Լրահոս
Օրվա լրահոսը

Գետավանի հուշարձանն՝ ադրբեջանական վանդալիզմի թիրախ

Մարտ 22,2024 23:30

Օկուպացված Արցախի Մարտակերտի շրջանի Գետավան գյուղում ադրբեջանական կողմը ոչնչացրել է Գետավան գյուղի ինքնապաշտապանության համար զոհված գետավանցի ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշարձանի պատին ամրացված հուշատախտակները: Սա երևում է տեսանյութի վերջին մասում:

Գետավանի հուշարձանը պաշտոնապես բացվել է 2016 թվականի:

Հուշարձանի կենտրոնում տեղադրված էր քանդակագործ Վարազդատ Համբարձումյանի կերտած խաչքարը, որը ևս ոչնչացվել է: Հարկ ենք համարում նշել, որ սա վարպետի նմանօրինակ միակ աշխատանքը չէ Արցախում։ «Թուր-խաչերը» կամ «սահմանային խաչերը» Վարազդատ Համաբարձումյանի նախաձեռնությամբ Ազատագրական պատերազմից հետո սկսեցին տեղադրվել Արցախի պահպանական գոտիներում՝ սահմանները ցուցելու և հաղթանակը խորհրդանշելու համար, հետո լայն տարածում գտան ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում։

Այստեղ «Թուր-խաչի» հորինվածքում հանդես է գալիս թուրը, որը կարծես քառաթև թուր լինի, այսինքն մենք չենք տեսնում սովորական թուր, որն ունի դաստակ, հորիզոնական բաժանարար և սայր. վարպետը կարծես փորձել է պատկերել նրա ուժն ու զորությունը բոլոր ուղղություններով։ Վարպետի խոսքերով «խաչը թուր է դառնում երբ հայրենիքը վտանգի մեջ է»։

Մեր արձագանքը

Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է, որ օկուպացված տարածքներում գործող օրենքները՝ ներառյալ մշակութային արժեքների պաշտպանության դրույթները,  ձեռք են բերել միջազգային սովորութային իրավունքի (infra Jurisprudence) կարգավիճակ, այսինքն գործում են որպես համընդհանուր և անշրջանցելի կանոն և պարտադիր են  բոլոր պետությունների համար։

Կարևոր է նշել, որ խաչքարերի թիրախավորումը հատկապես արգելված գործողություն է և համարվում է ծանր հանցագործություն ուղղված ողջ մարդկությանը, քանզի «Հայկական խաչքարերի արվեստը. խաչքարերի սիմվոլիզմն ու վարպետությունը» 2010 թվականից ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2003 թ. ընդունված «Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում» և համարվում է համամարդկային արժեք։

Խաչքարային մշակույթը լրացուցիչ պաշտպանություն ունի նաև պատերազմի ժամանակ և դրանից հետո։ Ի մասնավորի, համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված երկրորդ արձանագրության սկզբունքների, խաչքարային ողջ մշակույթն ունի ուժեղացված պաշտպանություն, և դրան հասցված ցանկացած վնաս, համաձայն արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, «լուրջ խախտում» է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում։

 

MONUMENT WATCH

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031