Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուբեն Վարդանյանի գործունեությունը, որը բացառապես օրինական է եղել, Ադրբեջանի կողմից ընկալվել է որպես հակաադրբեջանական․ սա նրան դարձնում է քաղբանտարկյալ»

Մարտ 29,2024 15:25

44-օրյա պատերազմից հետո հայկական կողմն ունեցել է շուրջ 280 գերեվարված անձ։ Նրանցից 208-ը վերադարձվել են, 80 մարդու տվյալ չի հաստատվել, եւ այս պահին վերադարձի ենթակա չեն։ 2020-2023 թվականներին ժամանակահատվածում հայկական կողմն ունեցել է 5 գերեվարված անձ, որոնք դեռեւս պահվում են Ադրբեջանում։ Այս մասին «Արցախի նկատմամբ 2023 թվականի սեպտեմբերյան հարձակումների ընթացքում ադրբեջանական ռազմավարությունը, Արցախից բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքը, հայերի կամայական ազատազրկումներն Ադրբեջանում եւ Հայաստանի սահմանային անվտանգության մարտահրավերները» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

«2023 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի պարագայում մենք ունենք ավելի շատ հաստատված գերեվարման դեպքեր, կարծում եմ՝ սա մոտեցման փոփոխություն էր, որ 2023 թվականի պատերազմի հետեւանքով գերեվարվածներին շատ ավելի ակտիվորեն հաստատեց Ադրբեջանը՝ առանց սպասելու ապացույցների կամ միջազգային հայցերի»,- ասաց նա։

Ըստ Սահակյանի՝ քաղաքական լուրջ աջակցության պարագայում կարելի է Ադրբեջանին ճնշել պատժամիջոցների գործիքակազմով։ «Իհարկե, այս հարցով իրավապաշտպանները համագործակցում են եվրոպական, եւ ԱՄՆ իրավասու կառույցների հետ, սակայն շատ դժվար է միջազգային կառույցներին համոզել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ այն պարագայում, երբ այդ ջանքերին չի աջակցում ՀՀ-ն որպես պետություն։ Ուստի, տեսական հնարավորությունը գոյություն ունի, սակայն դրա կիրառման քաղաքական նախադրյալներն են թույլ։ Իրավական հիմքերը շատ հստակ են, դրա առնչությամբ նույնպես աշխատանք ենք իրականացրել, ունենք դիմումներ՝ ներկայացրած Եվրոպական միությանը, առաջիկայում նաեւ ԱՄՆ-ում ֆորմալ գործընթաց կնախաձեռնվի։ Ադրբեջանին որոշակի սպառնալիք կարող է ներկայացնել նաեւ Միջազգային քրեական դատարանը, բայց կրկին, եթե ՀՀ-ն խոսում է ընթացող միջպետական գանգատներից հրաժարվելու մասին, շատ քիչ հավանական է, որ նման պայմաններում Հայաստանն իրավիճակ կհղի քրեական դատարան՝ այնտեղ բարձրաձայնելով իր հետ բանակցությունների նստող քաղաքական եւ ռազմական ղեկավարության անհատական քրեական պատասխանատվության հարցը։ Մենք կարծում ենք, որ փաստերն ուժեղ են, եւ դրանք նույնիսկ կարող են հիմք ծառայել միջազգային քրեական դատարանի այդ ծանրաշարժ մեխանիզմը գործարկելու համար»,- նշեց Սիրանուշ Սահակյանը։

