Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկախ ձերբակալություններից՝ շարունակելու ենք բարձրացնել բնակչության ինքնապաշտպանության մակարդակը». Ռուբեն Դալլաքյան

Մարտ 24,2024 17:05

Բերման ենթարկվածների թիվը հասել է 49-ի, սակայն «Մարտական եղբայրության» անդամները չեն ընկրկում: Նրանք հասել էին Ոսկեպար: Aravot.am-ի հետ զրույցում «Մարտական եղբայրության» անդամներից Ռուբեն Դալլաքյանը  հետեւյալը նշեց. «Կարծես  բոլորին ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով են բերման ենթարկել: Հատուկ ուզում ենք նշել, որ դա հնարավոր է պարզել հենց տեղում, մի քանի րոպեի ընթացքում ու մարդկանց բաց թողնել: Բայց ոստիկանությունը չարաշահում է իր իրավասությունները եւ 3 ժամ տանում-պահում է մարդկանց, հատուկ ավելի երկար է պահում՝ հստակ նպատակ ունենալով խոչընդոտել կազմակերպված միջոցառումը: Ընդ որում, որոշ մարդկանց պարագայում այդ 3 ժամը խախտվում է»:

Մեր զրուցակիցը հավելեց, որ, այնուամենայնիվ, իրենք մի քանի մեքենաներով հասել են Ոսկեպար. «Ճանապարհներին ամեն տեղ կային ոստիկանության մեքենաներ, մենք գյուղի կողքով մտանք Ոսկեպար: Հանդիպեցինք եւ խոսեցինք տեղի բնակչության հետ, հստակ մեր ուղերձը տեղ հասցրինք: ՀՀ կառավարությունն ի դեմս Փաշինյանի՝ վախեցնում է ժողովրդին թշնամական զորքով եւ պատերազմով, դրան գումարած ոստիկանությունը կոնկրետ ճնշումներ է կիրառում բնակչության հանդեպ, վախեցնում է, խոչընդոտում է, որ չմասնակցեն մեր կրթական պարապմունքներին, մյուս կողմից մենք ենք աշխատում, փորձում ենք բարձրացնել տեղի բնակչության ինքնապաշտպանության մակարդակը: Այսինքն՝ կառավարությունը փորձում է վախեցնել,  խոչընդոտում է մարդկանց սեփական անձը պաշտպանելու իրավունքի իրացմանը»:

Ռուբեն Դալլաքյանը նաեւ հավելեց, որ մարդիկ թե՛ Ոսկեպարում, թե՛ Բաղանիսում պատրաստ են պաշտպանել տունը, շատ լավ գիտակցում են, թե ինչ նշանակություն ունեն այդ տարածքները ոչ միայն իրենց, այլեւ ողջ Հայաստանի Հանրապետության  համար: «Ասում են, բայց մեզ պետք է թիկունք, իսկ «Մարտական եղբայրությունն» այն կառույցն է, որ մեկ տարի աշխատում է իրենց հետ, պատրաստ է մինչեւ վերջ կանգնել բնակիչների կողքին: Այսօր եւ նախորդ անգամներին ոչ միայն Երեւանից կան մասնակիցներ, այլեւ ողջ Հայաստանից՝ Մեղրիից, Կապանից, Լոռուց, Արարատի մարզից: Մենք փորձում ենք ապահովել ամբողջ Հայաստանի ներգրավվածությունը: Եվ ամենակարեւորը՝ անկախ բերման ենթարկվելուց, ձերբակալություններից, մենք շարունակելու ենք մեր գործունեությունը:«Մարտական եղբայրության» կորիզը այն տղաներն են, ես էլ իրենց թվում, ովքեր մասնակցել են 2020թ պատերազմին եւ տարբեր ժամանակներում՝ մարտական գործողություններին, տղաներ կան, որ Արցախում են եղել մինչեւ 2023 թ․, այնտեղ են կռվել: Այսինքն, մարդիկ են, որոնք պայքարից չեն վախենում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031