարզել են, որ առաջարկվող գնով հնարավոր չէ ոչ իրենց գյուղում եւ ոչ էլ հարեւան գյուղերում հողատարածք ձեռք բերել, գնել եւ որ իրենց դրդում են ծայրահեղ քայլերի, արդյունքում, այս ամենը հանգեցնելու է գյուղը լիարժեք դատարկվելուն:

Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ «ՌԻԴ» ՍՊԸ-ի առաջարկած շուկայական արժեքը (1 քմ-ի դիմաց 260-300 ՀՀ դրամ) հիմնված է «Էքսպերտ Դիալոգ» ՍՊԸ-ի կողմից հողամասերի գնահատման հաշվետվությունների վրա: Ուշադրության արժանի է այն, որ երկու, երեք տարի առաջ այդ հատվածում վաճառված հողատարածքը գնահատվել է այսօրվա առաջարկվող գումարից մի քանի անգամ ավելի:

Վարդենուտցիները ՖԲ իրենց էջերում ներկայացրեցին վիճակը, ուղիղ եթերներով, ասելով. «Կառավարությունը թող կազմի հանձնաժողով, պատասխանի, թե մեր հողերն այդպիսի՞ արժեք ունեն: Քառասուն-հիսուն տարի քարեր ենք հավաքել, մշակել, հնարավո՞ր է անջրդի լինի հողը, գրում են՝ քարքարոտ հող, մասնագիտական գնահատական տրվի, նկարագրական արձանագրություններում տրվի իրական պատկերը: Մենք ակնկալում ենք օրինական լուծում: Եթե մեր հարցը լուծում չստանա, կդառնանք գաղթական…»:

Մարդիկ հարցնում էին՝ «Սերունդներին ինչ ենք թողնելու, եթե հող չունենք»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.03.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031