Նա անդրադարձավ նաեւ հարցին, թե արդյոք Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ունի՞ քաղբանտարկյալի կարգավիճակ՝ հաշվի առնելով, որ նա չի մասնակցել Արցախի Հանրապետության ձեւավորմանը եւ միաժամանակ ռազմական գործիչ չէ։ «Այո, այստեղ այս տարբերակիչ հատկանիշը կա, որ Ռուբեն Վարդանյանը զինվորական չէ։ Նաեւ ի սկզբանե ինքնորոշման իրավունքի պայքարի ակունքներում կանգնած չի եղել, սակայն մենք հստակ ունենք հատկանիշ, որ վերջինս պետական պաշտոն զբաղեցնելով՝ հրավիրել է միջազգային հանրության ուշադրությունն Արցախի ինքնորոշման խնդրի վրա։ Ավելին, իր անձով պայմանավորված՝ հարցին տվել է մեծ միջազգային հնչեղություն։ Եվ, ինչո՞ւ ոչ, մենք նաեւ տեսնում ենք, որ Ադրբեջանի ղեկավարն ընդգծված դեմ վերաբերմունք է ունեցել հենց Ռուբեն Վարդանյանի մասով։ Չմոռանանք, որ որոշ գործողությունների նախապայման է դրվել հենց Ռուբեն Վարդանյանի հրաժարականը։ Առնվազն Ադրբեջանի կողմից Ռուբեն Վարդանյանի գործունեությունը, որը բացառապես օրինական է եղել, ընկալվել է որպես հակաադրբեջանական։ Եվ ես կարծում եմ, որ իր տեսակետների եւ իրականացրած գործունեության հատկանիշով է անձը հետապնդվում, որը նրան դարձնում է քաղբանտարկյալ։ Յուրաքանչյուրի գործունեությունն ունի առանձնահատկությունները, բայց կարծում եմ՝ ընդհանրությունն այն է, որ նրանք իրենց օրինական, թույլատրելի գործունեության համար են ենթարկվում պատժի, վրեժխնդրության։ Իսկ այդ գործունեությունն Ադրբեջանի կողմից ընկալվել է որպես ի շահ Արցախի եւ հակաադրբեջանական»,- հավելեց Սիրանուշ Սահակյանը։։

Մարտի 28-ին պլանավորվում էր Ադրբեջանի կողմից Բաքվի բանտերում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերաբերյալ ֆիլմի հրապարակումը, որը չեղարկվեց։ Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ ժամանակակից պատերազմները չեն ընթանում միայն մարտի դաշտում, մենք նաեւ քարոզչական պատերազմի մեջ ենք Ադրբեջանի հետ։ «Եվ պետք է մեծացնել մեդիագրագիտությունը, որպեսզի բնակչությունն ավելի խելամիտ գտնվի այդ տեղեկատվությունը սպառելու հարցով։ Ադրբեջանը հստակ սպասումներ ձեւավորեց հայ հասարակության մոտ, որ սկանդալային եւ շատ մեծ կարեւորություն ներկայացնող հարցազրույցներ են դիտելու, բայց վերջնարդյունքում փոխանակեց այդ սպասումներն ու էմոցիաները, եւ մենք ընդամենն ունեցանք 17 րոպե տեւողությամբ մի տեսանյութ, որն ավելի շատ միտված էր իրենց Ազգային անվտանգության ծառայության հարյուրամյակին։ Եվ այսօր արդեն տեսանք պաշտոնական պարզաբանում, որ խնդիրը միայն հարցազրույց ունենալը չէ, այլ նաեւ հարցազրույցը ճիշտ ժամանակին հեռարձակելն է։ Այսինքն՝ նրանք ոչ թե առհասարակ մերժում են սպասված տեսանյութի ցուցադրությունը, այլ ընդամենը հարցականի տակ են դնում ընտրված պահը։ Կարծում եմ, որ այդ նյութերը սպառելուց եւ վերարտադրելուց առաջ հասարակությունը պետք է կարողանա լսել մասնագիտական կարծիքներ, որոնք հստակ պարզաբանում են տեսանյութերի կամ այդ տեղեկատվության ծագումնաբանությունը, նպատակը։ Եվ այդ ինֆորմացիան արդեն պետք է ֆիլտրված սպառվի մեր հասարակության կողմից»,- նշեց Սահակյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031