Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոտատակ ընկնելով մեծ խաղերի մէջ». Փաշինեանը չի յիշի այն մասին, որ ռուսներն առաջարկում էին Արցախի հարցի լուծումը սառեցնել` կարգավիճակի խնդիրը թողնելով ապագային. «Դրօշակ»

Ապրիլ 08,2024 10:40

Փետրուարի 16-18-ի Միւնխէնի անվտանգութեան համաժողովում Նիկոլ Փաշինեանը յայտարարել է. «Ուքրայինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ»: Իսկ Փետրուար 22-ին, «France 24» լրատուական հեռուստաալիքին տուած հարցազրոյցում, Փաշինեանն ասել է. «Փաստացի Հայաստանը սառեցրել է իր անդամակցութիւնը ՀԱՊԿ-ին»: Նոյն այդ օրերին շրջանառւում են խօսակցութիւններ, իսկ շաբաթներ անց յայտնի է դառնում, որ Հայաստանը Ռուսաստանի սահմանապահ ծառայութեանը պաշտօնական նամակով տեղեակ է պահել սոյն թուականի Օգոստոս 1-ից «Զուարթնոց» օդակայանում վերջիններիս ծառայութիւնը դադարեցնելու մասին: Միաժամանակ տարածւում է այն տեղեկատուութիւնը, թէ սպասւում է Զելենսքիի այցը Հայաստան (այս վերջինը տեղի չունեցաւ․ գուցէ առայժմ): Հարց է ծագումՙ ինչն է ստիպել Հայաստանի իշխանութիւններին կատարելու կտրուկ եւ ամբողջական դիմաշրջում դէպի Արեւմուտքՙ ուղիղ համեմատութեամբ սրելով յարաբերութիւնները Ռուսաստանի հետ: Գուցէ սա իւրատեսակ հաշուետուութիւն-հաւաստիացո՞ւմ է Արեւմուտքին, որն այդ յստակութիւնն է պահանջում քաղաքական ճարպկութիւնների սովոր Հայաստանի վարչապետից: Գուցէ եւ Արեւմուտքն է շտապում հակառուսականութեան նոր ճակատ բացել Անդրկովկասում, երբ Ուքրայինան ակնյայտօրէն տանուլ է տալիս պատերազմում: Եւ արդեօ՞ք Հայաստանի անվտանգութեան, եթէ չասենք, գոյութեան հաշուին խաղարկուող այդ «սենար»-ի մասին չի վկայում Միացեալ Թագաւորութեան ռազմական նախարար Ճէյմս Հիպիի յայտարարութիւնը, թէ Լոնտոնը «կ՛աշխատի եւրաատլանտեան դաշնակիցների հետ` աջակցելու Հայաստանին Ռուսաստանի պատասխան սպառնալիքների դէպքում»:

Ինչպէս ասում են․ «աչքներս լոյս»: Միացեալ Թագաւորութեան նախաձեռնութեամբ եւրաատլանտեան դաշնակիցները կ’աջակցեն Հայաստանին Ռուսաստանի հետ հակամարտութեան մէջ մտնելու դէպքում: Իսկ այդ հաւանականութիւնը ենթադրուո՞ւմ է, թէ հրահրւում․ որեւէ պարագայում այն նոյն մահացու հեռանկարն է Հայաստանի համար: Շատ ծանօթ բան չի՞ յիշեցնում այս ընթացքը: Ռուս-ուքրայինական պատերազմի սկսուելուց 1 ամիս անց` Մարտ 2022-ին, թրքական միջնորդութեամբ Անթալիայում տեղի ունեցան ռուս-ուքրայինական բանակցութիւններ, ձեռք բերուեցին որոշակի համաձայնութիւններ, որոնք յանգեցին նախաստորագրման հանգրուանի, բայց քանի դեռ կողմերը չէին հասցրել վաւերացնել փաստաթուղթը, Քիեւ թռաւ Միացեալ Թագաւորութեան վարչապետ Պորիս Ճոնսընը եւ խոստանալով ամենայն աջակցութիւն` դրդեց հրաժարուելու հաշտութեան պայմանագրի կնքումից եւ շարունակել պատերազմը: Յիշեցնե՞նք Հայաստանի իշխանութիւններին, թէ ինչ վիճակում է այսօր Ուքրայինան:

Այլապէս մի՞թէ Նիկոլ Փաշինեանից լաւ որեւէ մէկը գիտի, թէ ինչ հետեւանքներ են ենթադրում Ռուսաստանի հետ յարաբերութիւնների սրումը եւ աշխարհաքաղաքական բախման պայմաններում այլոց կռուի մէջ ոտատակ ընկնելը:

Փաշինեանը չի յիշի այն մասին, որ ռուսներն առաջարկում էին Արցախի հարցի լուծումը սառեցնել` կարգավիճակի խնդիրը թողնելով ապագային, եւ այս առաջարկի հետ եթէ ինքը համաձայնէր, այսօր Արցախը լինելու էր պահպանուած եւ պաշտԺանուածՙ ապագայում կարգավիճակի լուծման հեռանկարով: Նիկոլ Փաշինեանը, սակայն, պէտք է մերժէր այս բոլորը եւ շարունակէր քայքայել Ռուսաստանի հետ յարաբերութիւնները` յստակ առաջնորդուելով այն նպատակներով, որոնք իրականացնելու համար ստանձնել էր իշխանութիւնը: Նիկոլ Փաշինեանը ռուս սահմանապահներին դուրս է հանում օդակայանից, իսկ մօտ ապագայում նա ընդհանրապէս հրաժարուելու է ռուսական ռազմուժի, այդ թւում` հայ-թրքական սահմանի պաշտպանութիւնն իրականացնող սահմանապահ զօրքի ներկայութիւնից մեր երկրում:

Հայաստանի իշխանութիւնն իր առաջնորդի գլխաւորութեամբ հրաշալի հասկանում է, որ ՀԱՊԿ-ի հետ կապերը խզելուց եւ ռուսական զինուած ուժը մեր երկրից դուրս բերելուց յետոյ Հայաստանը դառնալու է ամբողջովին բաց թրքական ներխուժման համար, հետեւաբար այդ ներխուժման անհրաժեշտութիւնը չի էլ լինելու, առանց դրա էլ Հայաստանն ընկնելու է թուրքական ազդեցութեան տակ: Որպէս Արեւմուտքի եւ ՆԱԹՕ-ի ներկայացուցիչ` հէնց Թուրքիան է մտնելու Հայաստան` իհարկէ, նախ եւ առաջ հետապնդելով Անդրկովկասում Ռուսաստանին փոխարինելու, Զանգեզուրի միջանցքը իր անուերահսկելի հսկողութեան տակ վերցնելու եւ պանթուրանիզմի ճանապարհը գործարկելու նպատակները:

Ոտատակ ընկնելով մեծ խաղերի մէջ` նա այստեղ ներքաշեց նաեւ երբեմնի կայուն, հեղինակութիւն ու յարգանք ներշնչող երկիրը:

Հոդվածն ամբողջությամբ՝ ՀՅԴ «Դրօշակ» պաշտոնաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930