Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԱ նախագահը ցավով նշեց՝ Ակադեմիան նույնիսկ ներառված չէ աշխատանքային խմբերում

Ապրիլ 03,2024 16:04

«Վերջերս եղել եմ ՀՀ վարչապետի մոտ, այդ հարցերը քննարկել ենք՝ Ակադեմիայի հետ խնդիրները և բարեփոխումների մեր տարբերակը։ Վարչապետը երեք անգամ շեշտեց՝ դեռ վերջնական քննարկում չի եղել, վերջնական տարբերակ չի եղել, կառավարության որոշում չկա դեռ։ Եթե վարչապետն ասել է, որ վերջնական քննարկում չի եղել, ուրեմն վերջնական որոշում չի եղել այդ ուղղությամբ»,-ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովի ժամանակ հայտարարեց ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը (լուսանկարում)։

Նա նշեց՝ քննարկումը կազմակերպվել է այն իրավիճակի առիթով, որն այսօր ստեղծվել է կրթության և գիտության ինտեգրման համատեքստում և նպատակ ունի ներկայացնել ընդհանուր դիրքորոշում։

Ակադեմիկոսն ասաց՝ մինչև 2022-ի կեսերը կառավարությունում գիտության և ինտեգրման այլ տարբերակ էր քննարկվում՝ այսինքն՝ ԳԱԱ կազմում խոշորացված գերազանցության կենտրոնների ստեղծման ռազմավարությունը․ «Բոլորն էլ հասկանում էին, որ պետք է գնալ այդ ուղղությամբ։ 9-10 գերազանցության կենտրոններ ստեղծելու մոդել ներկայացրինք, մեզնից պահանջեցին երկուսը։ Եվ երկու կենտրոնների ստեղծման որոշում հաստատեցինք նախագահությամբ և ուղարկվեց ԿԳՄՍՆ։ Բնականաբար, հասկանում եք, որ որոշում կայացնողը մենք չենք, որոշում գրողն էլ, գումար տրամադրողն էլ մենք չենք։ Մենք ընդամենը առաջարկում ենք։

Այդ ժամանակ Գիտության և կրթության նոր օրենքն էր առաջ տարվում, որով ձևավորված էր Ակադեմիայի կազմում խոշոր կենտրոնների ստեղծում։ Այդ օրենքը կառավարությունում ընթացք չստացավ և հետագայում կապված էր նաև ակադեմիական քաղաքի գաղափարի հետ։

Հետո առաջ քաշվեց խոշորացման գաղափարը՝ սկզբից ինստիտուտների մասին խոսք չէր գնում, բնականաբար, բուհերի և ինստիտուտների ինտեգրման, գիտության ու կրթության ինտեգրման։ Այդ առաջարկությունը ես եմ արել, այդ ժամանակ բուհերի հավատարմագրման հանձնաժողովի անդամ էի։ Այդ ժամանակ նախարարությունն ընդունեց ԳԱԱ ներկայացրած տարբերակը՝ գիտության ու կրթության ինտեգրման վերաբերյալ։

Հետո առաջ եկավ մասնակի միավորման առաջարկը, որից հետո միավորման գաղափարը։ Դեկտեմբերին արդեն քննարկվեց կոնկրետ ինստիտուտների հետ կապված հարցը։ Մեր տարբերակը հիմնված է կրթության և գիտության ինտեգրման վրա։ Այսինքն, որ ակադեմիական համակարգում ստեղծվեն խոշոր գիտական կենտրոններ և դրանք միջազգային չափանիշներին համապատասխան համադրվեն բուհական համակարգի հետ։

Իմ ելույթից հետո միակ անդրադարձը նա էր, որ ասացին՝ ակադեմիական միջավայր լիարժեք չի ստեղծվում այդ դեպքում, ինչ-որ մեկն էլ արձագանքեց՝ ուսանողները պետք է զգան, որ այդ ինստիտուտներն իրենցն են, ցանկացած պահի գնան, բացեն՝ մտնեն այդ ինստիտուտները։ Անկախ նրանից՝ այդ ինստիտուտները որտեղ են, այդ ինստիտուտներում անցագրային համակարգեր են աշխատելու, «պրախադնոյ դվոր» չի։

Հետո ներկայացվեց մյուս տարբերակը՝ աշխատակազմի տարբերակը։ Արագ ինչ-որ տարբերակ ներկայացվեց, այդ տարբերակի վրա առնվազն կային 4-5 հարցական նշաններ։ Երբ հարցնում էինք՝ ո՞նց է լինելու, ասում էին՝ հետո կիմանանք։ Չնայած, որ մեր ներկայացրած տարբերակին որևէ առարկություն չկար, արտահայտվեց կարծիք, որ երկրորդն ավելի լավ տարբերակ է և դա պետք է առաջ տանել»։

Աշոտ Սաղյանն ասաց, որ վերջին հանդիպումը եղել է 2023-ի հունվարի 3-ին, երբ բուհերի հետ կապված ընդունվեց որոշում․ «Ինստիտուտների հարցադրմանը եղավ արձագանք, որ կլինի լրացուցիչ քննարկում կամ կներկայացնեն կառավարություն, վարչապետը կորոշի՝ որ տարբերակն են առաջ տանում։ Մինչ օրս ոչ մի քննարկում չի եղել, և հիմա չգիտեմ էլ՝ միգուցե աշխատանքային խումբը լիազորություն էլ չունի։

Վերջերս եղել եմ վարչապետի մոտ, այդ հարցերը քննարկել ենք՝ Ակադեմիայի հետ խնդիրները և բարեփոխումների՝ մեր տարբերակը։ Վարչապետը երեք անգամ շեշտեց՝ դեռ վերջնական քննարկում չի եղել, վերջնական տարբերակ չի եղել։ Կառավարության որոշում չկա դեռ։ Եթե վարչապետն ասել է, որ վերջնական քննարկում չի եղել, ուրեմն վերջնական որոշում չի եղել այդ ուղղությամբ»։

ԳԱԱ նախագահը հայտնեց՝ ԳԱԱ բոլոր ինստիտուտները ներկայացրել են իրենց դիրքորոշումը՝ 30-ից 29-ը։ Դրա հիման վրա նախագահությունն իր դիրքորոշումն է կազմել, և 76 էջանոց փաթեթ ուղարկել են ԿԳՄՍՆ։ Աշոտ Սաղյանն ասաց՝ դրանից երկու շաբաթ հետո նորից շրջանառության մեջ հայտնվեց փաստաթուղթ, որը ներառում է արդեն ինստիտուտների բաշխվածությունը՝ ըստ կլաստերների և աշխատանքային խմբեր ստեղծելը․ «Կարելի է ենթադրել, որ մեր ինստիտուտների առաջարկություններին կամ չեն նայել կամ հաշվի չեն առել։ Արդեն մենք ստացանք ահազանգեր մեր տնօրեններից, որ այդպես չի լինի՝ ոնց որ մեզ մեղադրում էին նաև, որ նախագահությունը «ձեռ է քաշել» ինստիտուտներից, մեզ թողել են ինքնահոսի, առաջարկեցին քննարկենք, գանք ընդհանուր եզրակացության»։

Աշոտ Սաղյանը նաև ցավով նշեց, որ Ակադեմիան նույնիսկ ներառված չէ աշխատանքային խմբերում։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930