Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ որ լեգիտիմ մերն է, ստանալու համար պետք է պատրաստ լինենք տալ այն, ինչ լեգիտիմ մերը չի»․ Փաշինյանը հանդիպել է Կիրանցի բնակիչներին

Մարտ 19,2024 12:33

«Ճիշտ մոտեցումը 1991 թվականի քարտեզներով առաջնորդվելն է»,-այս մասին երեկ Տավուշի մարզի Կիրանց համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի հետ սահմանազատման եւ սահմանագծման հարցերին։

Հիշեցնենք, որ երեկ Փաշինյանն այցելել էր Տավուշի մարզ, հանդիպել Ոսկեպարի, Բաղանիսի եւ հարակից գյուղերի բնակիչների հետ։ Հանդիպման թեման Տավուշի մարզի 4 գյուղերն են եղել։ Փաշինյանը գյուղացիներին ասել է, որ այդ գյուղերը պետք է հանձնվեն։ Հիշեցնենք, որ խոսքը Բաղանիս-Այրում, Աշաղը Ասքիփարա, Խեյրիմլի և Ղըզըլհաջիլի գյուղերի մասին է։
«Այսօր մեր խնդիրը տարածաշրջանի մի շարք երկրների հետ այն է, որ մենք ուզում ենք, որ նրանք համաձայն պայմանավորվածության, ճանաչեն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Բայց եթե մենք ուզում ենք, որ ուրիշները ճանաչեն, նախ մենք ինքներս պետք է ճանաչենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Եկել եմ ձեզ ասելու, որ սա մեր ապագան կառուցելու միակ տարբերակն է, որ պետք է ճանաչենք ՀՀ տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթիի հռչակագրի հիման վրա։ Այս պահին մենք ոչ մեկի հետ ոչ մի պայմանավորվածություն, որոշում, որից դուք տեղյակ չեք, էդպիսի բան չկա»,-ասաց Փաշինյանը։

Կիրանցի բնակիչներից մեկը հետաքրքրվեց՝ ասացիք անվտանգության համար է, բայց մեր գյուղը կպած է նրանց սահմանին, ցանկապա՞տ է արվելու, պարի՞սպ է լինելու, զինվո՞ր է կանգնելու, ո՞նց եք մեր ժողովրդի անվտանգությունը ապահովելու։

Ի պատասխան այս հարցի, Փաշինյանն ասաց, որ բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանը չի տա այսօր, ոչ այն պատճառով, որ չգիտի կամ պատկերացում չունի, այլ այդ հարցերի պատասխանները պայմանավորվածություններով պետք է ձեւակերպվեն եւ միայն հայկական կողմից չեն կախված․ «Մի բան կարող եմ ասել՝ մենք կարող ենք գնալ լուծումների առնվազն որոշակի վստահության մակարդակ ունենալով, որ մենք այդ անվտանգությունն ապահովելու ենք։ Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինենք սահմանով։ Սահմանը իրավական պարիսպ է կառուցում։ Սահմանագծման ամենակարեւոր արդյունքը կարող է լինել այն, որ զորքերը դիրքերը թողնեն ու նրանց փոխարեն գան սահմանապահները, որովհետեւ այնտեղ՝ որտեղ կանգնած են սահմանապահները, իրար վրա կրակելն ընդունված չէ, այսինքն, այդ հատվածում վեճ չկա։ Կրակում են, որովհետեւ վեճ կա։ Եթե վեճ չկա, կրակելու իմաստը չկա։ Եթե սահմանը գծենք, ֆիքսենք եւ ապահովենք, որ գյուղերի բնակիչների միջեւ բախումներ տեղի չեն ունենա, եւ առիթները դրա բացառենք։ Կրակելը դառնում է անիմաստ՝ եթե երկիրը երկրին պատերազմ չի հայտարարում։ Իսկ տեսականորեն, եթե դու ունես սահման, դու ունես պարիսպ՝ իրավական, որը երկրի որոշելու հարցն է՝ ինքն ուզո՞ւմ է այդտեղ ֆիզիկական պարիսպ ունենա, թե՞ չի ուզում։ Կարող է իրավիճակը լինի այնպես, որ մենք իրար հետ որոշենք, որ դա պետք է, կարող է լինի այնպես, որ որոշենք պետք չի»։

