Երևանում ներկայացվեց Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգության հավաքագրման, պահպանման և հանրայնացման նպատակով ստեղծված «Արցախյան մշակույթի թվային տուն»՝ artsakhian.org հարթակը։ Այն ստեղծվել է Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության նախաձեռնությամբ՝ Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության աջակցությամբ։
2023 թվականի սեպտեմբերին Արցախի հայ բնակչության բռնի տեղահանումից հետո խաթարվեց նաև մշակութային ժառանգության բնական փոխանցման շարունակականությունը։ Բարբառը, բանահյուսությունը, ծեսերն ու սովորույթները, երգն ու երաժշտությունը, ավանդական գիտելիքն ու առօրյա մշակույթի բազմաթիվ դրսևորումներ, որոնք սերնդեսերունդ փոխանցվել են իրենց բնական միջավայրում, այսօր պահպանման և փաստագրման առանձնահատուկ կարիք ունեն։
«Մեզ համար կարևոր էր, որ Արցախը թվային աշխարհում ներկայանա իր ստեղծած մշակույթով։ Այս թվային տանը ամեն բան իրար հետ կապված է՝ լեզուն, հիշողությունը, մարդիկ, պատմությունները, և այստեղ Արցախի մշակույթը ներկայացվում է ոչ թե որպես անցյալի փակված պատմություն, այլ որպես կենդանի մշակույթ», – նշեց «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության փոխտնօրեն, նախագծի ղեկավար Նարինե Աղաբալյանը։
«Արցախյան մշակույթի թվային տուն» հարթակի կառուցվածքը ձևավորվել է՝ առաջնորդվելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության հինգ հիմնական ոլորտներով։ Այն ներառում է Արցախի բանավոր ավանդույթներն ու բանահյուսությունը, կատարողական արվեստները, ծեսերն ու տոները, բնության վերաբերյալ ավանդական գիտելիքն ու արհեստները։ Հարթակը նաև թվային շտեմարան է՝ գրադարանով, տեսադարանով, պատկերադարանով, ձայնադարանով և բառարանով։
Կարդացեք նաև
Հարթակի ստեղծման գիտական թիմի անդամ Լեռնիկ Հովհաննիսյանը հատկապես ընդգծեց այս աշխատանքի նշանակությունը Արցախի մշակութային ժառանգության նկատմամբ առկա սպառնալիքների համատեքստում։ «Հատկապես այս վերջին իրադարձությունների ֆոնին, երբ Ադրբեջանը վարում է մշակութային էթնոցիդի քաղաքականություն՝ ջնջելով հայկական հետքը Արցախում, այս հարթակով մենք կարողանում ենք ներկայացնել մեր հայրենիքը, որպեսզի Արցախի մասին խոսքը, Արցախի մասին յուրաքանչյուր էջ բաց լինի բոլորիս համար, և այդ էջը երբեք չփակվի», – ասաց Լեռնիկ Հովհաննիսյանը։
Շնորհանդեսի ընթացքում ներկայացվեցին հարթակի ստեղծման գաղափարը, կառուցվածքը, բովանդակային սկզբունքներն ու հետագա զարգացման ուղղությունները։
Նախաձեռնության հեղինակները նաև կոչ արեցին արցախցիներին, հետազոտողներին և անձնական արխիվներ ունեցող ընտանիքներին կիսվել իրենց մոտ պահպանվող լուսանկարներով, տեսանյութերով, ձայնագրություններով, պատմություններով և այլ նյութերով՝ նպաստելով Արցախի մշակութային հիշողության պահպանմանը։
Հարթակի վերաբերյալ մասնագիտական արձագանքում պատմաբան, մշակութաբան Համլետ Պետրոսյանը կարևորեց աշխատանքի գիտական ճշգրտությունն ու պատասխանատվությունը։
«Մեր հաջողությունը մեր մշակույթը մանրամասն, ճշգրիտ և անկողմնակալ ներկայացնելու մեջ է։ Այս ծանր պայմաններում մասնագիտական մոտեցումը նաև բարոյական չափանիշ է։ Այս հարթակը եզակի աշխատանք է, և ես իսկապես հիացած եմ կատարվածով», – նշեց Համլետ Պետրոսյանը։
Հարթակի հանրային ներկայացմամբ աշխատանքը չի ավարտվում․ «Արցախյան մշակույթի թվային տունը» մտնում է զարգացման նոր փուլ։ Նախատեսվում է շարունակաբար համալրել դրա բովանդակությունն ու թվային շտեմարանները, ներգրավել նոր մասնագիտական և անձնական արխիվներ, բանավոր վկայություններ և այլ նյութեր։ Նպատակն է, որ հարթակը դառնա շարունակաբար աճող, բաց և վստահելի գիտելիքի միջավայր՝ պահպանելով Արցախի կենդանի մշակութային հիշողությունը և փոխանցելով այն հաջորդ սերունդներին։
«Մենք ենք մեր սարերը» թիմ























