Մեկ այլ բնակիչ էլ այսպիսի հարց ուղղեց Փաշինյանին՝ երկու ամիս առաջ գուգլի քարտեզով սահմանն իմ տան միջով էր անցնում, հիմա փոխել են հիսուն մետր մի քիչ իջեցրել են, հիմա զորքն եկավ կանգնեց ե՛ւ հայկական, ե՛ւ ադրբեջանական, ես էդ տանը ո՞նց կարամ ապրեմ։

Փաշինյանն այս հարցին ի պատասխան ասաց՝ մենք առաջիկա աշխատանքի եւ բանակցությունների արդյունքում պետք է սեղանին դնենք նաեւ ձեր հարցը, ասենք՝ էս մարդը իրա տանը ո՞նց է ապրելու, ի՞նչ երաշխիքներ ենք տալիս․ «Ու դա արդեն էն հարցը պետք է լինի, որ ոչ թե Հայաստանի կառավարությունը պետք է պատասխանի, Ադրբեջանն էլ պետք է պատասխանի։ Ես հիմա եկել եմ ոչ թե ձեր հարցին պատասխանելու, այլ ձեր հարցը վերցնելու ինձ հետ տանելու եւ այդ ողջ սահմանագծման աշխատանքի օրակարգի սեղանին դնելու, եւ ասելու՝ էս մարդու հարցին պատասխանեք։ Ընդ որում, մենք գալու ենք այդ հարցին անկեղծ պատասխանելու ենք։ Ասենք՝ հարգելի պարոն Սիմոնյան, այսօրվա դրությունը հետեւյալն է՝ դուք ձեր տանը կարողանալու եք հանգիստ ապրել, որովհետև Ա, Բ, Գ, ու պայմաններ ենք նշելու, որից հետո ձեր արձագանքն ենք լսելու»։

Կիրանցի վարչական ղեկավարն էլ հարց ուղղեց՝ էդ ամեն ինչը հասկանալի է, մենք մեր երեխաների, թոռների համար պետք է ունենանք խաղաղություն, ապագա, սահմանագծումը, խաղաղությունը գնում է դրան, ոչինչ, որ Կիրանցում մի քիչ նեղություն կլինի, եւ այլն։ Էսօր եթե Խրմբլուն եկավ էստեղ, մենք կարալո՞ւ ենք գնանք Օդնդաղի գլուխ, որը Բերքաբերի հողերն են։

«Ես ասացի, եթե մենք ուզում ենք, որ հետեւողականորեն ամուր պահանջենք, որ ինքը տա, պետք մենք գանք՝ կանգնենք մեր սահմանի դիրքերից»,-պատասխանեց Փաշինյանը։ Նրա խոսքով՝ ինչքան Ադրբեջանն է հարց բարձրացնում, մենք էլ բարձրացնում ենք մեր 31 գյուղերի հարցը, դրա մեջ մտնում է Բերքաբերը, Վազաշենը, Պառավաքարը, Այգեհովիտը․ «Ընդդիմությունն ասում է՝ Տավուշի մարզի գյուղերն ուզում ա տա։ Տավուշի մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է էդ գյուղի վարչական ղեկավարը, ուզում եմ իրա հետ ծանոթանամ։ Տավուշի մարզում Ասքիփարա անունով գյուղ կա՞, էդ գյուղի բնակիչներն ովքե՞ր են, ուզում եմ գնամ իրենց հետ էլ հանդիպեմ։

Էն, ինչ որ լեգիտիմ մերն է, ստանալու համար մենք պետք է պատրաստ լինենք տալ այն, ինչ լեգիտիմ մերը չի։ Պայմանավորվածությունը հետեւյալն է՝ 1991 թվականի Ալմա-Աթիի հռչակագրի հիման վրա ՀՀ ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են։ Այսինքն, իրականում ճիշտ մոտեցումը 1991 թվականի քարտեզներով առաջնորդվելն է։ Ես եկել եմ տեղյակ պահելու եւ խնդրելու, որ մեզ այդ բարոյական եւ քաղաքական հնարավորությունը տաք, որ մենք այս ճանապարհով գնանք»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031